«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2008-09-17 | #170, 2008-09-18 | #171, 2008-09-19


ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Ծաղկաձոր

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում երեկ Ծաղկաձորի «Գրողների ստեղծագործական տանն» իր աշխատանքները սկսեց Համահայկական լրատվամիջոցների ղեկավարների համաժողովը: Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը ողջունելով համաժողովի մասնակիցներինՙ նշեց, որ «Աշխարհի հետ մեր ինքնությամբ» խորագրով անցկացվող համաժողովը շատ կարեւոր դեր ու առաքելություն ունի եւ արդեն հասունացել է այն պահը, որ պետք է ձեւավորել համահայկական լրագրության խորհուրդ, բարձրացնել հայապահպանության, լեզվի շատ խնդիրներ, որոնք պետք է ունենան մեկ հիմնական խորհուրդ «Հայաստանովՙ Հայաստանի համար»: Համաժողովին Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Երկրորդի ողջույնի ուղերձը եւ օրհնությունը փոխանցեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Մշակույթի նախարարի ուղերձը փոխանցեց նախարարության գրահրատարակչության վարչության պետ, գրող Էդվարդ Միլիտոնյանը, իսկ ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահի ողջույնն ու զեկույցը ներկայացրեց աշխատակազմի ղեկավար Արտակ Զաքարյանը: Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ նրա նախագահ Արա Աբրահամյանի ողջույնի խոսքը ներկայացրեց նախագահի տեղակալ Արամ Սարգսյանը, նշելով, որ Համահայկական կոնգրեսը մեծ տեղ ու դեր է տալիս լրատվամիջոցներին ու արդեն երկու անգամ հայտարարել է մրցույթ, որին մասնակցում են նաեւ սփյուռքի լրատվամիջոցների ներկայացուցիչները:

«Սփյուռքի հետ կապեր հաստատելը ոչ միայն խոսքով, այլեւ գործով պետք է լինի, որի խնդիրների շուրջը մենք մի շարք ծրագրեր ենք մշակել: Մեզ անհրաժեշտ է, որ մենք միասնական լոբբիինգ անենք համահայկական խնդիրները կարգավորելու ուղղությամբ, ունենանք մեկ ընդհանուր լրատվական ցանց, կազմակերպենք մի այնպիսի ակցիա, որտեղ մենք մեր միասնական դիրքորոշումը կներկայացնենք Արցախի խնդրի շուրջը, ու այդ հարցում մեծ դեր ունի մամուլը: Շուտով մենք բոլոր համայնքներում հրավիրելու ենք ժողով եւ ընդունելու ենք մեկ բանաձեւ, որը ցույց կտա մեր դիրքորոշումը, մեր պահանջի հստակ լուծումը... »:

Ողջույնի ուղերձներից հետո Աստղիկ Գեւորգյանը տեղեկացրեց, որ համաժողովը ողջունում ու շնորհավորում է «Ասպարեզ» (ԱՄՆ), «Ժամանակ» (Ստամբուլ) թերթերի 100-ամյակները, նաեւ «Նաիրիի» (Կալինինգրադ) 5-ամյակը: «Ասպարեզ» թերթի մեկդարյա անցած ուղու մասին խոսեց, նաեւ ՀԺՄ ուղերձն ընթերցեց «Արարատ» թերթի գլխավոր խմբագիր Նելլի Բեգլարյանը, «Ժամանակի» մասինՙ ՀԺՄ «Ոսկե գրիչ» մրցույթի դափնեկիր Գրիգոր Ջանիկյանը, իսկ «Նաիրիի» գործունեությունը ներկայացրեց «Ավանգարդ» թերթի գլխ. խմբ. Ջուլիետա Մարտիրոսյանը, եւ հոբելյարներին հանձնեցին հուշամեդալներ: Երեք հոբելյար թերթերի խմբագիրներն իրենց շնորհակալական խոսքն ասացին եւ կարեւորեցին նման համաժողովի անցկացումը:

Այնուհետեւ եթերներիցՙ հատկապես «Հ1»-ի այսօր սփռվող վատորակ հաղորդումների, լեզվի աղճատման ու սերիալների մասին եղան խիստ քննադատական ելույթներ, առաջարկներ: Լիբանանի «Մասիս» շաբաթաթերթի խմբագիր Սարգիս Նաջարյանն առաջարկեց, որ համաժողովը կոչով հանդես գա ու հետեւողական լինի, որ որեւէ մեկն ինքնակամ չաղավաղի հայոց լեզուն: «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը խոսեց այն խնդիրների մասին, որոնց բախվում են լրատվամիջոցները թե՛ մայր հայրենիքում եւ թե՛ սփյուռքում, նշելով, որ ե՛ւ սփյուռքահայ մամուլի, ե՛ւ մեզ մոտ ընթերցողների թվի նվազումը համընդհանուր խնդիր է: Կադրերի պակասը սփյուռքում լուրջ վտանգ է մամուլի համար եւ պետականորեն այդ հարցի շուրջը պետք է մտածել: Անդրադառնալով նաեւ մի կարեւոր խնդրի, որ առ այսօր չի հաջողվել համահայկական թերթ եւ լրատվամիջոց ունենալ, այն համարեց հրատապ:

Համաժողովն այսօր կշարունակի իր աշխատանքները մի քանի նիստերում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4