Մատենադարանի շենքի հետնամասում ընթանում են հողահարթեցման աշխատանքներՙ նոր մասնաշենքի շինարարությունը սկսելու համար: Տարածքը կազմելու է մոտ 18 հազար քմ, որից 3 հազարը հատկացվելու է գրապահոցին: Նախնական հաշվարկով շենքի շինարարության վրա կծախսվի ավելի քան 8 մլն դոլար: Այդ մասին հայտարարվեց անցած տարվա հոկտեմբերին, երբ Մատենադարան այցելեց այն ժամանակ հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը եւ ցուցասրահներում շրջելուց հետո դիտեց նոր շենքի մակետը, որի նախագծի հեղինակը ճարտարապետ Արթուր Մեսչյանն է:
Նոր մասնաշենքը, ի տարբերություն հնի, տեսանելի չի լինի Մաշտոցի պողոտայից, քանի որ կից կառույց էՙ շենքի հետնամասում տարածվող: Շինարարության ավարտից հետո հին շենքը կդառնա թանգարան, իսկ գիտահետազոտական բոլոր աշխատանքները կկատարվեն նոր մասնաշենքում: Մատենադարանի զարգացման այս ծրագիրը լայն հնարավորություն կստեղծի ինչպես հարուստ ցուցադրությունների, այնպես էլ գիտական բեղուն գործունեության համար:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ