Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի մեկնարկային տուրի հանդիպումների 2-րդ օրը մեծ հետաքրքրություն էր ներկայացնում ՌԴ չեմպիոն, ՈՒԵՖԱ-ի գավաթակիր ու սուպերգավաթակիր «Զենիթի» եւ «Յուվենտուսի» մրցավեճը: «Զենիթը» նորամուտն էր նշում խմբային մրցաշարում, իսկ «Յուվենտուսը» որոշ ընդմիջումից հետո կրկին իրավունք էր ստացել վիճարկելու պատվավոր մրցանակը: Դիկ Ադվոկատը թիմի հարձակման գծում հույսը դրել էր Արշավին-Դանի-Պոգրեբնյակ եռյակի վրա: Իսկ ահա Կլաուդիո Ռանյերին ասպարեզ էր դուրս բերել իր փորձառու վետերաններ Դավիթ Տրեզեգեին ու Ալեսանդրո դել Պիեռոյին: Հենց վերջինս էլ դարձավ հանդիպման գլխավոր հերոսը` վճռելով խաղի ելքը: 76-րդ րոպեին «Յուվենտուսի» վետերանը ֆանտաստիկ գոլ խփեց` մոտ 35 մետրից տուգանային հարվածով գնդակն ուղարկելով դարպասի վերին անկյունը: Թիմերի մարզիչների կարծիքը հետեւյալն է:
Կլաուդիո Ռանյերի («Յուվենտուս») - Շատ դժվարին խաղ էր: Կարծում եմ, որ մեր համեմատ այժմ «Զենիթը» ֆիզիկապես ավելի լավ վիճակում է: Նրանք մամլիչ գործողությունների էին դիմում եւ արագ հակագրոհներ էին կազմակերպում: «Զենիթը» հիանալի թիմ է: Մենք բավական դժվար խմբում ենք հայտնվել: Միամիտ կլինի կարծել, թե մեզ միավորները հեշտությամբ կտրվեն: Ճիշտ է, «Յուվենտուսը» լավ կազմ ունի: Ինձ շատ դուր եկավ մեր խփած գոլը: Հանդիպման արդյունքից գոհ եմ:
Դիկ Ադվոկատ («Զենիթ») - Ես հիասթափված եմ, քանի որ գոլային մի քանի լավ պահեր չիրացրինք: Մշտապես դժվար է խաղալ այնպիսի թիմերի հետ, որոնց կազմում Ալեսանդրո դել Պիեռոյի նման «աստղեր» կան: Չեմ կարծում, թե մեր դարպասապահը սխալվեց, հարվածն իրոք հիանալի էր: Գոլից հետո եւս մեկ հարձակվող խաղադաշտ մտցրի, սակայն չհաջողվեց խուսափել պարտությունից: Ընդհանուր առմամբ գոհ եմ սաներիս ելույթից: Մենք հյուրընկալվելիս խաղում էինք ուժեղ մրցակցի դեմ: Այս խաղում կարող էինք նաեւ հաղթել, եթե մեր խաղացողները մի փոքր դիպուկ գտնվեին գրոհների եզրափակիչ փուլում:
Անակնկալ էր հասունանում Կիեւում, որտեղ «Դինամոն» խաղավարտից 2 րոպե առաջ 1-0 հաշվով հաղթում էր «Արսենալին»: Գոլը 11 մ հարվածով խփել էր Բանգուրան: Սակայն Գալասը թիմին փրկեց պարտությունից: Մարզիչների կարծիքն այսպիսին է:
Յուրի Սյոմին («Դինամո» Կիեւ) - Եթե մինչեւ հանդիպումը ասեին, որ «Արսենալի» հետ ոչ-ոքի ենք խաղալու, ապա գուցե գոհ լինեինք: Սակայն այժմ անբավարարվածության որոշ զգացում ունեմ, քանի որ հաղթանակը ձեռքից բաց թողեցինք: Չնայած դրան, գոհ եմ թիմի խաղից: Կարծում եմ, բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեցինք: Մենք սխալ թույլ տվեցինք, որը «Արսենալը» չներեց: Հյուրերը ստիպել էին մեզ հետ քաշվել սեփական կիսադաշտ ու մեծ ուժերով պաշտպանվել: Ի վերջո, նրանք փրկեցին խաղը:
Արսեն Վենգեր («Արսենալ») - 11 մ հարվածի նշանակումը մրցավարի կողմից շատ խիստ պատիժ էր մեզ համար: Մենք պետք է հարցերը լուծեինք դեռեւս մինչեւ ընդմիջում, սակայն չստացվեց: Գոհ եմ, որ գոնե պարտությունից խուսափեցինք: «Դինամոն» իր լավագույն հատկանիշները դրսեւորեց, որի դիմադրությունը կոտրելն այնքան էլ հեշտ չէր:
«E» խմբում կայացած երկու խաղերում էլ դարպասները մնացին անառիկ: Չեմպիոնների գավաթակիր «Մանչեսթր Յունայթեդը» չկարողացավ սեփական հարկի տակ հաղթել «Վիլյառեալին», իսկ «Սելթիկը» «Օլբորգի» հետ խաղում թեեւ 11 մ հարվածի իրավունք ստացավ, սակայն Ռոբսոնը չիրացրեց այն: Հաջող խաղաց դարպասապահը` հետ մղելով գնդակը:
«Բավարիան» վերադարձը ուժեղագույնների մրցաշար նշեց «Ստյաուայի» նկատմամբ արտագնա խաղում տոնած հաղթանակով: Խաղի ելքը վճռեց թիմի պաշտպան վան Բյույտենի խփած միակ գոլը: Այդ հաղթանակի շնորհիվ Յուրգեն Քլինսմանի սաները գլխավորեցին «F» խմբի աղյուսակը, քանի որ «Լիոն»-«Ֆիորենտինա» խաղում գրանցվել էր ոչ-ոքի (2-2): Ընդ որում, առաջին խաղակեսում Ջիլարդինոյի խփած 2 գոլերի շնորհիվ «Ֆիորենտինան» հաղթում էր: Սակայն խաղավարտից չորս րոպե առաջ Բենզեման «Լիոնին» փրկեց պարտությունից:
Առաջին անգամ չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում ներկայացված էր Բելառուսի չեմպիոնը: ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստներն իրենց վատ չդրսեւորեցին Մադրիդում ահեղ «Ռեալի» հետ մրցախաղում: Սակայն դարպասն անառիկ պահել չհաջողվեց: Ռամոսն ու վան Նիստելռոյը 2 գոլ խփեցին եւ ապահովեցին թիմի հաղթանակը: «Պորտոն» էլ սեփական հարկի տակ հաղթեց «Ֆեներբահչեին» (3-1):