«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2008-09-10 | #165, 2008-09-11 | #166, 2008-09-12


«ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՅՆ ՊԱՐԶ, ԱԶՆԻՎ ԵՎ ԱՆԿԵՂԾ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉ ՏԵՍԵԼ ԷԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՏԵՍԱ ՆԱԵՎ ԲԱՔՎՈՒՄ»

Անկարա վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է նախագահ Գյուլը

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Ինչպես նշել էինք երեկվա համարում, սեպտեմբերի 10-ին կեսօրյա աշխատանքային այցով Բաքու էր ուղեւորվել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նրա այցը, ի տարբերություն երեւանյան այցի, միջազգային հնչեղություն չունեցավ, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումը մնաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Երեւանում ունեցած հանդիպման ստվերում, որքան էլ Ալիեւ-Գյուլ բանակցությունների օրակարգում ընդգրկված լինեին այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Կովկասում հարավօսական պատերազմով առաջացած լարվածությունը, քաղաքական զարգացումներին միջազգային ուժերի միջամտությունը, էներգակիրների անվտանգությունը, «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման վարչապետ Էրդողանի առաջարկը, հայ-թուրքական հարաբերությունները, այդ թվումՙ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպման Ալի Բաբաջանի նախաձեռնությունը, որը նախատեսվում է սեպտեմբերի երկրորդ կեսին անցկացնել Նյու Յորքում:

Ալիեւ-Գյուլ առանձնազրույցից հետո, որը շուրջ մեկ ժամ է տեւել, բանակցությունները շարունակվել են պատվիրակությունների մասնակցությամբ: Բանակցությունների ավարտին մամուլի համատեղ ասուլիսում Ալիեւը անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտությանը: Համարելով այս հակամարտությունը սպառնալիքի հզոր աղբյուր ինչպես Ադրբեջանի, այնպես էլ տարածաշրջանի համար, Ալիեւն ասել է. «Մենք ուզում ենք միջազգային իրավունքի նորմերի հիման վրա հիմնահարցի շուտափույթ լուծումը: Ուզում ենք, որպեսզի վերջ տրվի օկուպացիային: Մենք ուզում ենք հիմնահարցը լուծել խաղաղ ճանապարհով: Դրա համար էլ, չնայած 15 տարվա չկարգավորվածությանը, հետամուտ ենք լինում խաղաղ կարգավորման գործընթացին: Այս ամենով հանդերձ, ակնհայտ է, որ հիմնահարցի կարգավորման հիմքում բացառապես պետք է դրվեն միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները: Պետք է վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն գրավյալ տարածքներից եւ 1 մլն ադրբեջանցի փախստականներ վերադառնան բնակության նախկին վայրեր: Ե՛վ ես, ե՛ւ մեծարգո Աբդուլլահ Գյուլը այն կարծիքին ենք, որ Հայաստանի նոր ղեկավարությունը կշարունակի հիմնահարցի կարգավորմանն ուղղված ջանքերը: Դրա համար առկա են հուսադրող որոշակի գործոններ եւ կա հույս ներշնչող ինֆորմացիա: Ուզում եմ հավատալ, որ շնորհիվ ինչպես Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի, այնպես էլ այլ երկրների ջանքերի, մենք կհասնենք խաղաղության հաստատմանը տարածաշրջանում»:

Ադրբեջանի նախագահին հավելել է Ադբուլլահ Գյուլը. «Այսօր մենք մանրամասն քննարկել ենք Կովկասում ստեղծված նոր իրավիճակը: Այդ առումով ես մանրամասնորեն իրազեկեցի հարգարժան Ալիեւին մի քանի օր առաջ Հայաստան կատարած այցիս եւ այնտեղ Հայաստանի նախագահի հետ ունեցածս հանդիպման մասին: Նա ըմբռնումով մոտեցավ, ուզում եմ նրան հայտնել իմ երախտագիտությունը: Հուսով եմ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կլուծվի երկխոսության, փոխըմբռնման եւ փոխադարձ հանդիպումների եղանակով: Ենթադրում եմ, որ 17 տարի շարունակ չկարգավորվող այդ հիմնահարցի կարգավորման համար նոր հնարավորություն է բացվել: Ես այդ հույսով եմ վերադարձել Հայաստան կատարած այցից: Հավատացած եմ, որ բանակցությունների եղանակով կլուծվի այդ հարցը: Անշուշտ, օկուպացված տարածքների շուտափույթ ազատումը կդառնար այդ ուղղությամբ կատարված շատ մեծ քայլ, իսկ խաղաղության եւ անվտանգության հաստատմամբ տնտեսական արդյունավետ համագործակցության հնարավորություններ կբացվեն այս տարածաշրջանում: Խողովակաշարերը, երկաթուղիները, ինչի մասին արդեն ասել ենք, տարածում կգտնեն ողջ Կովկասում: Դրա համար անհրաժեշտ է ճիշտ գնահատել նոր հնարավորությունը եւ կարգավորել հակամարտությունները, այլ ոչ թե սառեցված վիճակում պահել: Կարծում եմ, տարածաշրջանի երկրները ճիշտ կգնահատեն իրավիճակը եւ կնախընտրեն կարգավորման խաղաղ եղանակները: Ի վերջո գոյություն ունի ՄԱԿ-ի կանոնադրություն: Հետեւաբար կարեւոր է բարի նպատակներով առաջնորդվելը, ինչը կարժանանա ողջ աշխարհի հավանությանն ու աջակցությանը»:

Ալիեւի եւ Գյուլի ելույթներից մեջբերված հատվածները քաղել ենք ադրբեջանական day.az կայքէջից: Ըստ թուրքական աղբյուրների, մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահը գոհունակություն է հայտնել Ալիեւի հետ հանդիպելու առթիվ եւ նշել. «Թեեւ թուրք եւ ադրբեջանցի ժողովուրդները միեւնույն ազգի մասնիկներն են, սակայն ունեն առանձին պետություններ, հետայսու եւ կշարունակվի երկու ժողովուրդների համերաշխությունը»:

Այցի ավարտին ինքնաթիռում նախագահ Գյուլը լրագրողներին ասել է. «Այցը շատ լավ անցավ: Անկարա եմ վերադառնում մեծ գոհունակությամբ եւ լավատեսությամբ: Հիմնախնդիրների կարգավորման այն պարզ, ազնիվ, անկեղծ ցանկությունն ու մրցակցի նկատմամբ հարգանքը, ինչ տեսել էի Հայաստանում, տեսա նաեւ Բաքվում: Մինչդեռ ե՛ւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Ալիեւը կարող էին ասել, որ «հարցը անլուծելի է», սակայն դա չարեցին: Երկուսի մոտեցումն էլ դրական է»: Թուրքիայի նախագահը, ըստ թուրքական հանրային հեռուստատեսության եւ մամուլի, ինքնաթիռում միաժամանակ նշել է, որ «հայերը օկուպացված ադրբեջանական տարածքներից դուրս գալու կամք կդրսեւորեն, եթե Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության հարցում գան վերջնական համաձայնության»:

Թուրքիայի նախագահը Բաքվում, Ալի Բաբաջանի դիպուկ արտահայտությամբ, շոշափել է ադրբեջանական իշխանությունների տրամադրությունները եւ ինչպես ներկայացվում է մամուլում, ստացել է դրական արձագանքներ: Ինչ վերաբերում է հայերին Աբդուլլահ Գյուլի վերագրած «օկուպացված տարածքներից դուրս գալու կամքին», ապա այդ առումով պետք է ասել, որ նրան ուղեկցող Բաբաջանը Բաքու ուղեւորվելուց առաջ NTV-ի հարցին պատասխանելիս նշել էր. «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը չափազանց կարեւոր է մեզ համար, 1915-ի իրադարձությունների հարցը նմանապես, որովհետեւ դա ենթադրում է ցեղասպանության պնդում, ինչը մենք կտրականապես մերժում ենք: Քանի որ մեծարգո Սարգսյանը դրական մոտեցում է ցուցաբերում համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկին, ուստի այդ հարցը թողնում ենք մի կողմ: Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիան կարող է մտածել քայլեր կատարելու մասին, սակայն մենքՙ նախարարներս որոշել ենք արագացնել Երեւանի հետ դիվանագիտական գործընթացը: Դուք կհամոզվեք դրանում, երբ միմյանց հանդիպենք»:

Այլ կերպ, արտգործնախարար Բաբաջանը, ի տարբերություն նախագահ Գյուլի, խոսում է ոչ թե «օկուպացված տարածքներից դուրս գալու հայերի կամքի», այլ հայ-թուրքական դիվանագիտական գործընթացի մասին: Այս պայմաններում հայերի կամքի վերաբերյալ Գյուլի խոսքերը դառնում են Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ հանդիպման Անկարայի նախաձեռնությանը Բաքվի մասնակցությունը ապահովելու միջոց, իսկ հանդիպմանը Երեւանի ներգրավվածությունը դառնում է Հայաստանին Արեւմուտքի ուղեծրում պահելու նկատառում: Թերեւս դա է պատճառը, որ Բաբաջանը եռակողմ հանդիպման մասին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ բանակցելիս, հարկ է համարում իրազեկել ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին, ինչը նա արել է երեկ հանդիպելով Շվեյցարիայում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4