Դրա ձախողման դեպքում ի չիք կդառնա ԱՄՆ-ի կորցրած դիրքերը Հարավային Կովկասում վերականգնելու հնարավորությունը
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի երեւանյան այցը երկկողմ հարաբերությունների բարելավման հեռանկարներ բացեց երկու երկրների առջեւ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերին ի սկզբանե դրականորեն արձագանքող թուրքական կենտրոնական թերթերը դրական գնահատեցին նաեւ հայ պաշտոնակցի հետ Գյուլի հանդիպումը: Հարցը սակայն սոսկ այցի գնահատականը չէ, այլ երկրում Հայաստանի համար նպաստավոր հասարակական կարծիք ձեւավորելու այդ թերթերի դրսեւորումներն են:
Ահա թե ինչու թուրքական թերթերը Գյուլի այցի ավարտին սկսեցին քննադատել Թուրքիայի դեռեւս 1991-ին որդեգրած հայաստանյան քաղաքականությունը, բացահայտել դրա Ադրբեջանի վերաբերմունքով պայմանավորելու սնանկությունը, ինչպես նաեւ կասկածի տակ դնել երկրի սահմանները Հայաստանի առջեւ փակելու եւ հայկական պետությանը շրջափակելու նպատակահարմարությունը:
Ավելին, դրանք թուրք ընթերցողին տեղեկացրին, որ իթթիհադականները եղել են մարդասպաններ, նրանց չարագործությունների համար հայերից, իսկ չարագործությունները հետեւողականորեն ժխտելու համար համաշխարհային հասարակական կարծիքից ներողություն պետք է խնդրի Թուրքիան, մինչ Անկարան շարունակում է անվերապահորեն աջակցել Ադրբեջանին, Բաքուն անտեսում է Թուրքիայի ազգային շահերը, կատարելապես ձախողվել է «Ղարաբաղը պատերազմով հետ վերցնելու» Ադրբեջանի դիրքորոշումը, այլեւս իրատեսական չէ Լեռնային Ղարաբաղի հարցում հետքայլի ակնկալումը Հայաստանից, վերջինի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, շրջափակումը ներառյալ, ընդամենը հանգեցրել է Կարսի, Իգդիրի շրջաններից արտահոսքի խթանմանը, իսկ Հայաստանի օտարումը տարածաշրջանային նախագծերից Թուրքիային զրկել է Միջին Ասիա ներթափանցելու համար տարանցիկ լրացուցիչ միջանցք ձեռք բերելու հնարավորությունից եւ խոցելի է դարձրել էներգակիրների անվտանգությունը:
Ի դեպ, Թուրքիայում Հայաստանի համար նպաստավոր հասարակական կարծիք ձեւավորելու դրսեւորումները չեն սահմանափակվում կենտրոնական թերթերի հրապարակումներով, այլ համադրվում են հեռուստահաղորդումներով: Այդ առումով, հատկանշական էին նախագահ Թուրգութ Օզալի խորհրդական, «Ռադիկալի» հեղինակ Ջենգիզ Չանդարի սեպտեմբերի 13-ին թուրքական հանրային հեռուստատեսությամբ հնչած խոսքերը: Նա ասում էր, որ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման երեք բանաձեւեր են առ այսօր առաջարկվել, դրանք միանգամայն բարենպաստ էին Ադրբեջանի համար, սակայն Հեյդար Ալիեւը, առաջնորդվելով հիմնահարցը չկարգավորելու մտադրությամբ, ինչպես Կիպրոսում առաջնորդվում էր Ռաուֆ Դենքթաշը, մերժեց, ավելին, նա շանտաժի ենթարկեց Թուրքիային, ասելով. «Կա՛մ սահմանի բացում, կա՛մ խողովակաշար»: Այնուհետեւ Չանդարը շարունակեց. «Թեեւ մինչեւ օրս այդ մասին չենք նշել, բայց նախքան պատերազմը Ղարաբաղում հայերը կազմում էին բնակչության 92 տոկոսը, իսկ ադրբեջանցիներըՙ մինչեւ 10 տոկոս: Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզի կարգավիճակով կցվել էր Խորհրդային Ադրբեջանի կազմում, այն էլ Ստալինի որոշումով»:
Սա աննախադեպ երեւույթ է թուրքական իրականության մեջ այն առումով, որ լրատվամիջոցները մինչեւ Գյուլի այցը ոչ միայն արդարացնում էին դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար անկախության առաջին իսկ օրից նախապայմանների առաջադրումը Հայաստանին, հայ-թուրքական սահմանի փակումն ու մեր հանրապետության շրջափակումը, պայմանավորելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ազգային շահերի ոտնահարմամբ, դրանք իբրեւ անհրաժեշտություն էին դիտարկում եւ նախորդ կառավարությունների որդեգրած հայաստանյան քաղաքականության թշնամական բնույթը կոծկելու համար փորձում էին Հայաստանը ներկայացնել հավերժ թշնամու կերպարով:
Որքան էլ արտգործնախարար Ալի Բաբաջանը հայտարարի. «Թուրքիայի հայաստանյան քաղաքականության մեջ ընդառաջ քայլ է կատարվել, այլ ոչ թե շրջադարձ», այնուամենայնիվ, երկրում Հայաստանի համար բարենպաստ հասարակական կարծիք ձեւավորելու թուրքական կենտրոնական թերթերի, ինչու չէ նաեւ հեռուստատեսության ներկա մոտեցումները ավելի քան շրջադարձային են: Ինչո՞վ բացատրել դա: Ըստ երեւույթին, Հարավային Կովկասում Հայաստանի հետ հարաբերությունների Թուրքիային ընձեռած նոր դերակատարության հնարավորություններով: Որո՞նք են դրանք: Այդ հարցին մասնակի պատասխանում են թուրքական կենտրոնական թերթերի հեղինակները: Նրանցից Իսմեթ Բերքանը «Ռադիկալի» սեպտեմբերի 6-ի համարում «Հայաստանով պայմանավորված հնարավորություններ» վերնագրով գրում է, որ վերջին 12 տարիներին Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան հիմնահարցում առնվազն երեք անգամ հայտնվել են համաձայնության շեմին, սակայն Ռուսաստանը խանգարել է: Ապա նա շարունակում է. «Չեմ կարծում, որ Թուրքիան փոխի որդեգրած քաղաքականությունը, կամ բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ հաշտություն Ղարաբաղում չի կնքվել: Սակայն նա միանգամայն կարող է օժանդակել կողմերի հաշտեցմանը: Տվյալ դեպքում խնդիրն այն է, որ Թուրքիան իր ձեռքում պահի Արեւմուտքի համակարգին Հայաստանի մերձեցման բանալին: Այսինքն, եթե Հայաստանը Ռուսաստանի փոխարեն պատսպարվի Արեւմուտքի թեւերի տակ, ապա կարող է միանգամայն համաձայնության գալ ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի հետ: Ակնհայտ է, որ Հայաստանը չի վստահում Ադրբեջանին, ոչ էլ վերջինի երաշխիքներին: Եթե Թուրքիան նրան տա Արեւմուտքի հետ կապվելու երաշխիք, այդ դեպքում Երեւանը շրջանառությունից դուրս կմղի Ռուսաստանին: Իսկ դա Թուրքիային կտա ոչ միայն հարեւանի հետ հաշտվելու եւ Հայկական հարցը կարգավորելու հնարավորություն, այլեւ մեր երկիրը Արեւմուտքի համար կդառնա էլ ավելի անշրջանցելի»:
Բերքանին «Թարաֆի» սեպտեմբերի 9-ի համարում հրապարակված հարցազրույցով լրացնում է Ռուսաստանում Թուրքիայի նախկին դեսպան Վոլքան Վուրալը, նշելով. «Հայաստանի հետ հարաբերությունների դրական ընթացքը շատ ավելի մեծ դերակատարության հնարավորություն կտա մեզ Կովկասում: Օրինակ, հանդես ենք գալիս «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» նախաձեռնությամբ: Այս նախաձեռնությունը կձախողվի, եթե դրանում չներգրավվեն բոլոր երեք հանրապետությունները»:
«Հյուրիեթի» նույն օրվա համարում նախկին արտգործնախարար Իլթեր Թուրքմենը ավելացնում է. «Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների նորմալացումը մեր նախագահի նախաձեռնությամբ նախադրյալներ է ստեղծելու, որ մենք ձերբազատվենք սեփական խնդիրների կարգավորումն արգելակող կապանքներից»: Այդ ընթացքում Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի փորձագետ Յըլդըզ Դեւեջին, ինստիտուտի ամենօրյա տեղեկագրի սեպտեմբերի 12-ի համարում եզրակացնում է. «ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի հետ Թուրքիայի մերձեցմանը, որ այդ երկիրը դուրս բերվի Ռուսաստանի ուղեծրից: Մինչդեռ խորհրդային մյուս հանրապետություններին բաց թողած Ռուսաստանը հազիվ թե համակերպվի Հայաստանը կորցնելու փաստի հետ»:
Եթե ամփոփելու լինենք վերոհիշյալ հեղինակների գրածները, ապա դժվար չի լինի կռահել, որ Հայաստան-Թուրքիա «մերձեցումն» ու «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան հակակշիռ Հարավային Կովկասում Ռուսաստանի հարավօսական պատերազմի հետեւանքով աճող ռազմաքաղաքական ազդեցությանը: Փոխարենն այնտեղ դիրքեր է կորցնում ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքը: Դա, ինչ խոսք, սրում է հանուն ազդեցության Հարավային Կովկասում ծավալվող ռուս-ամերիկյան մրցապայքարը, դրա նախաձեռնությունը հետզհետե անցնում է Ռուսաստանին: Այս պայմաններում իբրեւ դաշնակցի, աճում է նաեւ Հայաստանի ռազմավարական նշանակությունըՙ պայքարող կողմերի համար: Կորսված դիրքերի վերականգնման հրամայականը ստիպում է ԱՄՆ-ին եւ Եվրոմիությանը ակտիվացնել թուրքական գործոնը:
Ակտիվացումը ենթադրում է Թուրքիայի քաղաքական նախաձեռնությունը, դրա արտահայտությունն է դառնում վարչապետ Էրդողանի «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» առաջարկը: Քանի որ Հայաստանի օտարումը հակասում է նախաձեռնության տրամաբանությանը, ուստի Թուրքիան մերձեցման հակումներ է ցույց տալիս մեր հանրապետության հետ, որպեսզի չձախողվի պլատֆորմը: Ակնհայտ է, որ պաշտոնական Երեւանի գեթ մեկ հայտարարության դեպքում պլատֆորմը կդատապարտվի ձախողման: Այդ ընթացքում ի չիք կդառնան այդ նախաձեռնության միջոցով ռուս-ամերիկյան մրցապայքարի ընթացքը հօգուտ ԱՄՆ-ի փոխելու եւ դրանով վերջինի կորցրած դիրքերը Հարավային Կովկասում վերականգնելու հնարավորությունները:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ