Օգոստոսին նվազել են ե՛ւ արտահանման, ե՛ւ ներմուծման ծավալները
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալներով, այս տարվա հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական աճը կազմել է 10,3 տոկոս: Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) գերազանցել է 2 տրիլիոն դրամի սահմանը եւ կազմել 2 տրիլիոն 164 մլրդ 567 մլն դրամ: Օգոստոսին հուլիսի նկատմամբ ՀՆԱ աճը կազմել է ավելի քան 3,6 տոկոս:
Շարունակվում է ամենաբարձր աճ արձանագրվել ծառայություններիՙ 15,1 տոկոս եւ շինարարության 12 տոկոս ճյուղերում: 2 տոկոսի սահմաններում կայունացել է արդյունաբերական ընդհանուր արտադրանքի աճըՙ կազմելով 2,2 տոկոս: Դա առավելապես տեղի է ունեցել շնորհիվ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների 5,1 տոկոս աճի, իսկ առանց էներգետիկայի արդյունաբերության արտադրանքի աճը կազմել է 0,9 տոկոս: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը հունվար-օգոստոսին աճել է 7,8 տոկոսով: Մանրածախ առեւտրաշրջանառության աճը կազմել է 6,3 տոկոս:
Արտաքին առեւտրաշրջանառությունը 2008-ի հունվար-օգոստոսին ավելացել է 24,8 տոկոսով եւ կազմել 3 մլրդ 308 մլն դոլար: Արտահանման ծավալներն արդեն երրորդ ամիսն է, ինչ նվազում են արձանագրում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հունվար-օգոստոսին արտահանումը նվազել է 4,8 տոկոսով եւ կազմել 696 մլն դոլար: Այսպիսի զգալի անկման մեջ, բնականաբար, մեծ դեր խաղացին օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները եւ Հայաստանն այդ երկրի միջոցով աշխարհի հետ կապող ճանապարհների որոշ ժամանակ փակված լինելը: Օգոստոսին հուլիսի համեմատ այստեղ արձանագրվել է 46 տոկոսի անկում:
Ներմուծումը կազմել է 2 մլրդ 612 մլն դոլար, աճելով 36 տոկոսով: Թեեւ հունվար-օգոստոսի ողջ ժամանակահատվածի համար աճի այս ցուցանիշն է արձանագրվել, բայց ներմուծումը զուտ օգոստոս ամսին, նույնպես վերը նշված պատճառներով, նվազում է արձանագրել 18 տոկոսով:
Արտահանման-ներմուծման բացասական հաշվեկշիռը ընդհուպ մոտեցել է 2 մլրդ դոլարին եւ կազմել 1 մլրդ 916 մլն դոլար: Ներմուծման մեջ շարունակում են գերակշռել ավտոմեքենաները, սարքավորումները եւ հանքահումքային ապրանքները:
Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում օգոստոսին կազմել է մոտ 89 հազար դրամ, մասնավոր հատվածում կազմել է 110 հազար դրամ, բյուջետայինումՙ մոտ 62 հազար դրամ: Աշխատավարձերի միջին աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 21,2 տոկոս:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ