«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2008-09-17 | #170, 2008-09-18 | #171, 2008-09-19


ՄԽԱՏ-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ

Սեպտեմբերի 7-ին Ռոբերտ Ստուրուայի «Համլետ» ներկայացմամբ մեկնարկեց Շեքսպիրյան միջազգային փառատոնը, որի ընթացքում բազմաթիվ երկրների թատերախմբեր յուրահատուկ ընկալմամբ ու մոտեցմամբ ներկայացրին Շեքսպիրի ստեղծագործությունները:

Փառատոնը հայ հանդիսատեսին հրաշալի հնարավորություն ընձեռեց դիտելու Ա. Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնի «Համլետ» ներկայացումը, որով էլ եզրափակվեց Շեքսպիրյան փառատոնը:

Երեկ մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում ռուս անվանի դերասանների հետ: Համլետի դերակատար Միխայիլ Տրուխինը նշում է, թե ոգեշնչվել է հատկապես Վլադիմիր Վիսոցկու խաղացած Համլետից:

«Վիսոցկին հրաշալի էր խաղում: Իր գործի գիտակ անձնավորություն էր: Սակայն այսօր ժամանակներն ու ընկալումներն այլ են: Թերեւս դա է պատճառը, որ ռեժիսորը բեմադրությանը հաղորդել էր ժամանակակից տարրեր: Թատրոնի հիմնական նպատակը հանդիսատեսի մոտ զգացմունքներ առաջացնելն է: Այդ հանգամանքը շատ ենք կարեւորում: Եվ կարծում եմ, որ այդ հարցում հաջողեցինք», նշում է Տրուխինը:

«Համլետի» փորձերը տեւել են ավելի քան ինը ամիս:

«Յուրի Բուտուսովի հետ համագործակցում ենք ավելի քան տասնհինգ տարի: Միշայի եւ Կոստյայի հետ ընկերությունը երկար տարիների պատմություն ունի: Այսինքնՙ միմյանց բնավորության դրական ու բացասական գծերին շատ լավ ծանոթ էինք: Պրոֆեսիոնալ թիմ էր հավաքվել, որտեղ յուրաքանչյուրը հստակորեն գիտակցում էր իր անելիքը: Պոլոնիուսի կերպարն ավելի շատ նմանեցնում եմ խամրած գույներով ծաղրածուի, որ կայուն բնավորություն չունի», նշում է Պոլոնիուսի դերակատար Միխայիլ Պարեչենկով:

«Երբ Բուտուսովն առաջարկեց Կլավդիոսի դերը` համաձայնեցի: Կլավդիոսը բացասական, մի քիչ աբստրակտ, բայց հետաքրքրական կերպար է: Ինձ համար շատ կարեւոր էր Կլավդիուսի ուժեղ բնավորությունն ու գահին հասնելու տենչը ճիշտ ներկայացնել», նշում է Կոնստանտին Խաբենսկին:

Անդրադառնալով հայ հանդիսատեսինՙ Կոնստանտին Խաբենսկին հավելում է.

«Երբեմն թվում էր, թե հանդիսատեսի մեծ մասը չէր հասկանում ռուսերեն կամ էլ ներկայացման ընթացքում մեկ այլ բանի մասին էր մտածում: Ու, թերեւս դա էր պատճառը, որ այդպես էին ընկալում: Ավելի ուշ սկսեցի մտածել, որ քիչ էին ծափահարում, որպեսզի չխանգարեին դերասաններին»:

Թեպետ ռուս դերասանները Հայաստան են այցելել ընդամենը երկու օրով, սակայն տեսածից դատելով խոստովանում են, որ «Երեւանն ավելի գեղեցիկ է, քան պատկերացնում էինք»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4