Սեպտեմբերի 28-ին Երեւան քաղաքի Կենտրոն, Նոր Նորք համայնքներում կայանալիք համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի, Նորք-Մարաշ, Ավան, Դավիթաշեն, Շենգավիթ համայնքների ավագանու անդամի ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի Եվրոխորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը (10 դիտորդ): Ըստ ԿԸՀ մամուլի ծառայության, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հրավեր է ուղարկել ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարին, ՀՀ-ում Եվրոխորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին, Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հայաստանյան մասնաճյուղի ղեկավարին, ինչպես նաեւ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին: Սեպտեմբերի 28-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն նաեւ տեղական 8 կազմակերպություններ` շուրջ 790 դիտորդով: