Կիբեռսպորտը (համակարգչային սպորտ) մեծ տարածում ունի աշխարհում: Այս մարզաձեւից անց են կացվում աշխարհի առաջնություններ, միջազգային մի շարք մրցաշարեր: Տարեցտարի մարզաձեւի նկատմամբ հետաքրքրասիրությունն աճում է, ավելի մեծ թիվ են կազմում համակարգչային խաղերի մրցումներին մասնակցողները: Օրինակ, անցյալ տարի աշխարհի առաջնության ընտրական եւ եզրափակիչ փուլի մրցումներին ընդհանուր առմամբ մասնակցել են 70 երկրների շուրջ 1,5 մլն ներկայացուցիչներ: Իսկ ահա նոյեմբերին Քյոլնում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար արդեն 80 երկրներից հայտեր են ստացվել:
Կիբեռսպորտն աստիճանաբար արմատավորվում է նաեւ մեր հանրապետությունում: 2006-ին առաջին անգամ Երեւանում կազմակերպվեց մարզաձեւի Հայաստանի առաջնություն, որին մասնակցեցին 150 մարզիկներ: Նրանցից լավագույնները հանդես եկան Իտալիայում անցկացված կիբեռսպորտի աշխարհի առաջնությունում: Ցավոք, մուտքի վիզաների հետ կապված դժվարությունների պատճառով հայ մարզիկներն անցյալ տարի չկարողացան մասնակցել ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում անցկացված աշխարհի առաջնությանը:
Երեկ «Կոնգրես» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպեցին կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի նախագահ Էդգար Սահակյանը, Samsung եւ DOXX ընկերությունների ներկայացուցիչները, որոնք հովանավորում են մարզաձեւը: Էդգար Սահակյանը տեղեկացրեց, որ մեկնարկում է Հայաստանի 3-րդ առաջնությունը, որին նախնական տվյալներով ավելի քան 400 մարզիկներ են մասնակցության հայտ ներկայացրել: Նախնական փուլում լավագույն արդյունքի հասած մարզիկները եզրափակիչում կպայքարեն Հայաստանի չեմպիոնի տիտղոսի եւ աշխարհի առաջնության ուղեգրերի համար: Առաջնության մասնակիցները կմրցեն համակարգչային չորս խաղերիցՙ FIFA 08, WarCraft3: The Frozen Throne, Counter Strike 1,6, WarCraft3: DotA: Առաջնության մասնակիցները մուտքավճար կմուծեն, որից էլ կգոյանա մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը: Անհատական մրցումների մասնակցության մուտքավճարը 3000 դրամ է, թիմայինըՙ 20 հազար: Հովանավորները մրցանակակիրների համար սահմանել են տարբեր մրցանակներ: FIFA 08 եւ WarCraft3: The Frozen Throne խաղերում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճած մարզիկները մեր հանրապետությունը կներկայացնեն նոյեմբերին Քյոլնում կայանալիք կիբեռսպորտի աշխարհի առաջնությունում:
Նշվեց, որ «Samsung» ֆիրման կիբեռսպորտի ստեղծման ակունքներում է եղել եւ իր անմիջական մասնակցությունն է ունեցել Հայաստանում մարզաձեւն արմատավորելու ու զարգացնելու գործում: Ֆիրման ավելի քան 60 երկրներում հովանավորում է կիբեռսպորտի ներկայացուցիչներին: Ի դեպ, շատ երկրներում, այդ թվում եւ Ադրբեջանում, կիբեռսպորտը կառավարությունների կողմից պետական աջակցություն է ստանում, ինչը դեռեւս չի կարելի ասել Հայաստանի պարագայում: Էդգար Սահակյանը տեղեկացրեց, որ, օրինակ, 2006-ին մեր մարզիկների մեկնումն աշխարհի առաջնության հնարավոր էր եղել շնորհիվ այն ժամանակվա ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի աջակցության: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում մարզաձեւին օգնության ձեռք կմեկնի նաեւ պետությունը, ինչը նոր խթան կդառնա կիբեռսպորտը Հայաստանում զարգացնելու եւ նոր մակարդակի հասցնելու գործում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ