Արցախի Տիգրանակերտի գտնվելու վայրի մասին չափազանց սուղ տեղեկությունները չխանգարեցին այն հայտնաբերելուն եւ մեկ տարի հետազոտությունից հետո արդեն 3 տարի պեղումներ ձեռնարկելուն: Ի վերջո պեղումները շարունակելու համար ֆինանսական աջակցություն ցուցաբերեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունըՙ 30 մլն դրամ տրամադրեց եւ այսօր արդեն բացված են 6,5 մ բարձրությամբ, 320 մ երկարությամբ պարիսպները, 60 մՙ պեղված: Կայսերակերտ քաղաքի վեհությունը փոխանցվում է ոչ միայն սպիտակ քարի շքեղությամբ, այլեւ ժամանակի շինարարական բարձրակարգ տեխնոլոգիաների առկայությամբ: Այս մասին երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողներին պատմեց ՀՀ ԳԱԱ Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Նրա տեղեկացմամբ, այլեւս կասկած չկա Տիգրանակերտում հայտնաբերված եկեղեցու թվագրման հարցում. «Եկեղեցին 5-րդ դարավերջի 6-րդ դարասկզբի կառույց է, որը Հարավային Կովկասում ամենամեծ բազիլիկ սրահն էՙ արդեն մաքրվել, պեղվել է եկեղեցու տարածքը 20 մ երկարությամբ, 10 մ լայնությամբ, բայց դա ամբողջը չէ»:
«Ով տեղում 2 ժամ լինում է, պարտք է համարում, հոդված հրապարակել, բրոշյուր-կատալոգ տպագրել, որոնցում մասնագիտական սխալ եզրակացություններ կան», հերթական անգամ ի գիտություն ասաց Համլետ Պետրոսյանը, ընդգծելով, որ ժայռե հիմքերով Արցախի Տիգրանակերտը բաց հուշարձան է, որը նաեւ պաշտպանություն է ենթադրում: Ներկայում հուշարձանը պահակ ունի եւ հուշարձանի ամենախոցելի մասըՙ եկեղեցին, որ բավական խորության մեջ է, ԼՂՀ իշխանությունների տրամադրած 2,3 մլն դրամով ապահովվել է ջրահեռացման համակարգով: Իշխանությունները նաեւ Արցախի զինված ուժերի ուշադրությունն են հրավիրել բանակի զորամասերի զինավարժությունները Տիգրանակերտի տարածքից դուրս անցկացնելու անհրաժեշտության վրա: Իսկ հուլիսի 19-ից Հուշարձանն արգելոց է հայտարարվել եւ զբոսաշրջության ծրագիր է մշակվում:
Դեռեւս հայտնաբերված չէ անտիկ ժամանակաշրջանի դամբարանադաշտը, որը վստահաբար չի կարող չլինել տարածքում: Պեղումները շարունակելու համար անհրաժեշտ է եւս 30 մլն դրամ, որի հայթայթման համար այսօրվանից են մտածում: Ռուսաստանաբնակ հայ բարերարի տրամադրած միջոցներով արդեն իսկ ստեղծվել եւ գործում է www.Tigranakert.am կայքը դեռեւս միայն հայերեն, անգլերեն եւ ռուսերեն տարբերակները պատրաստման փուլում են: Իսկ Տիգրանակերտը միջազգային հանրությանն ու գիտական շրջանակներում ներկայացնելու նյութերն ու տեխնիկան արշավախումբն ունի եւ օրերս ներկայացրել է Հայագետների միջազգային 13-րդ համաժողովին Փարիզում: Տիգրանակերտի մասին ներկայացված նյութերը ոգեւորել են համաժողովի մասնակիցներին եւ արդեն միջազգային գիտական շրջանակներում առաջարկ կա Ստրաբոնի թողած Արցախի Տիգրանակերտի գտնվելու վայրի առնչությամբ տեղեկություններում շտկումներ կատարելու մասինՙ հիմնվելով Տիգրանակերտի պեղումներով հաստատված փաստերի վրա: «Մշակութային ժառանգությունը ծանր բեռ չէ, այլ առաջընթացի հզոր գործիք», նշեց Համլետ Պետրոսյանը, միաժամանակ ընդգծելով, որ այս մտածողությամբ առաջնորդվելը մեծապես կնպաստի նաեւ քաղաքական ասպարեզում հաջողություններ ունենալուն:
Անդրադառնալով համաժողովի աշխատանքներին ընդհանրապեսՙ Համլետ Պետրոսյանը նշեց, որ խիստ կարեւորվել է հայագիտական նյութերի թվայնացման հարցը եւ այդ ուղղությամբ ձեռնարկումների հիմնական մասը հենց Հայաստանում եւ զուգահեռաբար իրավական համապատասխան հիմք մշակելով իրականացնելը. «Հայաստանից դուրս հայագիտական նյութերի թվայնացման ծրագրերը մինչ օրս կամ ոչ մի արդյունք չեն տվելՙ չի գրվել եւ ոչ մի հոդված ու չի տեղադրվել որեւէ կայքում, կամ հաջողել են, կայք ստեղծել, բայց ունեն ընդամենը 4 բաժանորդ, քանի որ վճարովի է եւ ոչ մատչելի»:
Բանախոսը հայագիտության զարգացման առաջին քայլը համարում է հենց գիտնականի մտածողության փոփոխությունը. «Մեր օրերում անհրաժեշտ են խոհեմ, հանդուգն, վճռական, արժանապատիվ կյանքով ապրելու հնար ունեցողՙ լավ վճարվող գիտնականներ, այլապես երկրից դուրս գործող երիտասարդ հայագետները կշարունակեն հայաստանաբնակ գործընկերների աշխատանքին անծանոթ ու անտեղյակ լինելով նրանց քամահրաբար վերաբերել ու հրապարակել թյուր տեղեկություններով լի հոդվածներ ու աշխատություններ»:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ