ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Վայոց ձորում տարեկան արտադրվում է 5 հազար տոննա հացահատիկ, 3 հազար տոննա խաղող, այլ պտուղների բերքը եւս առատ է: Առատությունն այս տարի եւս չի խնայվել Վայոց ձորին: 2306 ք/կմ տարածք, 300 համայնք ունեցող մարզում այս տարի ինքնահոս ջրանցքների կառուցման շնորհիվ մոտ 7 հազ. հեկտարով ավելացել են ոռոգելի տարածքները, առհասարակ ոռոգման համակարգերում մեծ ներդրումներ են արվել, բայց անջրդի մնացած հողեր էլ կան, օրինակՙ Խաչիկի, Բարձրունու սահմանամերձ հատվածներում փոքր ջրամբարներ պետք է կառուցել եւ այդ կարգի գյուղերում եւս ոռոգման հարց լուծել:
Մարզում ներդրումներ կան, սակայն դրանց ծավալները դեռ բավարար չեն, օրինակ` պետք է վերագործարկել Եղեգնաձորի պահածոների գործարանը (որի համար, ի դեպ, 1,5 մլրդ դրամ է հարկավոր), որպեսզի ե՛ւ աշխատատեղերի, ե՛ւ արտադրական ծավալների մեծացման հարց լուծվի:
Վայոց ձորն այն մարզն է, ուր համարյա թե վթարային դպրոց չկա, դրանք բոլորը նորոգվել են, սակայն աշակերտների թվի նվազ լինելու պատճառով ուսուցման գործընթացը ծախսատար է. 8830 աշակերտ, 1021 ուսուցիչ կան:
Գործազուրկների թիվը 1068, կենսաթոշակառուների թիվը` 10675 է:
Այս եւ էլի շատ ուրիշ փաստեր լրագրողներս իմացանք Վայոց ձորի մարզպետ Վարդգես Մաթեւոսյանից, որը Վայոց ձորի մարզպետարանում ընթացող կառավարության արտագնա նիստի ժամանակ ներկայացնում էր մարզի սոցիալ-տնտեսական վիճակն ու մարզում իրականացվող ծրագրերը: Ի դեպ, նիստը բացելիս վարչապետ Տիգրան Սարգսյանը մի անգամ էլ ընդգծեց, որ երկրորդ արտագնա նիստը հնարավորություն է կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը իրականացնելուՙ Հայաստանի տարածքային համաչափ զարգացումը, քանի որ մոտիկից ծանոթանալով տվյալ մարզի խնդիրներին` հնարավոր է առավել ճշգրտել անելիքները:
Իսկ Վայոց ձորի մարզպետը, օրինակներ նշելով, առաջնահերթ համարեց գյուղմթերքի վերամշակման, գործազրկության կրճատման եւ սոցիալական պաշտպանության հիմնահարցերը: Մի շարք գյուղեր գազաֆիկացվել են, պետբյուջեի ֆինանսավորմամբ նորոգվել են համարյա բոլոր համայնքների խմելու եւ ոռոգման ջրագծերը: Այս տարվա առաջին 7 ամիսներին համայնքների բյուջեների սեփական եկամուտներն աճել են 7 մլն դրամից ավելի` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ: Մարզպետի խոսքում հնչեց, եւ վարչապետի գնահատականում էլ կար, որ հարկահավաքման գործընթացում մարզում դրական դինամիկա կա հողի հարկի, գույքահարկի, վարձավճարների հավաքման ցուցիչը միջին հանրապետական ցուցանիշից բարձր է: Տ. Սարգսյանի բացատրություններից հասկանալի դարձավ, որ Վայոց ձորում թանկ է նստում գազաֆիկացիան, որպեսզի այդ պատճառով սակագնի բարձրացում չլինի` այլընտրանքային ֆինանսական աղբյուրների հայթայթման մասին պետք է մտածել: Նիստում հավանություն տրվեց կառուցվող Իրան-Հայաստան բարձր ճնշման գազատարի ուղեգծին մոտիկ` մարզի չգազաֆիկացված համայնքները գազաֆիկացնելու նախնական սխեմայի եւ հարակից աշխատանքների փաթեթին:
Իսկ առավել կարեւորն այն է, որ մարզպետարանին հանձնարարական էր տրված մասնավոր հատվածի բիզնես- ծրագրեր ներկայացնել, եւ շատ լավ ծրագրեր արդեն կան: Այստեղ ձայնը տրվեց էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանին, որը պատմեց, թե մարզի համար 9 միջին եւ փոքր ձեռնարկության համաֆինանսավորման ծրագիր է մշակվել, որոնցով կզարգացվեն Վայոց ձորի ավանդական ճյուղերը, 9-ից յուրաքանչյուրում 100 աշխատատեղ ավելացնելով. կլինեն այծի պանրի, տակառների, մանվածքի, գինիների, մրգանյութի, կարմրախայտի արտահանման արտադրություններ, կգործարկվի Եղեգնաձորի պահածոների գործարանը: Տ. Սարգսյանն էլ գովեց` Վայոց ձորը կարող է օրինակելի դառնալ այլ մարզերի համար լավ բիզնես-ծրագրերի առումով:
Աշխատանքի եւ սոցապահովության նախարարի հետ կարճ քննարկվեց այն մոտեցումը, թե ինչպես անեն, որ սոցիալական նպաստի բալային համակարգը չխանգարի հայ ընտանիքի զարգացմանը: Հետո նաեւ Վահե Դանիելյանը ներկայացրեց Ջերմուկը զբոսաշրջության կենտրոն դարձնելու նպատակը, որով Ջերմուկը հայտարարվում է զբոսաշրջության կենտրոն, նախագծով հայեցակարգային նպատակներ են սահմանվելու, էկոնոմիկայի նախարարության մշակած ծրագիրը պետք է քննարկվի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, զարգացման ծրագիրը Ջերմուկ քաղաքի հատակագծով է առաջնորդվելու:
Ի դեպ, Ջերմուկում օդանավակայան կառուցելու նախագիծ եւս կա` 84 մլն դրամից ավելի կհատկացվի եւ նոր օդակայանի կառուցման, եւ չգործող օդանավակայանի կառուցապատման համար:
Կառավարության նիստում ուշադրության եւ հավանության արժանացավ Վայոց ձորում այգեգործության զարգացման աջակցության ծրագիրը, վարչապետը հանձնարարեց գյուղատնտեսության նախարարին` մշակել այն մեխանիզմները, որոնցով ծրագիրն իրագործվելու է, այգեգործական տնտեսությունների եւ վերամշակող գործարանների միջեւ հարաբերությունները կարգավորելով:
Ի դեպ, Վայոց ձորի զարգացման ծրագրերին եւ արտագնա նիստերին շատ դրական վերաբերմունք ուներ Ազգային ժողովի պատգամավոր, ծնունդով վայոցձորցի Գագիկ Աբրահամյանը, որը մշտապես տեղյակ է մարզում իրականացվող ծրագրերին եւ կառավարության արտագնա նիստին էլ մասնակցում էր: Նրա տեղեկացմամբ` Մալիշկա գյուղում իր երկհարկանի տունն ու 3 հազ. քմ հողամասը նա տրամադրել է սփյուռքի նորաստեղծ կոմիտեին` ՄԱԿ-ի հետ համատեղ անգլերեն թեքումով մանկապարտեզ կառուցելու համար:
Կառավարության արտագնա նիստում 3 տասնյակից ավելի հարցեր քննարկվեցին, սակայն քանի որ արտագնա նիստը հենց Վայոց ձորում էր, մենք ներկայացրինք մարզին վերաբերող հատվածի մի քանի կարեւոր հարցերի անդադարձները:
Հ.Գ.- Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորեց Ֆադեյ Սարգսյանի 85-ամյակը: