«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2008-09-10 | #165, 2008-09-11 | #166, 2008-09-12


ԿԱՐՈՂԱՆԱՅԻՆՔ ՊԱՀՊԱՆԵԼ...

«1990-ականներին համընկած օտարացմանը նպաստելու փուլն անցյալում է: Բարեբախտաբար արդեն հակառակ փուլում ենքՙ նախկին կապերի վերականգնման կարեւորությունը գիտակցվել է: Կրկին առկա են եղած ու ժամանակակից գրականությանը տեղեկանալու եւ երկու երկրների հասարակություններին ներկայացնելու աշխատանքն ու դրա արդյունքը», երեկ ժուռնալիստների միությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց «Լիտերատուրնայա գազետա»-ի գլխավոր խմբագիր, գրող Յուրի Պոլյակովը: Նա նաեւ որպես լուրջ լրատվության ու գրականության հանդեպ հետաքրքրության առկայության ապացույց փաստեց իր գլխավորած լրատվամիջոցի տպաքանակը զուտ ինքնաֆինանսավորմամբ ավելացնելը. «Շուրջ 180 տարի առաջ Պուշկինի հիմնադրած, հետագայումՙ կարճ ընդմիջումից հետո Գորկու վերահրատարակած թերթի հսկայական տպաքանակը հասել էր ընդամենը 25 հազարի, բայց վերջին 7 տարիներին կարողացանք այն հասցնել 100 հազարի եւ դեռ ավելացնելու հնարավորություն ենք տեսնում: Մոսկվայից բացի «Լիտգազետան» տպագրում ենք նաեւ Դոնի Ռոստովում եւ Մայնի Ֆրանկֆուրտում (6 հազար օրինակ), ինչի շնորհիվ թերթի տարածումը ողջ Ռուսաստանի տարածքում միաժամանակ ենք իրականացնում: Նախկինում Մոսկվայում եւ Վլադիվոստոկում տարածումը համարյա մեկ շաբաթվա տարբերությամբ էր իրականացվում: Այսօր արդեն եվրոպական երկրների մայրաքաղաքներում էլ մեր ընթերցողները առանց ուշացման ստանում են «Լիտգազետա»-ի յուրաքանչյուր համար»:

Թերթը առանձնահատուկ ավանդույթ ունիՙ ԱՊՀ երկրների հետ համատեղ պատրաստում է տվյալ երկրի գրականությանը նվիրված հավելված: Շատ ավելի հաճախ այդ հավելվածն անդրադառնում է հենց հայ գրականությանը, հայ-ռուսական մշակութային կապերին, ինչպես սեպտեմբերի 10-16-ի համարում: Ի դեպ հավելվածը պատրաստվել է նաեւ Հայաստանում սեպտեմբերի 9-15-ը անցկացվող «Ռուսական խոսքի օրերի» կապակցությամբ: Հավելվածում զետեղված են Եղիշե Չարենցի բանաստեղծություններից, որոնց ժողովածուն նշված միջոցառման շրջանակներում հրատարակվել ու նախօրեին ներկայացվել է ռուսալեզու ընթերցողներին, իսկ հայ պոեզիայի ավելի ուշՙ խորհրդային շրջանը հավելվածում ներկայացված է Սիլվա Կապուտիկյանի, Վարդան Հակոբյանի, Ղուկաս Սիրունյանի, Սեդա Վերմիշեւայի բանաստեղծությունների թարգմանություններով: ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանի հետ «Քաղաքականության չէ, մշակույթի ժամն է» խորագրով հարցազրույցն էլ ներկայացնում է հայ մտավորական-պաշտոնյայի կարծիքը հայ հասարակության համար ռուսաց լեզվի դերի ու նշանակության մասին. «Ռուսաց լեզվի թարգմանչական սխրանքը հատուկ թեմա է: Շատ քչերն են այդչափ լայնորեն ընդգրկել մարդկության մշակութային ժառանգությունն ու փոխանցել սեփական եւ ռուսերենին տիրապետող այլ ժողովուրդներին»: Փոխնախարարը նաեւ անդրադառնում է հայ-ռուսական մշակութային-գրական կապերի ակտիվացման փաստինՙ ամեն տարի Հայաստանի պետական ֆինանսավորմամբ թարգմանաբար տպագրվում են ռուս ժամանակակից գրողների ստեղծագործություններ:

Հավելվածում նաեւ մանրակրկիտ պատմվում է Ստանիսլավսկու անվան Երեւանի ռուսական դրամատիկական թատրոնում Յուրի Պոլյակովի «Աֆրոդիտեի ձախ կուրծքը» պիեսի բեմադրման ընթացքը, որին հեղինակն էլ անդրադարձավ. «Իմ պիեսները բեմադրվել ու ներկայացվում են Ռուսաստանի մի քանի տասնյակ թատրոններում: Պրեմիերաներին հիմնականում ներկա եմ գտնվում եւ մշտապես ականատես լինում, որ նույն գործի նույն բեմադրությանը տարբեր քաղաքներում տարբեր արձագանք է տրվում: Հիմա էլ անհամբեր սպասում եմ վաղվա պրեմիերայինՙ հասկանալու թե հայ հասարակությունն ինչը կկարեւորի եւ ինչը չի էլ նկատի, ինչը ծիծաղելի, ինչը լուրջ կհամարի: Ի վերջո հասարակության հետաքրքրությունները հասկանալու լավ հնարավորություն է»: Հենց այդ հնարավորությունն օգտագործելով է դրամատուրգն ընտրում իր գործերի թեմատիկան ու ժանրըՙ կոմեդիա եւ մեծ համոզվածությամբ պնդում. «Խորհրդային տարիների գիտակ ու նրբանկատ հանդիսատեսն ու ընթերցողը չի անհետացել, պարզապես, նրան հետաքրքրող գործեր չեն առաջարկվել: Այդպիսի գործերի հայտնությամբ ցուցասրահներ ու թատերական դահլիճներ եկավ հենց գիտակ ու նրբանկատ հանդիսատեսը, որին հույս ունեմ տեսնել նաեւ Հայաստանում»:

Ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացմանն էլ խիստ ինքնատիպ կերպով հավելվածում անդրադարձել է Վսեվոլոդ Մարյանը նախ հակիրճ ու դիպուկ ներկայացնելով Հայաստանի հնագույն պատմությունը, ապա իր հայտնաբերած մերօրյա Հայաստանը. «Երեւանի եւ գյուղական բնակավայրերի փողոցներում մշտապես լսվում է ռուսերենը: Բոլոր դպրոցներում ռուսաց լեզուն պարտադիր ուսուցման առարկա է: Եվ հետո մեր օրերում շա՞տ երկրներ գիտեք, որտեղ անծանոթ մարդու ռուսերեն տված հարցին ժպտադեմ ու սիրալիր են պատասխանում: Դա Հայաստանումՙ մի երկրի հարեւանությամբ, որտեղ նույնը միմիայն հակազդեցության է արժանանում, առօրյա իրականություն է: Կարողանայինք պահպանել այն համատեղ ջանքերով»:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4