«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2008-09-16 | #169, 2008-09-17 | #170, 2008-09-18


ՄԱԿ-Ի ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵՂԱԴՐԵՑ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱՄՆ-ԻՆ

Հարավային Օսիա ներխուժելովՙ Վրաստանը նախահարձակ դարձավ եւ խախտեց ՄԱԿ-ի կանոնադրությունը: Այդ մասին իր առաջին մամլո ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի նոր նախագահ Միգել դ՚Էսկոտո Բրոկմանը, որը նիկարագուացի դիվանագետ է:

ՄԱԿ-ի 63-րդ նստաշրջանի բացման ժամանակ ելույթ ունենալովՙ Բրոկմանը կոչ է արել անհապաղ բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, քանի որ խորհրդի որոշ անդամների ռազմատենչությունը լուրջ սպառնալիք է միջազգային անվտանգության համար:

ԱԽ մշտական անդամներից մեկի ներկայացուցչի հետ զրուցելիս Բրոկմանը անուղղակի, բայց խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի գործողությունները: «Ըստ երեւույթին, վետոյի իրավունքն ամերիկացիների գլուխներում այնպես է ամրացել, որ նրանք կարծում են, թե կարող են ամեն ինչ անել առանց որեւէ հետեւանքի», հայտարարել է Միգել դ՚Էսկոտո Բրոկմանը, որի խոսքերը մեջբերում է Ֆրանսպրես գործակալությունը:

ՄԱԿ-ի ԱԽ 15 անդամներից միայն 5 մշտական անդամներն ունեն վետոյի իրավունք: Դրանք են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Չինաստանը: ՄԱԿ-ի այդ կառույցն անփոփոխ է մնում 1945 թվականից:

Հուլիսի 15-ինՙ ՄԱԿ-ի 62-րդ նստաշրջանի փակման ժամանակ, որոշվեց միջկառավարական բանակցություններ սկսել մինչեւ 2009-ի փետրվարի 28-ըՙ ԱԽ-ի կազմը ընդլայնելու նպատակով:

Նիկարագուայի նախկին արտգործնախարար Բրոկմանը կաթոլիկ հոգեւորական է, Լենինյան մրցանակի դափնեկիր: Նա ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի նախագահ է ընտրվել որպես Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրների ներկայացուցիչ:

Ռուսաստանից բացի, առայժմ միայն Նիկարագուան է պաշտոնապես ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4