Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած Հայ համազգային կոնգրեսի հանրահավաքից հետոՙ երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը «Հայացք» մամուլի ակումբում հրավիրվել էր ասուլիսի` ներկայացնելու հանրահավաքից առաջացած տպավորություններն ու արդյունքները: Չնայած քաղաքապետարանն այս անգամ թույլ էր տվել ՀԱԿ-ին անցկացնել հերթական «վճռականը», Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղարը դժգոհելու բան գտել էր: Մուսինյանի մատուցմամբ` սեպտեմբերի 15-ի հանրահավաքի օրը քաղաքի կենտրոնը լեփ լեցուն էր ոստիկանական մեքենաներով, իսկ ոստիկաններն էլ ագրեսիվ պահվածք էին դրսեւորում: ՀԱԿ-ի տեղեկություններով, այդ օրը Երեւան էին բերվել ոստիկանական ջոկատներ հանրապետության բոլոր մարզերից` բացառությամբ Սյունիքի: Առաջին նախագահի մամուլի քարտուղարն ընդգծեց, որ իրենք հրաժարվել են երթ անցկացնելուց, որովհետեւ նկատել են, որ ոստիկանությունը ցանկանում է բախումներ սադրել: Հանրահավաքից անմիջապես հետո ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանն իր հերթին հավաքվածներին տեղեկացրեց, որ անսալով բարձրաստիճան ոստիկանների խնդրանքին եւ հաշվի առնելով օրվա խորհուրդը (Սուրբ խաչ) չեղյալ են համարում օրվա երթը: Բացի այս, չգիտես որտեղից, ՀԱԿ-ին պարզ է դարձել, որ իշխանությունները պատրաստվում էին իրականացնել հանրահավաքի մասնակիցների ջարդ:
«Մենք չգնացինք այդ սադրանքին եւ երթ չանցկացրինք, որով խափանվեց ոստիկանության ծրագիրը», ասում է ՀԱԿ-ի ներկայացուցիչը:
Իսկ թե ընդդիմության ի՞նչ քայլեր են իրականացվելու սեպտեմբերի 26-ի հանրահավաքի ժամանակ եւ ՀԱԿ առաջնորդները ի՞նչ նկատի ունեն «շարժման ակտիվիստների վճռականություն» ասելով` Մուսինյանը փորձեց այսպես մեկնաբանել. «Վճռականությունը ենթադրում է գաղափարների եւ սկզբունքների մեջ համոզվածություն, անբեկանելի պայքար, այդ պայքարն առաջ տանելու կամք: Եթե վճռականություն ասելով հասկանում եք պետական որեւէ ինստիտուտի դռներ ջարդելը` սխալվում եք: Ցանկապատ ջարդողներ եղել են, որոնք հիմա քաղաքական դիակի կարգավիճակում են: Մենք երբեք քաղաքական արկածախնդրությամբ չենք զբաղվում»:
Սեպտեմբերյան հանրահավաքի նկատառումները ներկայացնելուց հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղարը հայտարարեց, որ ընդդիմությունը պարտավոր է որոշակի սրբագրումներ կատարել իր ռազմավարության մեջ. «Բայց դա չի նշանակում ակտիվության պակասեցում: Իսկ մեր գործողությունները լինելու են բացառապես օրենքի շրջանակներում»: Մուսինյանը չմանրամասնեց, թե հատկապես սրբագրումների մասին է խոսքը, բայց խոստացավ առաջիկայում հրապարակել մանրամասներ:
Համաժողովրդական շարժումը մտահոգված է նաեւ մի շարք իրողություններով, որոնց մասին խոսեց ակումբի հյուրը: Առաջինը, ըստ նրա, Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխության եւ Թուրքիայի միջնորդ լինելու մասին հայտարարությունն է: Մուսինյանին մտահոգել է նաեւ Թուրքիայի նախագահի հայտարարությունը, որով, ըստ Մուսինյանի մատուցման, Գյուլն ասել է, թե Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել գրավյալ տարածքները հանձնելու (ի դեպ, Գյուլը, ըստ թուրքական հանրային հեռուստատեսության, ինքնաթիռում դրա առնչությամբ նշել էր. «Հայերը օկուպացված ադրբեջանական տարածքներից դուրս գալու կամք կդրսեւորեն, եթե Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության հարցում գան վերջնական համաձայնության»): Սրան «Ազգն» անդրադարձել էր իր սեպտեմբերի 12-ի համարում: Եվ, վերջապես, ընդդիմությանը մտահոգել է հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին երկրի ղեկավարի հայտարարությունը:
Ըստ Մուսինյանի, մինչ այսօր իշխանությունները միայն արձագանքել են Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխության մասին հայտարարությանը` ընդգծելով, թե դրա կարիքը չկա. «Արձագանք չկա պատմաբանների հանձնաժողով ստեղծելու եւ գրավյալ տարածքները վերադարձնելու հարցի շուրջը: Էական եւ անցանկալի արդյունքներ են սպասվում սրանից»:
«Սերժ Սարգսյանըՙ չունենալով լեգիտիմության որեւէ ռեսուրս, Հայաստանի շահերի հաշվին գործարքի է գնում միջազգային հանրության հետ իր իշխանությունը պահելու համար», երկրի ղեկավարի վարած արտաքին քաղաքականությունն այսպես մեկնաբանեց Արման Մուսինյանն ու հավելեց, որ արտաքին գործընթացները դուրս են գալիս իշխանությունների վերահսկողությունից:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ