«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2008-09-18 | #171, 2008-09-19 | #172, 2008-09-20


ՄԱՇԱ ՓԻՂԸ ՄԵԿ ՏԱՐԻ ԷԼ ՉԱՊՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

2007 թվականի դեկտեմբերի 1-ին «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանի ջանքերով Մոսկվայի Դուրովների անձնական կրկեսից գնվեց ու Հայաստան բերվեց Մաշա փիղը: Փղի մուտքը մեր երկիր մեծ խանդավառություն առաջացրեց: Սակայն օգոստոսի 29-ին, ժամը 22-22.30-ի սահմաններում անսպասելիորեն Մաշա փիղը մեռնում է:

Երեկ լրագրողների հետ հանդիպեցին կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանը եւ իրավաբան Կարեն Աղաջանյանը : Վերջինս տեղեկացրեց, որ օրենքով սահմանված կարգով կատարվել է փորձաքննություն, եւ կրկնակի դիահերձման արդյունքները հրապարակեց, որ տվել էր ՀՀ գյուղնախարարության հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային եւ ախտորոշիչ կենտրոնի տնօրեն պրն Հակոբյանը: Փաստաթղթում նշված է, որ «մանրէաբանական քննությամբ կենդանու ներքին օրգանների նմուշներում հայտնաբերվել են որոշ մանրէներ, նյութեր, որոնք ուժեղ ազդող բջջային նեյրոպաթոլոգիկ թունավոր նյութեր են եւ կարող են լինել կենդանու հավանական թունավորման պատճառ: Պրն Աղաջանյանը ավելացրեց. «Այս եզրակացությունից պարզ է դառնում, որ ընդհանուր առմամբ թունավորումն է եղել պատճառը փղի անկման, սակայն դա եղել է ներքին թունավորում, որը սննդի չմարսվելու հետեւանք է»: Պրն Աբովյանը ավելացրեց, որ «երկու փղերին էլ կերակրել են նույն սննդակարգով` խոտ, բանջարեղեն, ճյուղեր, իսկ թե ինչո՞ւ մեկը ներքին թունավորում է ստացել, մյուսը` ոչ, ես չեմ կարող ասել, դա հավանաբար կախված է օրգանիզմի անհատական կարողությունից, հստակ չեմ ասել, սակայն փաստ է, որ կողմնակի թունաքիմիկատներ չեն հայտնաբերվել: Ինքնաթունավորումը կարող էր առաջանալ նաեւ կենդանու որովայնում չմարսված սննդից, քանի որ փղի անկումից միայն 16 ժամ հետո է կենդանու որովայնը բացվել, որին ներկա են եղել համապատասխան մասնագետները: Այդ օրերին մենք Երեւան էինք հրավիրել Մյունխենի կենդանաբանական այգու տնօրեն պրն Հեննինգ Բիզներին, որպեսզի ուսումնասիրեր ու վիրահատեր Գրանտիկ փղի ժանիքը: Այդ զուգադիպությունը օգնեց, որ գերմանացի, 34 տարվա փղերի մասնագետ հայտնի անասնաբույժը նույնպես մասնակցեր լաբորատոր հետազոտական աշխատանքներին ու տվեց նույն ախտորոշումը` ինքնաթունավորում»: Պրն Աբովյանը տեղեկացրեց, որ Մաշա փիղը թաղվել է այգու տարածքում:

Շուտով «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը Երեւան կբերի ասիական երկրներից գնված 4 փիղ` 8-12 տարեկան, բանակցությունները դեռ շարունակվում են: Այգու տնօրենը խնդրեց լրատվամիջոցներին, որ մեկ անգամ եւս հիշեցնեն այգի այցելողներին, որ կենդանիներին չկերակրեն: Վերջերս այգում մահացել է կենգուրուն, որին կոշտ սնունդ են տվել այցելուները: Իսկ գետաձիերի ձագուկի անկման պատճառը շատ փոքր լողավազանն է եղել, որտեղ չի պահպանվել համապատասխան ջերմաստիճանը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4