«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2008-09-18 | #171, 2008-09-19 | #172, 2008-09-20


ԽՈՇՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՂՆԵՐԸ ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ ՎՃԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՐԿԵՐԻ 1-2 ՏՈԿՈՍԸ

Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահը կոչ արեց նրանց աշխատել թափանցիկ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանի մոտ 7 տասնյակ առավել խոշոր ներմուծողների հետ երեկ հանդիպում ունեցան պետական եկամուտների կոմիտեի պատասխանատուներըՙ կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանի գլխավորությամբ: Դիմելով նրանց, կոմիտեի փոխնախագահը հայտնեց, որ առանձնացվելու են այն ոլորտները, որոնք հարկերի վճարման առումով ռիսկային են համարվում, եւ նրանց հետ քննարկվելու են տվյալ ոլորտի բոլոր խնդիրները: Նման հանդիպումներ են եղել շինարարության ոլորտի խոշոր գործարարների, մանրածախ առեւտուրը ներկայացնող սուպերմարկետների սեփականատերերի, ցորենի ներկրմամբ զբաղվող ընկերությունների ղեկավարների հետ:

Ըստ Արմեն Ալավերդյանի, եթե համախառն ներքին արդյունքի մեջ ներմուծումները վճռորոշ դեր են կատարում, ապա նրանց կողմից հարկերի վճարման առումով պատկերը ոչ միշտ է համարժեք: Կոմիտեի փոխնախագահը կոչ արեց աշխատել թափանցիկ, նշելով, որ հետագայում հայտարարվելու են այն կոնկրետ ընկերությունների անունները, որոնք հարկերն անբավարար չափով են վճարում:

Պետական եկամուտների մեկ այլ պաշտոնյաՙ ներքին դիտարկումների եւ վերահսկողության վարչության պետ Ռուբիկ Քոչարյանը լրագրողներին հայտնեց, որ առաջիկայում ստուգումների քանակը տնտեսվարողների մոտ էապես նվազելու է եւ դրանք կատարվելու են միայն էլեկտրոնային համակարգի ցույց տված ցուցանիշներից ելնելով: Եթե հանդիպումներն ու զգուշացումները չնպաստեն այս կամ այն գործարարին աշխատելու թափանցիկ, ապա նրանց նկատմամբ կկիրառվի հարկային միջոցառումների ողջ զինանոցը:

Թեեւ խոշոր ներմուծողների հետ հանդիպման ժամանակ կոնկրետ անուններ չնշվեցին, ինչպես եւ նախապես հայտարարվել էր, բայց Արմեն Ալավերդյանի հետագա խոսքում բերվեցին հարկային վճարումներից խուսափելու որոշ ակնառու օրինակներ: Հարկային համակարգի պատասխանատուն, օրինակ, հայտնեց, որ ստացվում է այնպես, երբ նույն ոլորտի, տվյալ դեպքում համակարգիչների ներմուծման միջին ներմուծող ընկերությունն ավելի շատ հարկ է վճարում եւ ցույց է տալիս 20 աշխատող, իսկ այդ նույն տեխնիկայի խոշոր ներմուծողը ցույց է տալիս 5-6 աշխատատեղ եւ վճարում ավելի քիչ հարկեր: Խոշոր ներմուծողներն ընդհանրապես սոցիալական նպաստների վճարման առումով ամենացածր ցուցանիշներն ունեն: Օրինակՙ նրանց առաքիչները, վարորդները, պահպանման ծառայության աշխատակիցները գրանցված չեն լինում:

Սահմանին ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարումները շատ դեպքերում դարձնում են չհիմնավորված գերավճարներ: «Այնպես է ստացվում, որ ոչ թե արտահանողները գերավճարներ ունեն, այլ ներմուծողները: Նման բան չի կարող լինել», ասաց Արմեն Ալավերդյանը: «Անհավասար դաշտ կա նաեւ պահեստներում ապրանքների պահպանման հարցում: Եթե մեկը ծախսեր է անում, պահեստ եւ պահակ վարձակալում, ապա մյուսն իր ներմուծած ապրանքները պահում է իր տանը եւ արգելում հարկային ծառայողին մտնել այնտեղՙ պահանջելով դատախազության թույլտվությունը»: Ըստ պետեկամուտների կոմիտեի փոխնախագահի, արդեն 1-2 ամիս բոլոր ներմուծողների մոտից վերացվել են ՀԴՄ-ները, եւ մեծածախ վաճառքը նրանք սկսել են իրականացնել հաշիվ-ապրանքագրերով: Այն ներմուծողները, որոնք դա չեն անի, կպատժվեն: Միաժամանակ նշվեց, որ ներմուծողներն այլեւս չեն կարող ձեւակերպել, թե ապրանքը վաճառել են տոնավաճառում, քանզի տոնավաճառներում արդեն ներդրվում են ՀԴՄ-ները: Երեկ ձեւակերպվել է 5-հազարերորդ հսկիչ-դրամարկղային մեքենայի պատվերը:

Եվս մեկ հետաքրքրական տվյալ է բացահայտվել: Առաջին 500 խոշոր ներմուծողները սահմանին հարկ վճարելուց հետո արդեն երկրի ներսում վճարում են հարկերի ընդամենը 1-2 տոկոսը: Այսուհետեւ ցածր ցուցանիշներ ցույց տվողները ստուգվելու են ըստ էլեկտրոնային համակարգի գրանցած տվյալների: Այս ամենի մասին խոսելով, Արմեն Ալավերդյանը պարբերաբար կոչ էր անում եւ հորդորում ներմուծողներին թափանցիկ աշխատել եւ հրաժարվել մինչ այժմ եղած աշխատաոճից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4