«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2008-09-13 | #168, 2008-09-16 | #169, 2008-09-17


ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԸՙ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-22-Ը

2008 թվականին իրականացվող «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնը փոխել է իր ձեւաչափը եւ նախկին մեկ շաբաթվա փոխարեն անց է կացվում հինգ ամսվա ընթացքումՙ ըստ բնագավառների: Արդեն կայացել են գրողների, մշակույթի, կինոյի համահայկական համաժողով-փառատոնը: Իսկ սեպտեմբերի 17-22-ը «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում, Երեւանում ու Ծաղկաձորում անց է կացվելու համահայկական լրատվամիջոցների ղեկավարների համաժողով «Աշխարհին մեր ինքնությամբ, Հայաստանը համայն հայության հայրենիքն է» թեմայով:

  «Ազգը» զրուցեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի հետ եւ փորձեց ճշտել, թե ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում համաժողովի օրերին: «Ես ողջունում եմ այդ համաժողովի անցկացման գաղափարը, որը պատկանում է կառավարությանը, եւ ուրախ եմ, որ լրագրողների համաժողովը անց է կացվում մեր հայաստանյան լրատվամիջոցների ղեկավարների հետ համատեղ, որովհետեւ առանց սփյուռքի ու մեր լրատվամիջոցների ղեկավարների լուրջ շփումների մենք չենք կարողանա իրականացնել այն ծրագրերը, որոնք դրված են այս համաժողովի անցկացման հիմքում: Անցան ժամանակները, երբ ամեն մի համաժողով սիրո խոստովանություններից, էմոցիոնալ-զգացական գնահատականներից, ոգեւորություններից բացի, գործնական որեւէ բան չէին ունենում: Եկել է վաղուց այն ժամանակը, երբ յուրաքանչյուր համաժողով պետք է լուծի լուրջ խնդիրներ: Այն էՙ որո՞նք են սփյուռք-հայրենիք համագործակցության իրոք գործուն մեխանիզմները, ինչպե՞ս պետք է մենք դրա հիմքը դնենք, ի՞նչ պետք է անենք, որ այդ համագործակցությունը լինի ոչ թե համաժողովից-համաժողով, այլ լինի շարունակական: Ի՞նչ պետք է անենք, որ ունենանք մի մարմին, որը ապահովի փոխադարձ տեղեկատվությունը համայն հայության լրատվամիջոցների խողովակով համայն հայության միջեւ: Մեր պարտքն է ամրագրել, որ մամուլն է այն հզոր զենքը, որը պետք է ամուր պահի այդ համագործակցության կամուրջը եւ անընդհատ ամրացնի»:

- Տկն Գեւորգյան, ո՞ր երկրներից են ստացվել մասնակցության հայտեր, որքա՞ն մասնակիցներ են լինելու, եւ որքա՞ն գումար է հատկացրել կառավարությունը:

- Որպեսզի համագործակցությունը իր օգտակար դերը կատարի, անհրաժեշտ է, որ գոնե 6 ամիս առաջ համաժողովի մասին տեղեկացնենք, որպեսզի նրանք, ովքեր ցանկություն կունենան մասնակցելու հաջորդ համաժողովին, լուրջ պատրաստված, հարցապնդումներով ու առաջարկներով գան: Ցավոք, այս անգամ միայն երկու ամիս ժամանակ տրվեց եւ դա է պատճառը, որ մի շարք գաղթօջախներից հայտեր չեղան, քանի որ արդեն վաղուց պլանավորած այլ ծրագրեր ունեին: Համաժողովին կմասնակցեն 50 պատվիրակներ սփյուռքից, մոտ 100-ըՙ մայր հայրենիքից: Համաժողովին հատկացվել է 18 մլն 100 հազար դրամ: Մասնակցության հայտեր են ներկայացրել Լիբանանի, Իրանի, Հունաստանի, Բելառուսի, Վրաստանի, Աջարիայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի հայկական լրատվամիջոցների ղեկավարները: Աշխատանքները զուգահեռաբար կընթանան երկու սրահներում եւ բոլոր ելույթների, առաջարկների սղագրությունները կհրատարակվեն մեկ առանձին գրքույկով, որը կբաժանվի լրատվամիջոցներին, կրթօջախներին, գրադարաններին ու համայնքներին, որպեսզի համայն հայությունը մասնակից լինի այն բոլոր ծրագրերի իրականացմանը, որոնք կառաջարկեն համաժողովի մասնակիցները:

- Համաժողովի ծրագրում ի՞նչ հանդիպումներ են նախատեսվում:

- Համաժողովի մասնակիցների հետ կհանդիպեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Իսկ առաջին զեկույցը կլինի սփյուռքի հետ կապերի կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանինը, որից հետո մասնակիցները կարող են մասնակցել հարց ու պատասխանի: Ակնկալում ենք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությունը եւ ողջույնը: Իսկ որ ամենակարեւորն է, Հայաստանի անկախության օրվա առիթով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ընդունելությանը ներկա կլինեն նաեւ սփյուռքի լրատվամիջոցների ղեկավարները:

Տկն Գեւորգյանը նշեց նաեւ, որ հաճելի զուգադիպությամբ այդ օրերին լրանում է ԱՄՆ-ում գործող «Ասպարէզ» եւ Պոլսում գործող «Ժամանակ» թերթերի 100-ամյակները, նաեւ Կալինինգրադում լույս տեսնող «Նաիրի վը Կալինգրադե» թերթի 5-ամյակը, որոնց կանդրադառնան ու կնշեն համաժողովի օրերին: Այդ օրերին կցուցադրվեն նաեւ սփյուռքում հրատարակվող թերթերի եւ ամսագրերի ցուցանմուշները, որոնցով էլ ավելի մոտիկից հնարավոր կլինի ծանոթանալ սփյուռքի մամուլին: Մաղթենք համաժողովականներին բեղուն աշխատանք ու հարատեւ համագործակցություն:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4