Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է ընդդիմության տարածած տեսաֆիլմը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ակտիվության մասին: Ինչպես «Նոյյան տապան»-ի թղթակցին հայտնեց գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, «ակնհայտ է, որ ֆիլմում օգտագործվել են տարբեր ժամանակահատվածներում, տարբեր անձանց եւ կառույցների նկարահանումները` քաղաքական նպատակներով կատարված որոշակի մոնտաժումներով»: Նկատի ունենալով, որ ֆիլմում օգտագործվել են նաեւ Երեւանում մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունները եւ ոստիկանների ֆիզիկական ուժի կիրառման դեպքերը պատկերող կադրեր, գլխավոր դատախազը հանձնարարել է նախաքննական մարմնին ուսումնասիրել ֆիլմը, նշանակել փորձաքննություն, քննության առարկա դարձնել բոլոր այն կադրերը, որոնք նախկինում չեն եղել նախաքննական մարմնի տրամադրության տակ: Արդյունքների մասին հանրությունը կտեղեկացվի: