«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2008-09-17 | #170, 2008-09-18 | #171, 2008-09-19


«ԹՈՒՐՔԵՐԻՆ ՉՊԵՏՔ Է ԶԻՋԵԼ, ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼ «ՀՐԱԶԴԱՆ» ՏՈՆԱՎԱՃԱՌԸ, ԻՍԿ ԱԺ-ԻՆ ԷԼ ՎՃՌԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀ Է ՊԵՏՔ»

Կարծում է ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը

Մամուլի ազգային ակումբի հյուրը խոսեց Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության որոշ հրատապ խնդիրների մասին: Ըստ ընկեր Վահանի, Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից տարբեր անջատված երկրամասերի անկախության ճանաչումը (Ֆրանսիան, ԱՄՆ-ը ճանաչել են Կոսովոն, իսկ Ռուսաստանըՙ Աբխազիան եւ Հարավային Օսիան), նոր քաղաքական իրավիճակ է ստեղծել: Այսինքն, մինչ օրս շահարկվող կարծիքը, որ տարածքային ամբողջականությունը վեր է ազգերի ինքնորոշման իրավունքից, իրականությանը չի համապատասխանում: Իրականում այս երկու օրենքները հավասարազոր են, սակայն տարբեր հարթության մեջ են, որովհետեւ տարբեր իրավիճակներում են գործում: Մեկը վերաբերում է երկու սուվերեն պետությունների հարաբերություններին, որոնցից որեւէ մեկը մյուսից հող խլելու իրավունք չունի: Բայց եթե մեկ առանձին վերցրած սուվերեն երկրում մի ազգային փոքրամասնությունը որոշում է ինքնուրույն ապրել, ապա սկսվում է գործել ազգերի ինքնորոշման իրավունքը: Այլ հարց է, որ այս հարցը երկրներն օգտագործում են ըստ իրենց նպատակահարմարության: Այսինքնՙ երկակի ստանդարտները եւ անարդարությունները դեռ պահպանվում են: Արդյոք ՀՅԴ-ն տարակարծություններ ունի՞ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության հարցում եւ ինչպե՞ս է վերաբերվում Թուրքիայի փորձերինՙ միջնորդ դառնալ Ղարաբաղյան խնդրում: Վահան Հովհաննիսյանը նշեց. «Ես չեմ տեսնում Հայաստանում որեւէ քաղաքական ուժ, որը կողմ լինի, որ Թուրքիան միջնորդի կամ հաշտարարի դերակատարություն ունենա: Մինսկի խմբի համանախագահների կողմից Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելը լուրջ տարաձայնություններ առաջացրեց անդամ երկրների միջեւ, ինչից էլ փորձում է օգտվել Թուրքիան եւ ներգրավվել քաղաքական նոր խաղի մեջ, իրեն որպես այլընտրանք առաջարկելով, սա այն է, ինչը պետք է հասկանան մեր արտաքին քաղաքականությունը վարող այրերը»:

Ըստ Հովհաննիսյանի, ՀՅԴ-ի դիրքորոշումը հետեւյալն է. ՀՀ նախագահը կատարեց բավականին խիզախ քայլ եւ դրանով փորձեց համոզել համաշխարհային հանրությանը, որ Հայաստանը պատրաստ է քայլերի հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու: Իսկ թե ի՞նչ դուրս եկավ սրանից, ըստ Հովհաննիսյանի, այստեղ կան մտահոգիչ տարրեր: Թուրքական քարոզչական մեքենան սկսեց աշխատել, եւ պարզ դարձավ, որ նրանց նպատակը օգտագործելն է այս հարաբերություններըՙ կանխելու Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: Թուրքական մամուլի պնդումները, թե իբր կա համաձայնություն պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին, ըստ Վ. Հովհաննիսյանի, ճիշտ են, «բայց պետք է ասվի, որ նման համաձայնություն չկա, սակայն, կրկնում եմ, սա պետք է հնչի, ասվի, պետք է նաեւ ասվի, որ Հայաստանի իշխանությունը Ցեղասպանության ճանաչման մասին հարցը չի հանում իր օրակարգից եւ այլն»:

  «Ազգի» հարցին, թե երկկողմ հարաբերությունների հնարավոր զարգացումը եւ դիվանագիտական հարաբերությունների ու սահմանների բացումը գործնական առումով ի՞նչ են տալիս Թուրքիային, բացի զուտ քարոզչական նպատակներից, Վահան Հովհաննիսյանը պատասխանեցՙ Թուրքիայի նվաճումների դաշտը Եվրոմիությունն է: «Նրանք Եվրոմիությանը եւ այն երկրներին, որոնք ճանաչել են ցեղասպանությունը, փորձում են լռեցնել, ցույց տալ իրենց հանդուրժողականությունը հայկական քաղաքականության մեջ, նրանց ձեռքբերումը դեռ Հարավային Կովկասում չէ»: Վ. Հովհաննիսյանը նկատում է, որ դիվանագիտական հարաբերություններ կան նույնիսկ այն երկրների մեջ, որոնք միմյանց տարածքային ամբողջականությունը եւ սահմանները չեն ճանաչել, օրինակՙ Չինաստան-Ռուսաստան, Ճապոնիա-Ռուսաստան, լատինամերիկյան մի շարք երկրներ եւ այլն: Այսինքն, այս առումով մեզ լավություն չեն անում: «Սահմանների բացման հարցում այստեղ հարցը պարզ է, բացումը ավելի լավ է, քան փակ լինելը, այստեղ վեճ չկա: Ճանապարհների բացումը կբերի ներկրվող ապրանքների էժանացմանը, որոշակի տնտեսական օգուտների: Սակայն որքանո՞վ են մեր շուկան, մեր տնտեսությունը, մեր արտադրողը պատրաստ ճանապարհների բացմանը», հարց է տալիս Վ. Հովհաննիսյանը եւ փորձում պատասխանել. «Եթե ճանապարհը բացվում է եւ շարունակվում է Ադրբեջանով, Իրանով դեպի Հնդկական օվկիանոս, իհարկե, օգուտը շատ է, սակայն եթե ճանապարհը բացվում է եւ Հայաստանը մնում է փակուղու մեջ, ապա մենք վերածվում ենք Թուրքիայի արեւելյան շուկայի կցորդի եւ տալիս ենք նրանց զարգացնելու այսօր տնտեսական անկում ապրող Արեւմտյան Հայաստանի քիչ բնակեցված տարածքները»: Այսինքնՙ տնտեսական առումով թուրքական շահը մեզանից պակաս չէ, եւ դա պետք է ասել նրանց երեսին, եզրակացնում է Հովհաննիսյանը: «Այս ճանապարհի բացման քաղաքական նշանակությունը թուրքական կողմի համար մի քանի անգամ ավելի օգտակար է, քանի որ այսպիսով նա Եվրոմիությանը կներկայացնի, որ ինքը լուրջ փոփոխություն է կատարել հայկական քաղաքականության մեջ, ինչը Եվրոմիությանը անդամակցելու խոչընդոտներից մեկն է»: «Իսկ մենք կկարողանանք քաղաքական դիվիդենտներ քաղել, այն, ինչ այսօր է կատարվում, վախենամ, որ չենք կարողանա: Այսինքնՙ ճանապարհի բացումը չպետք է դառնա Թուրքիայի կողմից մեզանից հավելյալ զիջումներ կորզելու առիթ», եզրահանգում է ՀՅԴ բյուրոյի անդամը:

Լրագրողի այն նկատառմանը, թե Գյուլի այցի կապակցությամբ ՀՅԴ-ի կազմակերպած բողոքի ակցիան որոշ քաղաքական ուժեր դատապարտեցին, իսկ ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանիՙ նույնիսկ որոշակի լարվածություն առաջացրեց, Վահան Հովհաննիսյանը հակադարձեց այսպես. «Եթե հիշում եք, այդ օրերին Լ. Տեր-Պետրոսյանն իր ցույցը նույնիսկ չեղյալ հայտարարեց, որպեսզի ավելի դուրեկան լինի մեր իշխանություններին: Ընդհանրապես ես առաջարկում եմ, այսուհետեւ յուրաքանչյուր քաղաքական ուժ ցույցեր անցկացնի այն վայրերում, որտեղ ինչ-որ դերակատարում է ունեցել, օրինակ, իրենք ինչո՞ւ են ընտրել Հյուսիսային պողոտան, դա Լեւոն Տեր-Պետրոսյանը չի կառուցել: Նա կառուցել է «Հրազդան» մարզադաշտի տոնավաճառը եւ այնտեղ էլ պետք է անցկացնի իր միտինգները, որովհետեւ իր միտինգների տոնայնության եւ բովանդակության մեջ առեւտրի էլեմենտներն այնքան են սկսել ուժեղանալ, որ ճիշտը տոնավաճառներում աշխատելն է»: Լրագրողի հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ պետք է բարձրացնել Ազգային ժողովի հեղինակությունը եւ առաջ քաշեց Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, ինչպե՞ս է վերջինս ԱԺ-ի հեղինակությունը բարձրացնելու: Ըստ Վահան Հովհաննիսյանի, այստեղ կա ճշմարտություն, քանի որ մինչեւ սահմանադրական բարեփոխումները «մենք դժգոհում էինք, որ ԱԺ-ն բավականին թույլ է, իրավասություններ չունի եւ չի կարող հանդիսանալ հակակշիռ գործադիր իշխանության: Սահմանադրության բարեփոխումներից հետո ԱԺ-ն նոր քաղաքական կշիռ, լիազորություններ ստացավ: Սակայն այս նոր լիազորություններից օգտվելու համար հարկավոր է 2 էլեմենտՙ ԱԺ-ի մասնագիտական որակ եւ ԱԺ-ի վճռական ու խիզախ նախագահ, այս էլեմենտներից մեկը նախագահը համարում է, որ անհրաժեշտ է փոխել եւ այս առումով ճշմարտություն կա: Սակայն ի՞նչ հատկանիշներով, դա ցույց կտա ժամանակը: Անհրաժեշտ է, կրկնում եմ, վճռականություն եւ գործադիր իշխանության նկատմամբ ԱԺ-ի անկախությունը վերանվաճելու կամք»:

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4