«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2008-09-12 | #167, 2008-09-13 | #168, 2008-09-16


ԲԵՄՈՒՄ` ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ՈԳՈՎ ՈՒ ՀԻԱՑԱԾ ԱՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ «ՀԱՄԼԵՏ»-ՈՎ

«Շատ դժվար է օբյեկտիվ լինել ու գնահատանքի խոսք ասել մի փառատոնի մասին, որտեղ ես էլ լուրջ ու անմիջական մասնակցություն ունեմ: Տեղյակ էի, որ Հակոբ Ղազանչյանն արդեն մի քանի տարի կազմակերպում է «Արմոնո» փառատոնը: Որոշեցինք փառատոնի շրջանակներն ընդլայնել ու կազմակերպեցինք շեքսպիրյան փառատոնը: Ինձ համար շատ կարեւոր է, որ Երեւանում Շեքսպիրի գաղափարները յուրահատուկ ձեւով են ընկալում: Փառատոնը հատկապես առանձնահատուկ են դարձնում կամերային ու ավելի մեծ ծավալի ներկայացումները», երեկ «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Լեհաստանի Գդանսկ քաղաքի շեքսպիրյան փառատոնի տնօրեն Անջեյ Ժուրովսկին:

Հունգարիայի Գյուլա քաղաքի շեքսպիրյան միջազգային փառատոնը արդեն մի քանի տարի համագործակցում է եվրոպական շեքսպիրյան փառատոների ցանցի հետ, որտեղ ընդգրկված են անգլիական, գերմանական, լեհական եւ մի շարք այլ երկրների շեքսպիրյան փառատոները: Փառատոնի տնօրեն Գեդեոն Ջոզեֆը մատնանշեց, որ այս տարվանից Հայաստանը նույնպես այդ ցանցի մաս է կազմում:

«Լսել էի, որ Երեւանում անցկացվող շեքսպիրյան դրամաների մոնո փառատոնը շատ լավ է կազմակերպված: Տպավորված եմ հատկապես ձեր հին մշակույթով ու քաղաքակրթությամբ: Փառատոնի ծրագիրն, իրոք, շատ լավ է մշակված: «Լեդի Մակբեթ» եւ «Ռիչարդ Ռիչարդից հետո» ներկայացումները բեմադրված էին վարպետորեն: Սակայն ամենամեծ հիացմունքն ու բավականությունը ստացա Երեւանի դրամատիկական թատրոնում Արմեն Խանդիկյանի բեմադրած «Մակբեթ» ներկայացումից, որն արտասովոր էր եւ աչքի էր ընկնում թատերական բարձր մակարդակով», ասաց նա:

Անջեյ Ժուրովսկին նշում է, որ փառատոնում ընդգրկված ներկայացումներից ամենից շատ հավանել է Արամ Հովհաննիսյանի «Համլետ» մոնոներկայացումը:

«Չեմ հիշում, թե տարիների ընթացքում քանի անգամ եմ դիտել «Համլետ»-ը տարբեր ընկալումներով: Սակայն երբեք չէի տեսել Համլետի, որ այդքան գեղեցիկ, վարպետորեն ու իրական խորհեր: Ներկայացումը սկսվում է բազմաթիվ հարցերով, որոնց պատասխանն այդպես էլ մինչեւ ներկայացման ավարտը հերոսը չի տալիս: Կարծում եմ, որ սա Համլետի լավագույն կերպարն էր, որ տեսել եմ վերջին ժամանակաշրջանում», հավելեց նա:

Արամ Հովհաննիսյանի խաղից ոգեշնչվել է նաեւ Վրոցլավի մոնոներկայացումների փառատոնի տնօրեն Վրեցլավ Գերասը:

«Վրոցլավի մոնոներկայացումների փառատոնը հնագույններից է, որ ավելի քան քառասուն տարի անդրադառնում է միայն Շեքսպիրի ստեղծագործություններին եւ առանձնանում իր յուրահատուկ մոտեցմամբ: Հիացել եմ Արամի «Համլետով» եւ արդեն հրավիրել եմ մասնակցելու Վրոցլավի փառատոնին: Արամ Հովհաննիսյանը կմասնակցի նաեւ Թորնում եւ Վարշավայում կայանալիք շեքսպիրյան փառատոներին», հավելեց նա:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4