«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2008-09-10 | #165, 2008-09-11 | #166, 2008-09-12


ԱՐՈՆՅԱՆԸ ԳՏԵԼ Է ԽԱՂԸ

Ինչպես երեւում է, Լեւոն Արոնյանը Բիլբաոյի մրցաշարի 2-րդ շրջանում վերջապես գտել է իր խաղը: Համենայնդեպս, դա են վկայում նրա արդյունքները: 8-րդ տուրում Արոնյանը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ այս անգամ առավելության հասնելով Վիշվանաթան Անանդի նկատմամբ: Դա շատ կարեւոր հաղթանակ էր, քանի որ հնարավորություն տվեց Լեւոնին շրջանցելու Մագնուս Կառլսենին եւ 12 միավորով զբաղեցնելու 2-րդ տեղը: Այդ հաջողությունը նաեւ զգալիորեն մեծացրեց մրցաշարում հաղթելու Արոնյանի հնարավորությունները: 8 տուրից հետո մեր շախմատիստը 1 միավոր է զիջում առաջատարի դերը ստանձնած Թոփալովին: Իսկ ավարտական երկու տուրերում Արոնյանը մրցելու է Իվանչուկի ու Ռաջաբովի հետ: Հիշեցնենք, որ առաջին շրջանում Լեւոնը հաղթել էր Իվանչուկին, իսկ Ռաջաբովի հետ հաշտություն էր կնքել:

8-րդ տուրն անվանեց մրցաշարի նոր միանձնյա առաջատարին: 13 միավորով աղյուսակը գլխավորեց բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովը, որն անչափ կարեւոր հաղթանակ տարավ իր գլխավոր հակառակորդներից մեկիՙ Մագնուս Կառլսենի նկատմամբ: 17-ամյա նորվեգացի պատանին ինչպես երեւում է չի դիմանում մրցաշարի լարվածությանը: Նա 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց եւ միանգամից նահանջեց 3-րդ հորիզոնականՙ այն կիսելով նույնպես 11 միավոր վաստակած Վասիլի Իվանչուկի հետ: Վերջինիս համար տուրը հաջող էր: Ուկրաինացի շախմատիստը պարտության մատնեց Ռաջաբովին: Վերջինս Անանդի հետ դեռեւս չի ճաշակել հաղթանակի քաղցրությունը եւ 6 միավորով եզրափակում է աղյուսակը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4