Լույս է տեսել լրագրող, տարածաշրջանային հակամարտությունների գծով փորձագետ Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու Սեւ» խորագիրը կրող գիրքը նվիրված ղարաբաղյան պատերազմի պատմությանը: Գիրքը, որը բաղկացած է 584 էջից եւ մի քանի տասնյակ լուսանկարներից, հեղինակի 6 տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Գրքի սկզբում հեղինակի եւ նրա կատարած աշխատանքի մասին կարծիքներ են հայտնում արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, «Արմենիան ռիփորթըր» շաբաթաթերթի խմբագիր Վինսենտ Լիման, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Գրքի մասին վերջինս գրում է. «Լրագրող Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու Սեւ» գիրքը տարբերվում է մյուսներից: Հեղինակը ներկայացնում է հակամարտության տարբեր տեսակետները որպես հայ մարդ, ում խորթ չեն ազգային զգացմունքները, այլ ոչ թե որպես կողմնակի փորձագետ: Լրագրողը հարգանքով է վերաբերվում փաստերին, ձգտում է լուսաբանել իրադարձությունները` հաշվի առնելով ականատեսների եւ մասնակիցների ամենատարբեր մեկնաբանությունները»:
Սեպտեմբերի 3-ին գրքի շնորհանդես-վաճառքը տեղի է ունեցել Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում, Ղարաբաղի ժուռնալիստների միության եւ Ստեփանակերտի մամուլի ակումբի նախաձեռնությամբ:
Երեւանում Թաթուլ Հակոբյանի գրքի շնորհանդես-վաճառքը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին «Ուրբաթ» ակումբում: