«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2008-09-18 | #171, 2008-09-19 | #172, 2008-09-20


ՎԼԱԴԻՄԻՐ ՄՍՐՅԱՆՙ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱԳԱՆԻՆԻՆ

Այս տարի լրացավ հայտնի դերասան, «Մովսես Խորենացի» շքանշանի դափնեկիր Վլադիմիր Մսրյանի ծննդյան 70-ամյակը: Քսանհինգ տարի առաջ նկարահանված «Նիկոլո Պագանինի» չորս սերիանոց ֆիլմում ստանձնած գլխավոր դերակատարման համար իտալական մամուլը Մսրյանին ճանաչեց «Բոլոր ժամանակների լավագույն Պագանինի»: Իսկ առջեւում սպասում էին կինոյի բազմաթիվ դերեր` «Ձայն բարբառոյ...», «Հին աստվածներ», «Լռության սիմֆոնիա» եւ այլն:

1970-ից Մսրյանը խաղում է նաեւ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ մարմնավորած բազմաթիվ դերերը` Համլետ, Հերոստրատ, Հուլիոս Կեսար, դերասանական վարպետության դասական գործեր են համարվում: Վարպետի հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց ապրիլին Սանկտ Պետերբուրգում կայացած միջոցառումով: Երեւանյան միջոցառումը երեկ տեղի ունեցավ Թատերական գործիչների միությունում: Տեղի ունեցավ նաեւ «Կյանքՙ անսկիզբ ու անվերջ» ֆիլմի շնորհանդեսը, որը ներկայացնում է վարպետին:

«Համաստեղություն» ֆիլմաշարի շրջանակներում այս անգամ անդրադարձանք Վլադիմիր Մսրյանին: Վարպետին նվիրված ֆիլմի նկարահանումները սկսվել են դեռեւս 10 տարի առաջ, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չէինք կարողանում այն վերջացնել: Դերասանի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ մշակույթի նախարարությունն աջակցեց ու այսօր այն հանձնում ենք հանդիսատեսի դատին», ասաց ֆիլմի ռեժիսոր Գուրգեն Գադաչիկը:

Ֆիլմում բացակայում էր հաղորդավարական խոսքը: Ներկայացված են դրվագներ հոբելյարի դերակատարումներից, որոնք բացահայտում են Մսրյան դերասանին:

«Ֆիլմի դիտման ընթացքում վերլուծում էի, թե այս տարիների ընթացքում ինչ եմ արել: Գիտակցում եմ, թե ինչեր կարող էի անել, որ չեմ հասցրել: Ժամանակն արագ է թռչում, պետք է ճիշտ վայրկյանին կանգ առնել ու խորհել, թե ինչ ես անում: Դեռ շատ բան ունեմ անելու, արածով չեմ բավարարվում: Արվեստագետը պետք է անընդհատ ստեղծագործի: Այն արվեստագետների թվին եմ պատկանում, որ ուզում են իրենց յուրաքանչյուր բնագավառում փորձել», նշեց հոբելյարը:

Բեմի վարպետը նշում է, որ իր մանկության հերոսը Կորչագինն էր, սակայն ժամանակներն ու երիտասարդ սերնդի արժեքային համակարգը փոխվել են ու Կորչագինին եկել են փոխարինելու օլիգարխներն ու անճաշակ սերիալների հերոսները:

«Վստահ եմ, որ դա ժամանակավոր բնույթ կկրի: Բարեբախտաբար վերջին տարվա ընթացքում արվեստի բնագավառում վերելք եմ նկատում, ինչն ինձ իսկապես երջանկացնում է», հավելեց նա:

«Տարիներ առաջ վարպետը նկարահանվել է «Օդից կախված» ֆիլմում: Ֆիլմը նվիրված էր Լեոնիդ Ենգիբարյանին, սակայն պատմում էր ծեր ծաղրածուի մասին: Մեծ դերասան է եւ իր ողբերգությունը ընդգծվում է նրանով, որ մենք չկարողացանք նրան ըստ արժանվույն գնահատել: Հայկական շատ քիչ ֆիլմերում է նկարահանվել: Տարիների ընթացքում ստեղծել է իր դիմակը: Թատրոնում եւ կինոյում դիմակները հիմնականում խանգարում են, սակայն դա կախված է նաեւ դիմակի որակից: Նրա դիմակում միաձուլված են ողբերգակի եւ կատակերգակի կերպարները, որոնց շնորհիվ ստեղծում է արտասովոր իրավիճակ, երբ կարողանում է կադրում ծիծաղել, իսկ հաջորդ վայրկյանին լացել», ասաց «Օդից կախված» ֆիլմի ռեժիսոր Տիգրան Խզմալյանը Վլադիմիր Մսրյանի մասին:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4