Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության երկրորդ օրը շատ հաջող էր հայ ծանրորդների համար: Գերազանց ելույթ ունեցավ մեր հանրահայտ ծանրորդ, օլիմպիական խաղերի չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդինՙ 69 կգ քաշային կարգում հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: 19-ամյա հայ պատանին ոսկե մեդալի արժանացավՙ երկամարտում ցույց տալով 310 կգ (140+170) արդյունք:
Պոկում վարժությունն Առաքելը սկսեց 135 կգ-ից, ապա հաջողությամբ բարձրացրեց 140 կգ-անոց ծանրաձողը: Եվ թեեւ 3-րդ մոտեցման ժամանակ չկարողացավ բարձրացնել 142 կգ, սակայն 140 կգ-ն էլ բավարար էր այդ վարժությունում ոսկե մեդալ նվաճելու համար: Հրում վարժությունում էլ Միրզոյանը նախ հաջողությամբ հաղթահարեց 165 կգ-ը, ապա 3-րդ մոտեցմամբ բարձրացրեց 170 կգ ու կրկին ոսկե մեդալ նվաճեց: Այս վարժությունում ռումինացի Ռազվան Մարտինը փորձեց գերազանցել Միրզոյանին, սակայն անհաջողության մատնվեց 171 կգ բարձրացնելիս:
Այսպիսով, 69 կգ քաշային կարգում հանդես եկած 20 ծանրորդների մեջ Միրզոյանը ճանաչվեց ուժեղագույնը: 2-րդ տեղը գրաված ռումինացի Ռազվան Մարտինի երկամարտի արդյունքը 8 կգ-ով զիջում էր չեմպիոնի ցուցանիշին: Բրոնզե մեդալակիր դարձավ ալբանացի Բրիկեն Գալյանՙ 301 կգ (136+165): Մրցումների մասնակիցների թվում էր Հոլանդիան ներկայացնող Կարեն Թովմասյանը: Նա երկամարտի 244 կգ (110+134) արդյունքով գրավեց 17-րդ տեղը:
Հայաստանի հավաքականին 2-րդ մեդալը պարգեւեց Լիանա Մանուկյանը: Մինչեւ 58 կգ քաշային կարգում Լիանան երկամարտի 193 կգ (86+107) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Լիանան պոկում վարժության երեք վարժություններն էլ անթերի կատարեց, իսկ հրումում հաջողության հասավ երկու մոտեցումների ժամանակ: Երկու վարժություններում էլ Լիանան բրոնզե մեդալներ ստացավ: Իսկ չեմպիոնուհու տիտղոսը նվաճեց ուկրաինուհի Յուլյա Կալինան: Նա երկամարտում ցույց տվեց 199 կգ (89+110) արդյունք: Հետաքրքրական է, որ պոկում վարժությունում Կալինան բավարարվեց միայն արծաթե մեդալով: Իսկ ոսկե մեդալը նվաճեց բելառուսցի Իրինա Միշչուկը, որը բարձրացրեց 91 կգ: Նա թույլ հանդես եկավ հրում վարժությունում (102 կգ) եւ երկամարտում ցույց տվեց նույնպիսի արդյունք (193 կգ), ինչ որ Մանուկյանը: Սակայն բելառուսցի մարզուհին անձնական քաշով 1,5 կգ-ով ծանր էր Մանուկյանից, ուստի բրոնզե պարգեւը բաժին հասավ հայ ծանրորդուհուն: Երկամարտում արծաթե մեդալակիր դարձավ ռումինացի Ռոքսանա Կոկոսըՙ 194 կգ:
Թեեւ մինչեւ 62 կգ քաշային կարգում Հայաստանից հանդես եկան երկու ծանրորդներ, սակայն նրանցից եւ ոչ մեկին չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Ռուբիկ Մամոյանը երկամարտի 255 կգ (115+140) արդյունքով գրավեց 5-րդ տեղը, իսկ Զորիկ Պողոսյանը 249 կգ (108+141) արդյունքով 17 մասնակիցների մեջ 8-րդն էր: Քաշային այս կարգում բոլորից հաջող հանդես եկավ ալբանացի Դանիել Գոդելին, որը երկամարտում ցույց տվեց 272 կգ (121+151) արդյունք: Արծաթե մեդալը նվաճեց ռուսաստանցի Պավել Սուկանովըՙ 267 կգ, իսկ բրոնզե պարգեւը բաժին հասավ մոլդովացի Ալեքսանդր Սպացին (266 կգ):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ