«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2008-09-12 | #167, 2008-09-13 | #168, 2008-09-16


ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԸ ԹՈՓԱԼՈՎԻՆ

Բիլբաոյում ավարտվեց «Մեծ սաղավարտ» մրցանակի համար վեց ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ անցկացված շախմատի մրցաշարը, որի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 400 հազար եվրո էր: Հաղթողին ի հայտ բերելու հարցում որոշիչ էին ավարտական երկու տուրերը:

Արոնյանը, որը երկրորդ շրջանում հաջող ելույթների շնորհիվ մոտեցել էր առաջատարին ու լավ հնարավորություն ուներ հաղթական վերջակետ դնելու, ցավոք անհաջող անցկացրեց վերջնագիծը: 9-րդ տուրում նրա մրցակիցն Իվանչուկն էր, որին առաջին շրջանում հաղթել էր: Այս անգամ գրանցվեց ոչ-ոքի: Իսկ ահա վերջին պարտիայում, որում Արոնյանը մրցում էր ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ, հայ շախմատիստն անհաջող խաղաց ու 49-րդ քայլում պարտվեց:

Այսպիսով, Արոնյանը 10 մրցախաղում վաստակեց 13 միավոր եւ Մագնուս Կառլսենի հետ բաժանեց 2-3-րդ տեղերը: Վերջինս հաշտություն կնքեց Ռաջաբովի եւ Անանդի հետ:

Մրցաշարն ավարտվեց բուլղարացի շախմատիստ Վեսելին Թոփալովի հաղթանակով: 9-րդ տուրում նա մեկ միավոր վաստակեց Անանդի հետ մրցախաղում, իսկ ավարտական պարտիայում հաղթեց Վասիլի Իվանչուկին: Թոփալովը 10 խաղում վաստակեց 17 միավոր եւ որպես պարգեւ ստացավ 150 հազար եվրո:

Ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը 12 միավորով գրավեց 4-րդ տեղը: 10 միավորով 5-րդ տեղում է Թեյմուր Ռաջաբովը, իսկ ահա աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը 8 միավորով ստանձնեց իր համար անսովոր` հետնապահի դերը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4