Ո՞վ է երեսուն արծաթի հասցեատերը
ՀՀԿ խորհուրդը հաստատեց Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Թե ինչու ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հենց երեկ առավոտ հայտարարեց կուսակցությունից եւ ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելու որոշման մասին, երբ հենց երեկ երեկոյան ՀՀԿ խորհուրդը պետք է քվեարկությամբ հաստատեր ԱԺ նախագահի պաշտոնում նրա նպատակահարմարության հարցը, մի տեսակ անհասկանալի է մնում, քանի որ մեզ` լրագրողներիս նա մինչեւ այդ նիստը սպասելու համբերության կոչ էր անում: Խոսում էր իր ծով համբերության ու մեր անհամբերության մասին, բայց հենց ինքը չհամբերեց... Շաբաթ օրը մենք գրել էինք զարգացումների այսպիսի տարբերակի մասին, ինչն անհնար էին համարում շատերը` ասելով, թե դա ինքնասպանություն կլինի: Բայց փաստը մնում է փաստ, որ Տ. Թորոսյանին մի բան դրդել էր այս տարբերակն ընտրել` մատնանշելով սկզբունքային տարաձայնություններ եւ վստահեցնելով, որ մնում է անկախ պատգամավոր, որի աշխատանքն, իր իսկ դիտարկմամբ, կուսակցական պարտադրանքը եւ իշխանություն ներկայացնողի զգուշությունն այլեւս անտեսելով` իր հմայքներն ունի: Բայց շատերի կարծիքովՙ այն, ինչ արեց Թորոսյանը, մեխին բռունցքով հարվածել է, քանի որ նույն կուսակցական նպատակահարմարությունն է նրան ժամանակին դարձրել ԱԺ փոխնախագահ եւ նախագահ:
Տ. Թորոսյանն իր երեկվա ասուլիսում եզրահանգեց, որ կատարվածը նախապես ծրագրված գործընթաց էր` 3-4 ամսվա անդրկուլիսյան խարդավանքների եւ բանսարկությունների ճանապարհով, ինչը միայն սեպտեմբերի սկզբին դարձավ ձեւական քաղաքական խնդիր եւ քննարկվեց կուսակցության գործադիր մարմնում, նախապես հայտնի ելքով.
«Որոշ մարդիկ գտնվեցին, որոնք ուղղակի անբարո պահեցին իրենց` կեղծելով ե՛ւ ընթացքը, ե՛ւ քվեարկությունը, ներկայացնելով բոլորովին այլ պատկեր, կարծում եմՙ սա բարոյական չէ եւ որեւէ կուսակցության ներկայացուցչի չի կարող պատիվ բերել», գնահատեց նա գործադիր մարմնի վերաբերյալ իր արդեն նախկին կուսակիցների մեկնաբանությունները:
Նրա համոզմունքովՙ իր պաշտոնի շուրջը զարգացումը սոսկ կուսակցական խնդիր չի եղել, այլապես հրապարակային քննարկումներ կլինեին կուսակցությունում, իսկ պետական պաշտոնները որեւէ քաղաքական ուժի սեփականությունը չեն կարող դառնալ, անկախ այն բանից, թե այս կամ այն քաղաքական ուժը քանի՞ տեղ ունի խորհրդարանում. «Խորհրդարանական պաշտոնները որեւէ մեկին չեն պատկանում եւ չեն կարող պատկանել: Ակնհայտ է, որ խորհրդարանական մեծամասնությունը վճռորոշ ազդեցություն ունի քվեարկությունների ժամանակ, սա քննարկելու խնդիր չէ, բայց դա չի նշանակում, որ պաշտոններն իրար մեջ պետք է բաժանել:
Ըստ ԱԺ առայժմ նախագահի, ԱԺ աշխատանքի արդյունավետության մասին խոսողները պետք է նշեն` հատկապես ինչի՞ մասին է խոսքը. պատգամավորների անհատական աշխատանքի արդյունավետությունը չպետք է կապել ԱԺ նախագահի հետ, դրա մասին պետք է մտածել կուսակցական ցուցակները կազմելիս, իսկ իր ճակատագրով մտահոգներին ու հետաքրքրվողներին խորհուրդ տվեց. «Մարդիկ պիտի դրա իրավունքը վաստակեն (իր ճակատագրով մտահոգվելու-Մ.Խ.). կան մարդիկ, ովքեր խոսում են դրա մասին` բոլորովին այդ իրավունքը չվաստակած եւ բոլորովին էլ նախկինում որեւէ առնչություն չունեցած նման հարցերին: Խորհուրդ կտամ որոշ մարդկանց վերցնել իրենց 30 արծաթը եւ իրենց ճանապարհը շարունակել...Ինձ համար ընդունելի չեն կատարվածի ոչ ձեւը, ոչ էլ էությունը` բովանդակությունը: Այս ամբողջ ընթացքը վկայեց, որ կան անհաղթահարելի տարաձայնություններ, մենք ունենք տարբեր մոտեցումներ մեր երկրի քաղաքական կյանքի հետ կապված մի շարք խնդիրների առումով», ասաց նա. «Ես այսօր առավոտյան արել եմ այն քայլը, ինչ պիտի աներ ցանկացած ողջամիտ մարդ` կուսակցություն եմ ներկայացրել դիմում, կուսակցության կանոնադրության 3 կետ 6 հոդվածի համաձայն` կուսակցության շարքերից դուրս գալու մասին». ՀՀԿ կուսակցության կանոնադրությունն այլ ընթացակարգ չի սահմանում կուսակցությունից դուրս գալու համար` այնպես որ ՀՀԿ-ից Տ. Թորոսյանի հեռացումը կայացած փաստ կարելի է համարել:
Տ. Թորոսյանի համակիրները կարո՞ղ են հետեւել նրան. «Ես կուսակցությունում համակիրներ չունեմ, ունեցել եմ կուսակիցներ, ընկերներ, այսօր էլ ընկերներ ունեմ, իմ սկզբունքներն այլ են, քան ոմանց սկզբունքները` կուսակցության ներսում երբեք թեւեր, պոչեր ձեւավորելու կողմնակից չեմ եղել, յուրաքանչյուրի որոշելիք հարցն է»:
Իսկ երբ Տ. Թորոսյանի համար ակնհայտ է դարձել, որ տարբեր սկզբունքներ են դավանում գոնե մի շարք հարցերի հետ կապված. «Իմ հետագա մնալն ԱԺ նախագահի պաշտոնում ուղղակի կորցնում է իր նպատակը», եզրակացրել է նա, որովհետեւ պաշտոնը չի կարող ինքնանպատակ լինել, պաշտոնը հնարավորություն է ծրագրեր իրագործելու, պետությանը ծառայելու, հռչակված նպատակին հասնելու համար: Այս պատճառով Տ. Թորոսյանը ԱԺ նախագահի պաշտոնից եւս հրաժարականի դիմում է տվել. «Երկրի ներքին քաղաքական կյանքին առնչվող մի շարք խնդիրների վերաբերյալ խորհրդարանի քաղաքական մեծամասնության առկա անհաղթահարելի տարաձայնությունների պատճառով ԱԺ կանոնակարգ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, հրաժարվում եմ ԱԺ նախագահի պաշտոնից»: Սա տրամաբանական շարունակությունն է Տ. Թորոսյանի նախորդ դիմումի: Ապա, խնայելով մի անգամ եւս ԱԺ կանոնակարգը նայելու մեր ծախսելիք ժամանակը, բացատրեց ընթացակարգը. հրաժարականի դիմումը ԱԺ առաջիկա նիստում ներկայացվում է նիստը վարողին, որն այն հրապարակում է: 5-օրյա ժամկետը լրանալուց հետո հրաժարականը կրկին ներկայացնելու դեպքում ԱԺ նախագահի հրաժարականը համարվում է ընդունված, հրաժարականը կրկին չներկայացնելու դեպքում նիստը վարողն առաջիկա նիստում տեղեկացնում է այդ մասին, իսկ ԱԺ նախագահի դիմումը համարվում է առ ոչինչ:
Տ. Թորոսյանը ՀՀԿ խմբակցությունից էլ է դուրս գալու, դրա համար էլ պետք է դիմում ներկայացնի. «Ուզում եմ հիշեցնել, որ ճիշտ է, ես համամասնական կարգով եմ մասնակցել ընտրություններին, բայց ներկա եմ եղել բոլոր ընտրական տեղամասերում, բոլոր քվեաթերթիկների վրա, որպես ՀՀԿ ցուցակի երկրորդ անձ»:
Կուսակցությանը չուզեց գնահատական տալ, իսկ այս երկու հրաժարականները գրելիս նաեւ գործոն է եղել այն, որ մարդկանց հետ երկար աշխատել է եւ չի ուզում նրանց փորձությունների առաջ դնել, որ մարդիկ հոգեբանական խնդիր ունենան` մի բան մտածեն, մի այլ բան անեն ստիպված ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ կուսակցությունում. «Կուսակցությունում տասնյակ հազարավոր պարկեշտ, նվիրյալ մարդիկ կան` չեմ ուզում ընդհանրական գնահատականներ տալ եւ իրենց վիրավորել»:
Երեկ երեկոյան ՀՀԿ խորհուրդը նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ հաստատեց դեռեւս սեպտեմբերի 6-ին ՀՀԿ վարչության որոշումը Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ: