Լավրովը պատրաստվում է այցելել Սուխում եւ Ցխինվալ
«Աշխարհը փոխվել է եւ ես մտածում եմ, որ 2008 թվականի օգոստոսի 8-ը Ռուսաստանի համար նույնն է, ինչ 2001 թվականի սեպտեմբերի 11-ը Միացյալ Նահանգների: Այս համեմատությունը ճշգրիտ է, համապատասխանում է ռուսաստանյան իրողություններին», սեպտեմբերի 11-ին Սոչիում «Վալդայ» ակումբի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
Ըստ ՌԴ նախագահի, «Ռուսաստանն ունի գոտիներ, որտեղ նրա շահերն են: Դա հերքելն անիմաստ է եւ վնասակար, քանի որ մենք կպաշտպանենք մեր շահերը եւ ՌԴ քաղաքացիների շահերը»:
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Մեդվեդեւի խոսքերով, սեպտեմբերի 11-ի ողբերգությունից եւ մյուս ողբերգական իրադարձություններից մարդկությունը դասեր է քաղել: «Ես կուզենայի, որ աշխարհը դասեր քաղեր նաեւ այս իրադարձություններից», նկատի ունենալով հարավօսական օգոստոսյան ռազմական գործողություններն ու դրանց հետեւանքները` նշել է Դմիտրի Մեդվեդեւը:
Ռուսաստանը նաեւ, ըստ Մեդվեդեւի, համաձայն չէ անվտանգության ժամանակակից կառուցվածքին: «Եվ խնդիրը Ռուսաստանի հավակնությունները չեն, այլ այն, որ անվտանգության ժամանակակից կառուցվածքում խափանումներ են լինում... Մեզանում չքացել են պատրանքները, թե աշխարհը արդար է: չեմ կարծում, թե աշխարհի երկբեւեռ համակարգն ապագա ունի, բայցեւ միաբեւեռ համակարգն է ապացուցել իր անկարողությունը»: Ըստ Մեդվեդեւի, անհրաժեշտ է բազմակենտրոն աշխարհ, որը միակ ելքն է դիմագրավելու ժամանակակից մարտահրավերներին:
Մեդվեդեւիՙ բազմակենտրոն աշխարհի դատողություններին զուգահեռ Բրյուսելում շարունակվում են Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի խորհրդակցությունները, որոնց համատեքստում էլ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերն ու ՆԱՏՕ-ի անդամ 26 երկրների դեսպանները սեպտեմբերի 15-16-ին կլինեն Վրաստանում: Այցելության շրջանակներում տեղի կունենա ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի հիմնադիր նիստը:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին էլ «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը տված հարցազրույցում ՆԱՏՕ-ին խնդրել է «թուլության նշաններ» չցուցաբերել եւ չհեռացնել Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհից: Բացի այդ, Սաակաշվիլու մոտեցմամբ, Վրաստանի վրա Ռուսաստանի հարձակումը նպատակ ուներ վախեցնելու ՆԱՏՕ-ին:
Ամեն դեպքում, սեպտեմբերի 11-ին, ՌԴ ԱԳՆ տեղեկացմամբ, հեռախոսային զրույց է տեղի ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի միջեւ, որի ընթացքում Լավրովը եւս մեկ անգամ հաստատել է Ռուսաստանի դիրքորոշումը, որ միայն ռուսական զորքերը կմնան ինչպես Աբխազիայի, այնպես էլ Հարավային Օսիայի տարածքներում:
Պետքարտուղարությունն, իր հերթին, ի դեմս պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզայի, որ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն է, Ինտերֆաքսի փոխանցմամբ, բարձրաձայնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման մասին:
Բրայզան ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությամբ հանդես եկող ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեության կտրվածքով ենթադրություն է հայտնել, թե Ռուսաստանի հանդեպ առկա անվստահության պայմաններում դժվար է ասել, թե ինչ կլինի ապագայում:
Ու մինչ ԱՄՆ-ը խոսում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման անհրաժեշտության մասին, որը եւ պայմանավորում է Վրաստանում իրադարձություններով եւ Սարկոզի-Մեդվեդեւ համաձայնագրի չիրականացվող կետերի առկայությամբ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սուխում եւ Ցխինվալ այցելություն է ծրագրում, հատկապես այն կարեւորմամբ, որ Ռուսաստանը պատրաստվում է դեսպանություններ բացել այդ քաղաքներում:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ