Մոսկովյան գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառից, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-8-ը, Հայաստանի պատվիրակությունը վերադարձել է 7 մրցանակովՙ տարբեր անվանակարգերում: Մեր երկիրը ցուցահանդես-տոնավաճառին մասնակից էր ի թիվս 82 երկրների եւ ներկայացրել էր 30 հրատարակչությունների վերջին երկու տարիներին միայն պետպատվերով հրատարակած հանրագիտարանային, մանկական, գիտահանրամատչելի, թարգմանական, մշակութաբանական եւ այլՙ ընդհանուր առմամբ 300 անուն գիրք: Այդ թվում եղել են նաեւ Հայաստանից դուրս հիմնականում ռուսաստանյանՙ Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի համաշխարհային հռչակ ունեցող հրատարակչությունների ներկայացրած Հայաստանին եւ հայերին նվիրված գրքեր:
Ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցած ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային մրցանակաբաշխության ընթացքում հայկական հրատարակությունները արժանացել են ընդգծված ուշադրության: «Որոշ մրցանակներ հայկական հրատարակություններին տրվեցին ոչ թե զուտ հրատարակչական բարձր որակը, այլ բովանդակությունը հաշվի առնելով: Հանձնաժողովը հատուկ ուշադրություն դարձրեց «Կոմիտաս. նամականի» գրքին, որը 500 տպաքանակով առաջին անգամ հրատարակել է Գրականության եւ արվեստի թանգարանը, հաշվի առնելով Կոմիտասի մեծությունը եւ նրա նամականու հրատարակված լինելու կարեւորությունը: Նույն կերպ կարեւորվեց «Զանգակ-97» հրատարակչության Գրիգոր Գուրզադյանի հեղինակած «Խոհեր, խոհեր...» գիրքը», երեկ մշակույթի նախարարությունում հրավիրված ասուլիսի ընթացքում տեղեկացրեց հրատարակչական գործի վարչության պետ Էդվարդ Միլիտոնյանը:
Ցուցահանդես-տոնավաճառում «Իմ հայրենիքը» անվանակարգում առաջին կարգի դիպլոմի է արժանացել Հայաստանի հանրագիտարանի գլխավոր խմբագրությունը «Սուրբ Հայաստան» գրքի համար: «Արվեստի գիրք» անվանակարգում էլ Փարաջանովի տուն-թանգարանին է տրվել երկրորդ կարգի դիպլոմ «Փարաջանովի գեղադիտակ» գիրք-ալբոմի համար, որը հրատարակվել է Փրինթինֆո հրատարակչությունում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: Գիրք-ալբոմի ռուսերեն տարբերակի 5 հարյուր օրինակն արդեն հասարակությանն է տրամադրված, իսկ անգլերեն տարբերակը, որ խմբագրվել է Նյու Յորքում, տպարանում է արդեն եւ կհրատարակվի 9 հարյուր օրինակով: «Օքրո Օքրոյան» հրատարակչության «Սայաթ-Նովա» գիրքը, որի մասին «Ազգ»-ն արդեն մանրակրկիտ պատմել է իր ընթերցողներին, մոսկովյան ցուցահանդեսում արժանացել է խրախուսական դիպլոմի:
Հայկական տաղավարն էլ ամենամյա օրինակելի մասնակցության համար է արժանացել ցուցահանդեսի կազմկոմիտեի դիպլոմին: Ի դեպՙ մեծ թվով գրքեր ցուցահանդեսի ավարտին հայկական պատվիրակությունը նվիրաբերել է Ցխինվալի ավերված գրադարաններին եւ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ