«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2008-09-18 | #171, 2008-09-19 | #172, 2008-09-20


ՕՐՀՆԵՐԳ` ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՄԲ

Մոտենում է տոնը` Հայաստանի անկախության օրը: Շուտով պատշաճ հանդիսավորությամբ մուտք կգործենք անկախության 18-րդ տարի:

Ի՞նչ է ազգային ինքնագիտակցությունը: Զարգացման ո՞ր փուլում է ցեղը դառնում ազգություն եւ ապա ազգ: Այս հարցի առթիվ կան տարբեր տեսակետներ: Դրանց մեջ գերիշխող տեսակետը նախապատվությունը տալիս է գրերի ստեղծմանը. երբ ժողովուրդը ստեղծում է գրչություն, այդ ժամանակ էլ վերջնականապես ձեւավորվում է ազգային ինքնագիտակցությունը: Որ դա վիճելի է, կարելի է ցույց տալ հին Հունաստանի օրինակով: Նրա այբուբենն ստեղծվեց իր պատմության դասական ժամանակաշրջանում: Բայց «արխաիկ» Հունաստանը ներառում է կրետա-միկենյան ժամանակաշրջանի բարձր մշակույթը, որի արձագանքները մեզ հասել են անտիկ շրջանի հեղինակների կցկտուր վկայություններով: Հունական այբուբենի կանոնացման անհրաժեշտությունը պայմանավորված էր դիոնիսյան կրոնի փոքրասիական ծավալմամբ, որը անտիկ Հունաստանի ազգային ինքնահաստատման պահանջ ծնեց:

Այդպես էր նաեւ Հայաստանում: Մեսրոպ Մաշտոցի այբուբենի ստեղծումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը բռնել էր քրիստոնեության ուղին, եւ անհրաժեշտություն էր ծագել ոչ միայն թարգմանելու քրիստոնեական տեքստերը, այլեւ պահպանելու անցյալի ամբողջ հեթանոսական պատմությունը, որը հարվածի տակ էր հայտնվել նոր կրոնի քարոզիչների ջանադրության պատճառով:

Այս անդրադարձը պահանջվեց, որպեսզի ցույց տրվի պատմության ընթացքն աղճատող հեղափոխական ցնցումների կործանարարությունը: Ինչ վերաբերում է հայ ժողովրդին, աշխարհաքաղաքական բախումների պատճառով նա մշտապես գտնվել է բախտորոշ իրադարձությունների էպիկենտրոնում, ինչը չի նպաստել պետականության ամրապնդմանը: Դա չէր կարող չանդրադառնալ ժողովրդի մտայնության վրա, որի պտուղները մենք քաղում ենք այսօր եւս: Վերջին շրջանի պատմությանը հայացք նետելով` փորձենք իմաստավորել հայ հասարակության վերաբերմունքը պետականության գաղափարին: Չէ՞ որ հենց դա է բարօրության գրավականը:

Վեցդարյա ընդմիջումից հետո` 20-րդ դարում մենք վերստին պետականություն ձեռք բերեցինք ի դեմս երեք` դաշնակցական, խորհրդային եւ հետխորհրդային կառավարությունների: Դաշնակցական կառավարությունն իշխանության գլուխ անցավ արեւելյան բազմադարյան ճնշման դեմ մղված ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ: Այդ կառավարությունը կողմնորոշված էր դեպի եվրոպական արժեքները, ուստի պետության զինանշանն ընտրեց միջնադարյան տոհմանշանների ոգով (խորհրդանշում էր իշխանության ժառանգորդումը Կիլիկիո թագավորությունից), իսկ օրհներգը` այն ժամանակ արդիական «ազգային երգերի» ժանրով: Դա սովորական եվրոպական մեղեդի էր Մ. Նալբանդյանի ազատասիրական տեքստով: Գրեթե եռամյա գոյությունից հետո դաշնակցական կառավարությունն ընկավ Ռուսաստանում իշխանության գլուխ անցած բոլշեւիկների հարվածներից:

Պետականության խորհրդային ժամանակաշրջանը Հայաստանում տեւեց 70 տարի: Ռուսական հեղափոխության բացասական կողմերով հանդերձ, անկարելի է չխոստովանել, որ այդ ժամանակաշրջանը նշանավորվեց պետականության վերելքով: Դրա մասշտաբները համեմատելի են հայոց պատմության լավագույն ժամանակաշրջանների հետ, քանզի դժվար է գերագնահատել գիտության, կրթության, մշակույթի, տնտեսության, քաղաքաշինության եւ մյուս ճյուղերի նվաճումները, որոնք բնորոշում են Հայաստանի «դիմագիծը» արդի աշխարհում: Խորհրդային կառավարությունը պետականության զինանշան ընտրեց Մ. Սարյանի նկարած զինանշանը եւ Արամ Խաչատրյանի գրած օրհներգը: Իր մշակույթով մարդկությանը հայտնի հայ ժողովուրդը պետք է գլուխ խոնարհեր ազգի պարծանք իր երկու մեծ որդիների առջեւ: Մանավանդ որ այդ խորհրդանշանների գեղարվեստական առավելություններն անվիճելի են: Բայց...

Եկավ 3-րդ հանրապետության կառավարությունը: Իշխանությանը տիրացած «նեոբոլշեւիկները» նույնպիսի ավերիչ ուժով սկսեցին կործանել այն ամենը, ինչ ստեղծված էր խորհրդային ժամանակաշրջանում: Դիլետանտական ղեկավարությունն ուզում էր հաշվից դուրս գրել Խորհրդային Հայաստանը եւ, պատմությունը ջնջելով` իրեն հռչակեց դաշնակցական կառավարության իրավահաջորդ եւ վերականգնեց դրա խորհրդանիշները:

... Գրեթե երկու տասնամյակ մենք ապրում ենք անկախ Հայաստանում: Ափսոսանքով կարելի է արձանագրել, որ պետական գիտակցությունը դեռ ցածր մակարդակի վրա է: Դրա վկայությունն են ոչ միայն տերպետրոսյանական ընդդիմությունը (որը պատասխանատու է մեր պատմության ներկա փուլում ապակայունացման կործանարար փորձերի համար), կադրային քաղաքականության մեջ ու հակակոռուպցիոն պայքարում դեռ դանդաղորեն եւ դժվարությամբ շարժվող կառավարող կուսակցությունը, այլեւ դարավոր ավանդույթի տեր, պրոֆեսիոնալ առումով ամուր ՀՅԴ-ն, որը պետականության հարցերում տհասություն է դրսեւորում, նախապատվությունը տալով իր քաղաքական հավակնություններին (դրա վկայությունը սեպտեմբերի սկզբի բողոքի ձեռնարկումներն էին): Եթե քաղաքական հավակնությունները չլինեին, ապա կուսակցությունը կկարողանար անաչառ գնահատական տալ մեր պատմության խորհրդային ժամանակաշրջանին: Եվ այդ դեպքում նրանք ավելի մեծ պատասխանատվությամբ կվերաբերվեին պետական խորհրդանշաններին եւ հանդես կգային դրանք փոխելու նախաձեռնությամբ (կարելի է հարգել Առաջին հանրապետության մասունքների հետ կապված հույզերը, բայց պետական գիտակցությունը պետք է բարձր լինի նման քնարական դրսեւորումներից): Եթե հզոր Ռուսաստանը կարողացավ վերականգնել պատմական արդարությունը` փոխեց օրհներգը եւ դրանով իսկ խորհրդային նվաճումները ճանաչեց որպես ռուսական պետականության հաջողություն, ապա հայերիս համար առավել եւս կարեւոր է պետական օրհներգ ճանաչել Արամ Խաչատրյանի հուժկու տաղանդով ստեղծված երաժշտությունը, որը մարմնավորում է մեծագույն նվաճումների դարաշրջանի հայոց պետությունը: Եվ դա բարոյագիտության դաս կլիներ հայ ժողովրդի մեծ զավակի հանդեպ: Դա հարգալից վերաբերմունքի դրսեւորում կլիներ պատմական այն ժամանակաշրջանի նկատմամբ, որը հակասական էր, բայց նշանավորվեց ազգային պետականության արտասովոր վերելքով: Հուսանք, որ տվյալ հարցում դեռ վերջակետ չի դրված:

ԱԼԼԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4