«Արշիլ Գորկու օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Մաշտոցի անվան Մատենադարանում բացվել է «Վասպուրականի մանրանկարչությունը 13 -15-րդ դարերում» ցուցահանդեսը։ Մեծաթիվ ձեռագրերի ցուցադրությամբ այցելուներին է ներկայացվել հայկական մանրանկարչության հիասքանչ մանվածքն իր գունագեղ հյուսվածքներով, որից աչք կտրելն այնքան դժվար է, որքան Արշիլ Գորկու կտավներից։ Գորկու նկարչության եւ նրա հայկականության հարցի մասին Մատենադարանում զրուցեցինք արվեստագիտության դոկտոր պրոֆեսոր, մշակույթի վաստակավոր գործիչ արվեստաբան Վիգեն Ղազարյանի հետ։ Ուսումնասիրելով Գորկուՙ քրոջը գրած բոլոր նամակները, նա նկատել է, որ դեռեւս Նյու-Յորքի քոլեջում ուսանելու ժամանակ պատանի նկարիչն ասել է, որ ինքը տեղ պիտի գրավի Սեզանի ու Պիկասոյի նման նկարիչների կողքին։ «Այդպես էլ եղավ, ոչ ոք չի ժխտում, որ իր արվեստով Գորկին կանգնած է եվրոպական ու նոր ամերիկյան նկարչության մեջտեղում։ Այս տերմինը առաջադրեց Գորկու քննադատներից Քլեմենտ Գրինբերգը, «պատերազմ» սկսելով նկարչի քննադատների 2 բանակների միջեւ, քանի որ Գորկուն որպես մեծ նկարչի եւ վերջին սյուրռեալիստի հայտնաբերողն ու գնահատողը սյուրռեալիզմի հիմնադիր, նշանավոր արվեստաբան, բանաստեղծ Անդրե Բրետոնն էր։ Ըստ նրա, Մ. Նահանգներում սյուրռեալիզմը պետք է ծաղկեր Գորկու շնորհիվ։ Նրա կողքին կանգնած նկարիչները հետագայում դարձան մեծ անուններ, նրանց խումբը ստեղծեց ամերիկյան մի ուղղություն, որը նպատակ ուներ, ինչպես նշում էին քննադատները, մոդեռնիստական արվեստի կենտրոնը Եվրոպայից տեղափոխել Մ.Նահանգներ։ Այդ նոր ուղղությանՙ աբստրակտ իմպրեսիոնիզմի հիմքում կանգնած էր Արշիլ Գորկին։ Խնդիրն այն էր, թե Գորկին որքանով էր եվրոպական, որքանովՙ ամերիկյան։ Վիճահարույցը միայն դա էր։ Գորկին բարդ երեւույթ է, այն եզակի նկարիչներից մեկը, որը տիպիկ եվրոպական էր, հիանալի գիտեր արվեստի պատմություն, հայկական մանրանկարչություն, զարմանալի մանրամասնությամբ հիշում էր իր սիրած բոլոր կտավները, կարող էր դրանք դիտել հարյուր եւ հազար անգամ», ասում է Ղազարյանը։
Գորկու ստեղծագործության մեջ մի նոր շրջան է բացվել նրա «Գարունը Խորգոմի այգում» կտավով։ Ղազարյանի ասելով, 1940-ականներից տեղի է ունեցել մեծ փոխակերպություն, որը նկարիչը կապել է իր հայ լինելու հետ։ Նրա հայկականության հարցը միահյուսվում է հայ միջնադարյան մշակույթի եւ դրա ակունքներիՙ նախաքրիստոնեական եւ հնագույն շրջանների հետ։ Գորկին ցանկացել է տեր դառնալ հայկական մշակույթին, որպեսզի իր հիշողությունից ոչինչ չկորչի, որ կարողանա արյան կանչով ծնված ամեն մի պատկեր արտահայտել ու փոխանցել մարդկանց։ Ըստ Ղազարյանի, նրան հաջողվել է դրանք արտահայտել, որովհետեւ նրա կտավները հնարավոր չէ շփոթել ուրիշ մեկի հետ, սակայն հայկականությունը կարելի է տեսնել նաեւ եվրոպացի նկարիչների կտավներում։ Այդ առումով Գորկու արվեստը դառնում է համամարդկայինՙ առաջ բերելով մեծ բարդություններ։ «Գորկին գիտակցում էր այդ բարդությունները։ Քրոջը գրած նամակները ցնցում առաջ բերեցին ամերիկյան քննադատության մեջ եւ հայկականության հարցը դարձավ մեծ վիճաբանության նյութՙ հայերեն գրված լինելու պատճառով, մինչեւ իսկ կասկածի տակ դրվեց դրանց իսկական լինելը։ Կնոջըՙ Ագնեսին թելադրած մտքերից հայտնի է դարձել, որ իրեն ոգեշնչել են մոր գոգնոցը, տան դիմացի խնձորի այգին, սեւահողերը, ծիրանի գույնը, մայրանալու համար իրենց կուրծքը կապույտ ժայռերին հպող կանայք, ծառերից կախված նարոտները, մի խոսքով այն ամենը, ինչ մնացել է նրա մանկության հիշողությունների ծալքերում եւ ցայտուն արտացոլվել հասուն տարիքում ստեղած կտավներում։ Հենց դրա մեջ է Արշիլ Գորկու հայկականությունը»։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ