Ախթալան աշխարհի հնագույն բնակավայրերից է, ինչի մասին վկայում են հայտնաբերված ժայռապատկերներն ու նախնադարյան քաղաքակրթության այլ հուշարձանները: Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի 245-ամյակին էր նվիրված երեկ Ազգային պատկերասրահում տեղի ունեցած միջոցառումը, որի ընթացքում ցուցադրվեց «Պղնձասար» վավերագրական ֆիլմը:
«Մի նախագիծ ենք մշակել, որ կոչվում է «Անիվների վրա»: Ֆիլմաշարն անդրադառնալու է հանրապետության մոռացված բնակավայրերին ու ներկայացնելու է նրանց ավանդույթներն ու կենցաղը: Արդեն ավարտին են մոտենում երրորդ Ֆիլմի նկարահանման աշխատանքները: Այդ ստեղծագործությունները նույնպես շուտով հանդիսատեսը կդիտի: «Ախթալա» եւ «Շուրմալի զրույցները» Ֆիլմերը ներկայացնում են հյուսիսային սահմանի բնակավայրերը, եկեղեցիներն ու արդյունաբերական գործարանները», տեղեկացրեց ֆիլմաշարի հեղինակ Արթուր Բախտամյանը:
Լուսանկարիչ Ինա Մխիթարյանն էլ պատկերավոր ներկայացրել էր հանքափորի աշխատանքն ու դժվարությունները «Ախթալան ինձ համար բացահայտում էր: Հետաքրքրական ու միաժամանակ անսովոր էր աշխատել հանքում»:
Հ. Հ.