«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2008-09-12 | #167, 2008-09-13 | #168, 2008-09-16


ԶԻՆԱՆՇԱՆԸ ԱԶԳԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ԱՅԼ ՈՉ ԹԵ...

  «Ազգը» շարունակում է ստանալ էլեկտրոնային նամակներ, որոնք դժգոհություն են հայտնում ՀՖՖ-ին` զինանշանում փոփոխություն անելու կապակցությամբ: Մենք շարունակում ենք մեր հասարակության տարբեր կարծիքները ներկայացնել խնդրի վերաբերյալ:

  Գրող Հովիկ Հովեյան - «Եթե հիշում եք, երկու տարի առաջ վերականգնվեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, բացման արարողությանը խաչը չկար եկեղեցու գագաթին, աղմուկ բարձրացավ: Այս դեպքում նույնանման իրադրության մեջ ենք հայտնվել, եւ ես կարծում եմ, որ իմաստ չունի այդքան բորբոքվել զինանշանի, խորհրդանշանի, ընդհանրապես, մեր տոտեմի փոխատեղման կամ փոփոխման համար: Կարծում եմ, որ այստեղ զուտ էտիկետի խնդիր է, դրանից նեգատիվ եզրակացություններ չպետք է անել, եւ թողնենք, որ ֆուտբոլի ֆեդերացիան որոշի հետագա անելիքը»:

ԵՊՀ արվեստագիտության դոկտոր Լեւոն Չուքասզյան - «Ես կարծում եմ, որ դա մեծ ամոթ է եւ հարգանքի պակաս ազգային խորհրդանիշի նկատմամբ: Շատ ցավում եմ, որ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլի հավաքականների խաղի ժամանակ այդ հարգանքի պակասը դրսեւորվեց ոչ միայն զինանշանի հարցում, այլեւ օրհներգի հնչեցման ժամանակ` հայ ֆուտբոլիստներից մեկը մաստակ էր ծամում, մյուսներն էլ չէին երգում ազգային օրհներգը, իսկ թուրքերըՙ երգում էին: Այդ ամենը ամբողջ աշխարհը դիտեց, քանի որ խոշոր պլանով էին ցուցադրում: Սա ուղղակի ազգային արժանապատվության, ազգային դաստիարակության պակաս է, նաեւ պատասխանատվության: Պետք է շտապ զբաղվել համապատասխան գերատեսչությունների, ՀՖՖ ղեկավարության ազգային գիտակցության դաստիարակության խնդիրներով: Եվ ոչ միայն պետք է վերականգնել զինանշանը, այլեւ բացատրել, որ նման արարքները հարգանքի պակաս եւ վիրավորանք են: Ծիծաղելի թող չդառնան ու չվարկաբեկեն Հայաստանը աշխարհի առաջ»:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյան - «Այդ հարցում քաղաքական նպատակահարմարություն պետք է չլիներ եւ պետք է պահպանվեին օրենքի տառն ու ոգին: Պետք է բացառել նման երեւույթները, եւ դա չպետք է դառնա նախադեպ: Մենք բոլորս պետք է մեծագույն հարգանք ունենանք մեր ազգային խորհրդանիշների նկատմամբ»:

ԱԺ պատգամավոր Արամ Սաֆարյան - «Դժվարանում եմ պատասխանել, քանի որ չեմ խորացել հարցի մեջ եւ ուշադրություն չեմ դարձրել, ուստի պատրաստ չեմ պատասխանելու»:

ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյան - «Սահմանադրության 13-րդ հոդվածում կա պահանջ, որ խորհրդանշաններն անձեռնմխելի են եւ որեւէ մեկի կողմից չեն կարող փոփոխվել... Սակայն մենք տեսանք, որ կոպիտ խախտում եղավ ու դեռ շարունակվում է»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4