Երեւանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը բացեց իր 40-րդ թատերաշրջանը: «Ազգը» հանդիպեց թատրոնի գրական մասի վարիչ, գրող Նորայր Ադալյանի հետ ու խնդրեց տեղեկացնել, թե այս թատերաշրջանում ի՞նչ ծրագրեր են մշակվել: «Այս աշունը կարելի է համարել շատ տաք, ակտիվ, աշխույժ ժամանակաշրջան Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի համար: Միայն միջոցառումների թվարկումը խիստ տպավորիչ է եւ ծանրակշիռ: Երկու օրիցՙ սեպտեմբերի 19-ին հանդիսավորությամբ կնշվի ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Վլադիմիր Մսրյանի ծննդյան 70-ամյակը: Վլադիմիր Մսրյանն այն դերասաններից է, որ մեծ ներդրում ունի դրամատիկական թատրոնի անցած ճանապարհում: Եվ այս հոբելյանը ոչ միայն դրամատիկականի, այլեւ ըստ ինձ, մեր թատերական կյանքի նշանակալից իրադարձություններից է: Իսկ սեպտեմբերի 27-ին եւ 28-ին հանդիսատեսի դատին կհանձնենք Բերգերի «Սիրային խառնաշփոթություն» գործի նոր ներկայացումը, որը բեմադրել է դերասան Ռոբերտ Հարությունյանը, նկարիչն է Կարեն Գրիգորյանը: Ներկայացման մեջ ներգրավված է թատրոնի երիտասարդ սերունդըՙ Գոհար Իգիթյան, Հրաչյա Հարությունյան, Արմեն Բարսեղյան, Հովհաննես Բաբախանյան եւ Նաիրա Շահիրյանը: Ուրախ, աշխույժ այս ներկայացումը, կարծում եմ հանդիսատեսը կսիրի: Ասեմ, որ հոկտեմբերի 2-ին թատրոնը հանդիսավորությամբ կնշի անվանի գրող Պերճ Զեյթունցյանի 70-ամյակը:
Ինչպես գիտեք, դրամատիկականի խաղացանկում ոչ մի դրամատուրգի պիեսներ այդքան չի բեմադրվել, որքան Պերճ Զեյթունցյանի գործերը: Միայն ընթացիկ գործող խաղացանկում ընդգրկված են Պերճ Զեյթունցյանի երեք դրամատիկական գործերը: Իսկ ամենագլխավոր իրադարձությունը կլինի մի քանի շաբաթից: Մեծ հանդիսավորությամբ նշվելու է թատրոնի հիմնադրման 40-ամյակը եւ հիմնադրիՙ նշանավոր բեմադրիչ Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 85-ամյակը: Այս հոբելյանական միջոցառումը շատ կարեւոր է, որովհետեւ ե՛ւ դրամատիկական թատրոնը, ե՛ւ նրա հիմնադիրը 20-րդ դարի թատերական ու մշակութային կյանքում իրենց մեծ դերակատարությունն են ունեցել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանն այս միջոցառումներին մոտեցել է ամենայն լրջությամբ, ստեղծագործաբար, որպեսզի մեր հանդիսատեսը մեկ անգամ եւս տեսնի թատրոնի անցած ճանապարհը եւ իր վերաբերմունքով գնահատի այն մեծ դերակատարությունն ու ներդրումը, որ թատրոնն ու Հրաչյա Ղափլանյանը ունեցել են հայ թատերարվեստում»:
Նորայր Ադալյանը վերջում ավելացրեց, որ վերը նշված միջոցառումներին զուգահեռ այսօր ընթացքի մեջ են երեք նոր բեմադրությունների աշխատանքները ու շեշտեց. «Մենք մշակույթ ունենք եւ այն պետք է սիրել ու գնահատել»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ