«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2008-09-18 | #171, 2008-09-19 | #172, 2008-09-20


ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ՀՕԳՈՒՏ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍԻ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ

Համայնքային ներդրումն առայժմ կազմել է 5,8 մլն դրամ

Սեպտեմբերի 17-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն առաջին անգամ կազմակերպել էր դրամահավաք` իր կողմից Հայաստանում իրականացվող շուրջ 4 տասնյակ ծրագրերից մեկի` Առողջության առաջնային պահպանման կենտրոնի հետագա գործունեությունն ապահովելու համար: Կազմակերպության ծրագրերն իրագործվում են եվրոպական տարբեր երկրների «Կարիտաս»-ների ֆինանսավորմամբ, եւ կենտրոնի 2009 թ. հուլիսին ավարտվող ծրագրի հետագա ֆինանսավորման համար դոնոր կազմակերպությունը պայման էր դրել, որ լինի նաեւ տեղական համայնքային ներդրում 20 տոկոսի չափով:

«Հայկական Կարիտասի» Առողջության առաջնային պահպանման կենտրոնը գործում է 2002 թվականից, ընտանեկան բժշկության սկզբունքներով, Գյումրի քաղաքի եւ մարզի բնակչությանն անվճար մատուցելով բժշկական բազմապիսի ծառայություններ` թերապեւտիկ հետազոտում եւ բուժում, լաբորատոր, գործիքային հետազոտություններ, ֆիզիոթերապեւտիկ հետինսուլտային, հետինֆարկտային վերականգնողական աշխատանքներ, հոգեբանի աջակցություն, սրտաբանի, ակնաբույժի, գինեկոլոգի շաբաթական խորհրդատվություններ, հիմնական դեղորայքի տրամադրում եւ այլն: Կենտրոնի ծառայություններից տարեկան օգտվում է բոլոր տարիքների 5000-5500 մարդ, բայց դիմողների հիմնական մասը տարեցներն են եւ կանայք: Կենտրոնի տարեկան բյուջեն մոտ 35 մլն դրամ է, որի 20 տոկոսը, այսինքնՙ պահանջված համայնքային ներդրման չափը կազմում է 7 մլն դրամ:

Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացնելով դրամահավաքի սկզբնական արդյունքները, «Հայկական Կարիտասի» ներկայացուցիչներն ու կենտրոնի ծրագրի պատասխանատուները տեղեկացրին, որ ծրագրի օգտին մինչեւ օրս ընդհանուր առմամբ ստացվել է 5 մլն 848 հազար դրամ: Նվիրատվություններ են արել գործարարներ, առեւտրային կառույցներ, պետական կառույցների առանձին ներկայացուցիչներ, որոշ դպրոցներ ու մանկական դաստիարակության հաստատություններ, հասարակական կազմակերպություններ (այդ թվում` մեկական ՀԿ-ներ Լոռուց եւ Էջմիածնից), ծրագրի անհատ շահառուներ, մեծ ներդրում է արել «Վիվասել» ընկերությունը: Երախտագիտություն հայտնելով եւ շատ բարձր գնահատելով յուրաքանչյուրի թեկուզ մեկ լումա ներդրումը, գործի պատասխանատուները հույս հայտնեցին, որ գումարի մնացած մասն էլ առաջիկայում կհավաքվի: Իսկ առավել կարեւորը համարվեց մեզանում վերջապես այն հոգեբանության արմատավորումը, որ վերցնելուց բացի նաեւ սովորենք եւ կարողանանք տալ...

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4