«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2008-09-10 | #165, 2008-09-11 | #166, 2008-09-12


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԿԱ»

Թուրքիայի էներգետիկայի նախարար Հիլմի Գյուլերը հերքել է լուրերը, որ Աբդուլլահ Գյուլի երեւանյան այցելության ժամանակ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կնքվել է համաձայնագիր էլեկտրաէներգիա գնելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է «Սաբահ» օրաթերթը: «Նման պայմանագիր գոյություն չունի: Կան 1980 թվականին եւ դրանից առաջ կառուցված էլեկտրահաղորդագծեր, բայց որեւէ համաձայնագիր գոյություն չունի»,- հայտարարել է թուրք պաշտոնյան` ավելացնելով, որ այդ ուղղությամբ որոշ թուրքական մասնավոր ընկերություններ են բանակցություններ վարել: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, թե Հայաստանը 2009թ.-ից էլեկտրաէներգիա կվաճառի Թուրքիային: Ըստ նրա, այդ մասին քննարկումներ են եղել ՀՀ նախագահի հրավերով Թուրքիայի նախագահի Հայաստան կատարած այցի ժամանակ: Հանդիպումների շրջանակներում նաեւ համաձայնագիր է կնքվել նախարարության եւ թուրքական «Յունիտ» ընկերության միջեւ, որն զբաղվում է Թուրքիա էլեկտրաէներգիայի ներկրմամբ եւ բաշխմամբ: Բացի այդ, ըստ նախարարի, պայմանագիր է ստորագրվել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ի եւ «Յունիտի» միջեւ Կարսի միջով ուղիղ արտահանում իրականացնելու վերաբերյալ, հաղորդում է «Նոյյան տապանը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4