«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2008-09-11 | #166, 2008-09-12 | #167, 2008-09-13


ԱԺ ՃԵՊԱԶՐՈՒՅՑՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԻՑ

Թուրքիան եւ Ադրբեջանը ձեռք ձեռքի տված են գործում

Մինսկի խմբի ձեւաչափի եւ Թուրքիայի` ԼՂ կարգավորման խնդրում դեր ստանձնելու հավակնությունների մասին

Այս հարցի վերաբերյալ «Ժառանգությունից» Վարդան Խաչատրյանի տեսակետն այն է, որ Թուրքիան բազմիցս պետական քաղաքականությունն ուղղել է ընդդեմ Հայաստանի շահերի` թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով (Ադրբեջանի տնտեսական շահերի սպասարկում): Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխությունն ուղղակի անթույլատրելի է, քանի որ ըստ էության Թուրքիան որոշակի կոնկրետ շահեր ունեցող, հայ ժողովրդի շահերի դեմ կոնկրետ շահեր սպասարկող պետություն է: Ձեւաչափը սպառելու մասին խոսակցությունների հիմքում Ռուսաստանի եւ Մ. Նահանգների միջեւ գոյություն ունեցող լարվածությունն է` վերջին հայտնի դեպքերի ֆոնին. որեւէ կերպ չարժե այս ձեւաչափը վերանայել, կոնսենսուսի գալու հնարավորությունն, ըստ Վ. Խաչատրյանի, այս ձեւաչափով է:

  Արտաշես Շահբազյանը (ՀՅԴ) գտնում է, որ առաջին փաստը չէ, երբ Թուրքիան եւ Ադրբեջանը ձեռք ձեռքի տված են գործում, բայց Մինսկի խմբի ձեւաչափը ճիշտ է, Հայաստանը պետք է վճռական կերպով պաշտպանի այն պայմանավորվածությունները, որոնք եղել են Մինսկի խմբում:

ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովը եւս վերահաստատեց Մինսկի խմբի ձեւաչափին հավատարմությունը` նկատելով, թե անթույլատրելի է սառեցված հակամարտությունները լուծել ուժային ճանապարհով: ԲՀԿ-ն ներկայացնող Արամ Սաֆարյանը կրկին ԼՂՀ հակամարտության կարգավորման օպտիմալ ձեւաչափ որպես միայն Մինսկի խումբը տեսավ, իսկ հիշելով ձեւաչափը փոխելու Ադրբեջանի փորձերը` խոստացավ, որ եթե այդպիսիք կրկնվեն, ասենք` ԵԱՀԿ վեհաժողովի աշնանային նստաշրջանում այդ հարցն ադրբեջանցի պատվիրակները կրկին բարձրացնեն, ապա հայկական կողմը համարժեք պատասխան կտա:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանի վերաբերյալ հակիրճ քննարկման մասին

Այդ քննարկման ընթացքում նշվել է ինչպես առաջընթացը, այնպես էլ առկա բարդ խնդիրները, իսկ Հայաստանը հերթական ժամանակն է ստացել բանաձեւի կատարումն ապահովելու համար: Սակայն «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը նկատեց, թե առաջընթացի մասին խոսք լինել չի կարող, ընդհակառակը, հետընթաց է` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի վերջին փոփոխությամբ, իսկ Հայաստանի վերաբերյալ հակիրճ զեկույցը պայմանավորված էր Վրաստանի դեպքերով, քանի որ ողջ ուշադրությունն այսօր սեւեռվել է հենց այդ խնդրի վրա, մեր նկատմամբ ուշադրությունը նվազել է: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն էլ քաղաքական ռիսկեր տեսավ Փոստանջյանի նշած օրենքի փոփոխության մեջ:

  Հովհաննես Մարգարյանն , անդրադառնալով ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում առաջարկված փաստահավաք խմբի գաղափարին, նշեց, թե նախագիծ է առաջարկված` կոալիցիայից, Ազգային կոնգրեսից եւ «Ժառանգություն» կուսակցությունից հավասարաչափ կազմված անդամներով խումբ ձեւավորելու:

ՀՅԴ-ից Արտաշես Շահբազյանի կարծիքով էլ մոնիտորինգի բանավոր զեկույցի հապճեպ անդրադարձի համար դեր խաղաց ռուս-վրացական հակամարտությունը` ուշադրության ծանրակշիռ մասը կենտրոնացել է այլ ուղղությամբ. Հայաստանը ներկայացրել է այն քայլերը, որոնք կատարել են այս ընթացքում. «Հավանաբար խոհեմ դիրքորոշումը հենց սա էր` ԵԽԽՎ-ն, արձանագրելով այն գործընթացները, որ տեղի են ունեցել, խուսափել է վերջնական եզրահանգումներից, դրանք թողնելով հունվար ամսվան»:

Ըստ ՀՀԿ-ից Հերմինե Նաղդալյանի ` Համմարբերգը հայտարարել է, որ դիտարկումները պետք է շարունակվեն, Հայաստանի անելիքները հստակ են, ԵԽԽՎ-ն անդրադառնալու է դրանց կատարմանը:

Ադրբեջանական ապատեղեկատվություն

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Գյուլը Ալիեւի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Սերժ Սարգսյանն իրեն ասել է` մենք պատրաստ ենք վերադարձնել Ադրբեջանի օկուպացված տարածքները

Ըստ Հ. Մարգարյանի ` Հայաստանի նախագահն այդպիսի հայտարարություն չի արել, իսկ մենք բազմաթիվ անգամ ադրբեջանական ապատեղեկատվության ականատեսն ենք եղել ինտերնետային կայքերում. «Մենք կողմ ենք կառուցողական- հավասարակշիռ արտաքին քաղաքականության», ասաց` ավելացնելով, թե հարեւաններին չեն ընտրում` փորձենք սառույցը կոտրել երկու կողմից էլ առանց նախապայմաններ նշելու:

  Ա. Շահբազյանի խոսքով, Գյուլի` ադրբեջանական լրատվամիջոցներից վերցրած այդ հայտարարությունը հիշեցնում է ծաղկաքաղ, դժվար է ասել, թե հաջորդող-նախորդող մտքերն ի՞նչ են եղել. իմանալով թուրքական եւ ադրբեջանական աղբյուրների ոճը, որոնք մեկ անգամ չէ, որ բացահայտ ստեր են խոսել, չի կարելի նրանց ստերը մեկնաբանել: Անշուշտ մտահոգիչ կլիներ, եթե հենց այդպես հնչած լիներ հայտարարությունը:

Ըստ Էդուարդ Շարմազանովի ` հայկական կողմի համար պարզ է, որ թուրքական կողմը ղարաբաղյան հակամարտության մեջ միշտ էլ ունեցել է ադրբեջանամետ դիրքորոշում, եւ Հանրապետականի դիրքրոշումը հիշեցրեցՙ ԼՂՀ-ն չեն տեսնում Ադրբեջանի կազմում,

Հայաստանը եւ ԼՂՀ-ն պետք է ունենան ընդհանուր սահման, անվտանգության ապահովմամբ, բանակցություններն ա՛յդ հարցերի վերաբերյալ պետք է գնան:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4