Վերջին տարիներին հայ ծանրորդները հաջող են հանդես գալիս միջազգային մրցասպարեզում` տուն վերադառնալով մեդալների հարուստ ավարով: Պեկինի օլիմպիադայում էլ մեր ծանրորդներին բաժին ընկավ նվաճած 6 բրոնզե մեդալներից ուղիղ կեսը:
Այժմ աչքի ընկնելու հերթը մեր երիտասարդ ծանրորդներինն է, որոնք հանդես են գալու սեպտեմբերի 13-ին Ալբանիայում մեկնարկելիք ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Մեր հավաքականը մարզիչներ Աշոտ Դանիելյանի ու Երվանդ Կիրակոսյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաքներ է անցկացրել Աբովյանում եւ Գյումրիում:
Ալբանիայում մրցահարթակ դուրս կգան հայաստանցի 12 ծանրորդներ, որոնցից չորսը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են: Փաստորեն, տղամարդկանց մեր հավաքականը հանդես է գալու լրիվ կազմով: Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Ռուբեն Մամոյանը (62 կգ), Զորիկ Պողոսյանը (62 կգ), Առաքել Միրզոյանը (69 կգ), Աղասի Աղասյանը (77 կգ), Աղվան Մելիքյանը (85 կգ), Արամ Անդրիկյանը (85 կգ), Սեւակ Սահակյանը (105 կգ) եւ գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը: Աղջիկների մրցաշարին կմասնակցեն Աննա Գովելյանը (48 կգ), Քրիստինե Պետրոսյանը (53 կգ), Լիանա Մանուկյանը (58 կգ) եւ Հեղինե Եփրեմյանը (63 կգ):
Մեր երիտասարդներն իրենց նվաճումներով բնավ էլ չեն զիջում մեծահասակներին: Հիշեցնենք, որ ամռանը Կոլումբիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում արծաթե մեդալի էին արժանացել Առաքել Միրզոյանը, Արամ Անդրիկյանն ու Ռուբեն Ալեքսանյանը, իսկ Սեւակ Սահակյանը դարձել էր բրոնզե մրցանակակիր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ