Ինչպես սեպտեմբերի 16-ի համարում տեղեկացնում է «Ենի շաֆաքը», Մալաթիայի երկրորդ ատյանի դատարանը քննել եւ մերժել է տեղական երգիչ Քյազըմ Աքընջըի հայցը, որով հայցվորը, հիմք ընդունելով, որ ինքը ծագումով հայ է, պահանջել էր իր անունը անձնագրում դարձնել Սարգիս Ներսիսյան: Դատարանի նիստում, ըստ «Ենի շաֆաքի», ներկա է գտնվել քաղաքի ոստիկանության անձնագրային բաժանմունքի ներկայացուցիչը եւ հայտարարել է, որ չկա հայցվորի անվանափոխությունն արգելող որեւէ հանգամանք: Չնայած դրան, դատարանը մերժել է Քյազըմ Աքընջըին, պատճառաբանելով, թե անուն-ազգանունը փոխելու նրա պահանջը արդարացված չէ:
Դրան ի պատասխան Աքընջըն հայտարարել է. «Դիմելու եմ վճռաբեկ դատարան: Հետամուտ եմ լինելու իմ իրավունքներին: Հայ եմ եւ դա չեմ թաքցնում: Ուզում եմ իմ անունը դարձնել Սարգիս Ներսիսյան: Հրանտ Դինքի սպանությունից հետո այլեւս չեմ վախենում ոչ մի բանից: Պահանջում եմ, որ անձնագրում գրանցվեն իմ իսկական անունն ու հայկական ինքնությունը»:
Հ. Չ.