«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2008-09-17 | #170, 2008-09-18 | #171, 2008-09-19


«ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՎԵՐԸ ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԻՆ ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՄԱՐՁԱԿ ՔԱՅԼ Է»

Թուրքական «Ենի ակտուել» հանդեսի էջերում հայտարարել է հայտնի արեւելագետ Նիկոլայ Հովհաննիսյանը

Նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը, ինչ խոսք, բարենպաստ մթնոլորտ է ստեղծել հայ-թուրքական հարաբերությունների համար: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերին ի սկզբանե դրականորեն վերաբերվող թուրքական մամուլը միանգամայն դրական գնահատեց նաեւ այցը: Խնդիրը սակայն սոսկ այցի գնահատականը չէ, այլ դրա շրջանակներում ստացած տպավորությունն ու այցի ազդեցության տակ երկրում Հայաստանի համար նպաստավոր հասարակական կարծիք ձեւավորելու ձգտումներն են: Անկախ նկատառումներից, դա դրական երեւույթ է թուրքական իրականության մեջ այն առումով, որ նախքան վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանությունը, Թուրքիայում այդ նույն մամուլն ամեն կերպ փորձում էր Հայաստանը ներկայացնել հավերժ թշնամու կերպարով:

Թերեւս նախագահ Գյուլի այցի ամենաշոշափելի արդյունքը Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի դրական փոփոխությունն է: Ընդ որում, այդ փոփոխությունն արտահայտվում է նաեւ հայ մտավորականների հետ հարցազրույցներով: «Ենի ակտուել» շաբաթաթերթը սեպտեմբերի 13-ի համարում հրապարակել է հայտնի արեւելագետ Նիկոլայ Հովհաննիսյանի հետ Գյուլի այցից առաջ եւ հետո արված երկու հարցազրույց:

Ահա թե ինչ է գրում «Ենի ակտուելը».


«Նախագահ Աբդուլլահ Գյուլի երեւանյան այցը գնահատվում է որպես «պատմական շրջադարձ» երկու երկրների հարաբերություններում: Այցից առաջ եւ հետո մեր երկրում բազմաթիվ մասնագետներ հանդես եկան մեկնաբանություններով: Պատմական այս շրջադարձին հայերի մոտեցումները ճշտելու նպատակով դիմեցինք ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, պատմական գիտությունների դոկտ., պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանին: Հակամարտությունների լուծման հայաստանյան կենտրոնի հիմնադիր-նախագահ, Հայ-ատլանտյան ասոցիացիայի պրեզիդենտ Հովհաննիսյանը արեւելագիտության, նորագույն պատմության հարցերում, արաբական երկրների, Միջին արեւելքում տարածաշրջանային եւ միջազգային հարաբերությունների, քաղաքականացված իսլամի, հակամարտությունների գծով, ինչպես նաեւ ցեղասպանության եւ Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառներում մասնագիտացված գիտնական է: Հովհաննիսյանի «Հայոց ցեղասպանությունը» աշխատությունը թարգմանվել է թուրքերեն: Հովհաննիսյանը դասախոսություններ է կարդացել ԱՄՆ-ի, Անգլիայի, Գերմանիայի, Լիբանանի, Սիրիայի, Իրաքի, Եգիպտոսի եւ Ռուսաստանի բազմաթիվ համալսարաններում, Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի նման բազմաթիվ հաստատությունների անդամ է նաեւ, ունի ավելի քան 30 մենագրություն եւ 400 ու ավելի գիտական հոդված:


- Ինչպե՞ս եք գնահատում ֆուտբոլային հանդիպման համար Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեագրած հրավերը:

- Նախ պետք է իմ գոհունակությունը հայտնեմ, որ Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների հանդիպման առնչությամբ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կարծիք եք հարցնում հայ մտավորականներից: Կարծում եմ, ճիշտ եք վարվում: Մինչ այդ նշել էիք, որ Թուրքիայում շատերը Հայաստանի հետ համագործակցություն են պահանջում պետական իշխանություններից: Վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանում նույնպես մարդիկ կողմնակից են Թուրքիայի հետ համագործակցության: Այդ իսկ պատճառով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստան հրավիրեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին: Կարծում եմ, Գյուլի արձագանքը հրավերին դրականորեն կանդրադառնա մեր հարաբերությունների վրա: Իմ համոզմամբ, ՀՀ նախագահի հրավերը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում նոր էջ բացելու համար ճիշտ ժամանակին արված համարձակ քայլ է:

- Նկատի առնելով, որ Թուրքիա-Հայաստան սահմանը փակ է, իսկ 1990-ից ի վեր դիվանագիտական որեւէ հարաբերություն չի հաստատվել երկու երկրների միջեւ, կարելի՞ է այդ այցը որակել իբրեւ պատեհ առիթ թուրք-հայկական հարաբերությունների համար:

- Դա կախված է թուրք ղեկավարի կամքի դրսեւորումից: Մինչ այդ հայ ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է առանց որեւէ նախապայմանի բացել հայ-թուրքական սահմանը: Եթե Թուրքիայի նախագահը հարցին մոտենա նույն տեսանկյունից, ապա դա շրջադարձ կլինի հայ-թուրքական հարաբերություններում: Իմ կարծիքով, սահմանների բացումը, անկախ դիվանագիտական հարաբերություններից, երկու երկրների հարաբերությունների կարգավորման ճանապարհին թերեւս կարող է դառնալ առաջին կարեւորագույն քայլը: Չպետք է մոռանալ, որ Թուրքիան Հայաստանի Հանրապետության անկախությունը առաջինը ճանաչող երկրներից է: Համոզված եղեք, դա Թուրքիայի համար ավելի դժվար եւ պատասխանատու կեցվածք էր, քան սահմանների բացումն է:

- Որպես Հայաստանի քաղաքացի ի՞նչ կնախընտրեիք, որ հետեւեր այցին:

- Իբրեւ հայ ես կնախընտրեի երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների առաջնահերթ հաստատումը, Անկարայում եւ Երեւանում փոխադարձաբար դեսպանատների բացումը, շրջափակման վերացումն ու սահմանների բացումը: Իհարկե կցանկանայի, որ այս ամենը կատարվի Աբդուլլահ Գյուլի եւ Սերժ Սարգսյանի օրոք:

- Ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը Աբդուլլահ Գյուլի այցից հետո Հայաստանում ստեղծված մթնոլորտի մասին: Ինչպե՞ս եք գնահատում հայ ժողովրդի եւ քաղաքական գործիչների արձագանքը:

- Մեր նախագահ Սարգսյանի հետ նախագահ Գյուլի հանդիպումը նախագահականում վերին աստիճանի ուշագրավ երեւույթ էր: Դրա արդյունքները կանդրադառնան ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների, այլեւ Կովկասի աշխարհաքաղաքական իրավիճակի վրա: Մեր ժողովրդի մեծամասնությանն ուղղորդող բազմաթիվ քաղաքական գործիչներ եւ մտավորականներ այցը բնութագրում են պատմական եւ դրական են գնահատում: Իմ կարծիքով, այցն անհրաժեշտություն էր: Երկու երկրների նախագահների շփումը, կայունությունն ամրապնդելու եւ համագործակցությունը զարգացնելու մտադրությունների մասին նրանց հայտարարությունները կարող են պատմական շրջադարձի հանգեցնել, եթե նրանք հետամուտ լինեն նշված նպատակներին: Մենք քաղաքական կամքի դրսեւորման առումով մեր հարաբերություններում արմատական փոփոխություններ նախատեսող հոյակապ գործընթացի շեմին ենք:

- Հաշվի առնելով այցի արձագանքներն ու այս գործընթացը, ի՞նչ կանխատեսումներ կանեիք հարաբերությունների ապագայի մասին:

- Համոզված եմ, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումը, այլ գործիչների եւ կառույցների ներգրավմամբ, կապահովի գործընթացի շարունակականությունը: Անհրաժեշտ է, որ գործի անցնեն արտգործնախարարությունները, ճշտելու համար առաջնահերթ խնդիրների շրջանակը: Վատ չէր լինի սկսել այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, ապաշրջափակումը, հաղորդակցության ուղիների բացումը: Իհարկե, պետք է ընդլայնել նաեւ պաշտոնական, ոչ պաշտոնական, մշակութային պատվիրակությունների շփումները: Շնորհիվ այդ ամենի, կարելի է ներկա պահին բեւեռացված մեր տարածաշրջանը դարձնել միասնության եւ համագործակցության տարածաշրջան: Թուրքիայի նախագահի այցը դրական ներգործություն է ունեցել: Հիմա մենք բոլորս պարտավոր ենք թույլ չտալ, որ այդ գործընթացը կանգ առնի»:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4