«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2008-09-17 | #170, 2008-09-18 | #171, 2008-09-19


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՑ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԻԶԱՆԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՎ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Ֆրանսիա մեկնել ցանկացողներին Շենգեն մուտքի արտոնագրերի տրամադրման հետ կապված փոփոխություններ է մտցնելու:

Երեկ ՀՀ-ում Ֆրանսիայի հյուպատոս Ժակի Շարոթը լրագրողներին տեղեկացրեց, որ Ֆրանսիայի տարածքում անվտանգության բարելավման եւ անօրինական ներգաղթի, մասնավորապես փաստաթղթերի կեղծման դեմ պայքարի ուժեղացման նպատակով 2008-ի հոկտեմբերի 6-ից Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը վիզաներ կտրամադրի ըստ կենսաչափական գործընթացի: Այս նոր համակարգը, որը պարտադիր է դարձնում դիմողի ներկայությունը, նախատեսում է տեղում վերցնել վերջինիս մատնահետքերը, ինչպես նաեւ` թվային լուսանկարը: Մատնահետքերի տրամադրումից ազատված են մինչեւ 6 տարեկան երեխաները: Նախատեսված է, որ այս ֆիզիկական գործողությունները յուրաքանչյուր դիմողից խլելու են ընդամենը 2 րոպե:

Արդեն 2 տարի է, ինչ Ֆրանսիայի մոտ 20 դեսպանատուն ներդրել է այս համակարգը, որոնց մեջ է նաեւ Վրաստանում Ֆրանսիայի դեսպանությունը: 2009-ից արդեն Ֆրանսիայի 50 դեսպանատներ ամբողջ աշխարհում կներդնեն այս նոր համակարգը, որոնց թվում են Մոսկվան, Բաքուն, Կասպից ծովից արեւելք ընկած երկրները: Երեւանում արդեն այս համակարգը կիրառում են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի դեսպանատները:

Հայաստանում Գերմանիայի հյուպատոսն էլ իր հերթին նշեց, որ իրենց դեսպանատունը վաղուց արդեն ստացել է բոլոր սարքավորումները` մատնահետքերը վերցնելու համար: Գերմանիայի հյուպատոսի խոսքերով, հնարավոր է, որ ամենաուշը 2009-ի գարնանից իրենք էլ օգտագործեն մատնահետքեր վերցնելու նոր համակարգը:

Այս նոր գործընթացի առաջացրած խոչընդոտները սահմանափակելու նպատակով դեսպանության վիզաների բաժինը ներդրել է նախնական հերթագրման համակարգ` յուրաքանչյուր դիմողի անհատականորեն ընդունելու համար:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4