«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2008-09-12 | #167, 2008-09-13 | #168, 2008-09-16


ՄԵԴՎԵԴԵՎԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ՍՈՒԽՈՒՄԻ ԵՎ ՑԽԻՆՎԱԼԻ ՀԵՏ «ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ»

ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովը` փաստաթղթի տեսքով

Անցյալ շաբաթավերջի կարեւոր իրադարձություններից դարձավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցելությունը Սուխում, իսկ երեկ` նաեւ Ցխինվալ: Սուխումի օդանավակայանում Ռուսաստանի արտգործնախարարին, վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, Աբխազիայի բնակչությունը դիմավորել է դրոշակներով: Լավրովի այցելության հիմնական նպատակը Ռուսաստան-Աբխազիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար անհրաժեշտ միջոցառումների քննարկումն էր:

«ՌԻԱ նովոստի» գործակալության տեղեկացմամբ, Աբխազիայում Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կաջակցի Սուխումին անկախ պետություն կայանալու ճանապարհին: Լավրովը եւս մեկ անգամ հիշեցրել է, որ Ռուսաստանի ցանկությունն է Ժնեւում հոկտեմբերի 15-ին կայանալիք միջազգային բանակցություններին մասնակից տեսնել ինչպես Աբխազիային, այնպես էլ Հարավային Օսիային: Ընդ որում, Աբխազիայի առաջնորդ Սերգեյ Բաղապշի խոսքերով, աբխազական կողմը ազատ ընտրություն է թողել ռուսական կողմին` դեսպանատան շենքի ընտրության հարցում, քանի որ Սուխումում մեծ թվով գեղեցիկ շենքեր դատարկ են:

Աբխազիայի ղեկավարության հետ հանդիպումներից հետո Լավրովը նաեւ հայտարարել է, թե սահմանն Աբխազիայի ու Ռուսաստանի միջեւ կլինի հնարավորինս թափանցիկ, ինչպես Եվրոմիության երկրների միջեւ:

Սերգեյ Լավրովը լրագրողների` Սաակաշվիլուն իշխանությունից հեռացնելու ռուսական մտադրությունների մասին հարցերին Սուխումում պատասխանել է, որ Ռուսաստանը գահընկեց անելով կամ գահի բարձրացնելով չի զբաղվում: Սաակաշվիլին, ըստ Լավրովի, հեղափոխությամբ է եկել իշխանության, այլ ոչ ընտրություններով, բայց եւ այնպես, օգոստոսի 8-ին տեղի ունեցած իրադարձություններից հետո. Լավրովի ներկայացմամբ, Սաակաշվիլին չի կարող ռուսական կողմի համար գործընկեր դիտվել:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն էլ, իր հերթին, Սաակաշվիլուն որակել է որպես մի շարք պաթոլոգիաներով տառապող անկանխատեսելի մարդ ու, որ հաճախ է թմրանյութեր օգտագործում եւ ինչի մասին, ըստ Մեդվեդեւի, հրաշալի գիտեն արեւմտյան երկրներում:

Իսկ ավելի լուրջ քայլերի առումով Մեդվեդեւն արդեն իսկ հայտարարել է այս շաբաթ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացման համաձայնագրերի ստորագրման հավանականության մասին:

Վրացական կողմը, բնականաբար, հետ չի մնում որակումների ու դրսեւորումների առումով, սակայն դրանով փոխադարձ մեղադրանքներն ու վիրավորանքները չեն սահմանափակվում: Մասնավորապես, կողմերը համաձայնության եզրեր չունեն նաեւ հարավօսական իրադարձություններում կրած կորուստների թվի առնչությամբ:

Երեկ Թբիլիսին հայտարարեց, որ օգոստոսին Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական գործողությունների ընթացքում վրացական կողմից 168 զինվորական, նաեւ ներքին գործերի նախարարության 14 աշխատակիցներ, 188 խաղաղ բնակիչներ են զոհվել: Ռուսական կողմը հայտարարում է, թե այս թվերը զգալիորեն պակասեցված են ու չեն համապատասխանում իրականությանը: Ընդ որում, ռուսական աղբյուրների համաձայն, վրացական կողմից զոհերը կազմել են ավելի քան 3000 մարդ:

Երեկ արեւմտյան լրատվամիջոցները լուր տարածեցին, թե Եվրոմիության երկրները համաձայնություն են տվել Վրաստան ուղարկել 200 դիտորդների, ընդ որում, մինչեւ հոկտեմբերի 1-ը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Եվրոմիության դիտորդական առաքելությունը կկազմվի Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իտալիայի ռազմական, իրավական, ոստիկանական ու իրավապաշտպան փորձագետ-ներկայացուցիչներից:

Առավել հետաքրքրական է, որ Եվրոմիության դիտորդների առաքելության շուտափույթ ծավալմանը կողմ է արտահայտվում ոչ միայն Վրաստանը: Ռուսաստանը, ի դեմս երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Ցխինվալում կատարած հայտարարությունների, եւս կողմ է այդ առաքելությանը, ընդ որում, որքան շուտ, այնքան լավ: Լավրովի փաստարկումն այն է, թե վրացական կողմը ահաբեկչական գործողություններ է պատրաստում «նորանկախ տարածքներում», ուստի միջազգային դիտորդների առկայությունը մեծապես կարեւորվում է:

Ամեն դեպքում, երեկ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 26 երկրների դեսպանները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ Դե Հոոպ Սխեֆերի հետ ժամանեցին Թբիլիսի ՆԱՏՕ-ի արտագնա նիստն անցկացնելու` օրավարտին ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի ստեղծման փաստաթղթի ստորագրմամբ: Այսօր ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանները կայցելեն Գորի, հանդիպումներ կունենան Վրաստանում ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ ներկայացուցչություններում` հանդիպելով նաեւ վրացական ղեկավարությանը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4