«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2008-09-18 | #171, 2008-09-19 | #172, 2008-09-20


ԲԱԽՏԻ ԽՈՐԹ ԶԱՎԱԿՆԵՐԻ ԼՈՒՍԻՆԸ

Նվիրվում է փոփոխությունների սպասումին

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սովորաբար ամեն շաբաթ քաղաքական վերլուծաբանները լուրջ-լուրջ վերլուծություններ են անում, կանխատեսում քաղաքական մոտական, տալիս-առնում, քաղաքական շուկայի առեւտուրը ծավալում այս ու այն քաղաքական սակարանի կանոններով: Խելացի-խելացի դատողություններ անում, ու մեր թերթն էլ անմասն չէ դրանից: Այս հրապարակումը ծնվեց լուրջ քաղաքական վերլուծությունների ջգրու:


Անցյալը

Երբ եկավ օրը` մենք պատրաստ էինք ամեն ինչի եւ ոչնչի պատրաստ չէինք:

Ամեն ինչի, որովհետեւ մեր հոգիներում մի մեծ, անվերջավոր դատարկություն կար, եւ մենք շտապում էինք այն լցնել: Լցնում էինք ինչով պատահի, ու հաճախ, մեզ համար աննկատ, իսկ գուցե շատերի համար լավ էլ նկատելի, այնտեղ աղբ էր լցվում: Հոգիներ սողոսկած աղբը դժվար է դուրս թափել, էնքան որ ներս լցվեց` խառնվում է նախաստեղծ հրեշտակին, իսկ հետո շատ դժվար է նրան զատել` օղուն խառնված ջրի նման: Մենք կարոտ էինք թարմ ու անսովետ օդի, կարոտ էինք մարդկային անբռնազբոս ու խելացի տեսակին, կարոտ էինք կեղծիքից ազատ գրականության ու քաղաքականության` ամեն ինչի, որին կարոտում է երկար ժամանակ կեղծիքի մեջ ապրած մարդը: Ժամանակ չեղավ ընտրություն կատարելու, ժամանակ չեղավ թացը չորից անջատելու: Ժամանակն արագավազ նժույգ էր, մենք` հետիոտն, ոչ կարողանում էինք նրան կանգնեցնել, ոչ էլ նրա նման չափ ընկնել, բայց տեղ հասնել պետք էր: Ու տեղ հասնելու խուճապից ավելի շատ էինք սխալվում, խուճապը միշտ էլ պարտություն է բերում, իսկ հանդարտությունը հաջորդում է փորձին, եւ իմաստնությունը` հաջորդական քայլերին` ո՞վ էր մեզ տվել: Դրա համար ընդունում էինք ամեն ինքնակոչի` ով երկրի կենտրոնում կանգներ ու մի քանի նախադասություն բղավեր, դառնում էր առաջնորդ: Մեր հոգիներում վաղուց ստեղծված հարթակը անբռնազբոս տեղավորեցինք օպերայի հրապարակում, տրամադրեցինք` ում պատահի, ուրիշները` «Մայդան», մենք` «Ազատության» անվանեցինք հարթակը, առանց մի կարգին որոշելու` ազատություն ասելով ի՞նչ ենք հասկանում: Այդ հետո պարզվեց, որ ամեն մեկն իր «ազատության» սահմանները սեփական դաստիարակության պատուհանից էր գծում, սահմանով ազատությունս ո՞րն է, գծում էր այնքան, որքան պետք էր իրեն երջանիկ լինելու համար. մարդ կա ջիպով է երջանիկ, մարդ կա` անվերջ խոսելու ամբիոն ստանալով, մարդ կա աղքատի բաժին հացն ուտելով, մարդ կա` մի դաստա տղերքի հրամայելու իրավունքով, մարդ կա` գիշերվա մեկին քնած երեխեքին ու փողոցի շներին լեղապատառ անող մի քսան համազարկ «սալյուտ» տալով: Ճամփա ընկանք, եկանք-եկանք, կորուստ ու գտած տալով-առնելով, ու այդպես էլ բալանսի չգալով, այդպես էլ անկեղծություն չգտնելով, ստի խեղդող դոզաներից երբեք ազատվել չկարողանալով, հանուն դե-մո-կրա-տիայի մի ձենի մշտական բղավողներով` մի օրվա հասանք, ուր նույնքան կեղծիք կա, որքան մեկնարկի պահին, նույնքան ստախոս, որքան որ առաջ էր, նույնքան դեմագոգ, ինչ եմ ասում`ավելի~ն, որքան առաջին հարթակը ստեղծելու պահին: Ու նոր հարթակատերերը նույն կերպ կարողանում են խաբվելու պատրաստ հոգեվիճակով մարդկանց` իրենց բաժին բազմությունը մշտապես գտնել, ինչպես որ մեզ էին գտնում ելից օրերին: Մի անգամ խաբվածի փորձը նոր խաբվողներին չի սովորեցնում, քանի որ նրանք հիմա են հասունացել խաբվելու համար (կարմրել եմ` արի), որովհետեւ նրանք ուզում են խաբվել, ուրիշ ապրելու ձեւ չգիտեն, նրանց ոչ ոք ուրիշ բան չի սովորեցրել, նրանք իրենց բաժին խաբվածությունն են ուզում` հետո ափսոսալու ու ողբալու համար:

Անցումը

Կարոտը ոչինչ չի սովորեցնում, այլ մարդուն նախապատրաստում է նորից խաբվելու: Կարոտը կեղծ մղիչ ուժ է, բայց ո՞վ կասի մարդուն այդ մասին, ով նրան հետ կպահի նորից ընկնելուց: Ո՞վ իրավունք կվաստակի այդ բոլորն ասելու` ամբոխից ամբոխի որակին համարժեք, հընթացս ու էժանագին որակումներ չստանալով:

Երբ անցած դարի 80-ականներին դանդաղ հոսող երեւանյան ժամանակի ծույլ հանդարտության եւ սարսափելի կեղծիքի մեջ որպես լույսի շող խուժում էր «Վայրի աղջիկը» կամ «Բախտի խորթ զավակների լուսինը», իսկական կյանքի կարոտով ողողված հոգին ամբողջովին ներծծվում ու կարոտի ուժգնությունից այնպես էր փարվում դրանց, որ չէր նկատում, թե ինչպես է հիվանդանում անսովորով, ինչպես է կյանքի կեղծիքի պատճառով ժխտում նորմալ-հավասարակշիռ կյանքի հնարավորությունը, ու այդպիսով` չունեցած ողջ համալիրը փոխարինում կենտ-աննյութական-թատերական ինչ-որ բանով: Բայց այդ պահին «Վայրի աղջիկը» հույս էր, հիվանդ, համարյա բուլգակովյան խելագարության աստիճանի հիվանդագին, բայց հույս էր: Հիմա, երբ «Վայրի աղջիկը»` Տաթեիկ Ղափլանյանի ու նրա նոր ներկայացման տեսքով վերադարձել է, ես չեմ ուզում գնալ դրամատիկ թատրոն եւ նայել այն` վախենում եմ չափել այն ժամանակից հետո մեր փշրված հույսերի եւ կորուստների ահագնությունը, վախենում եմ ընդունել, թե որքան դատարկ կյանք ապրեցինք ու որքան փայտե կուռքեր ունեցանք, եւ որքան-նույնքան կռապաշտ ենք հիմա` քրիստոնեական բարության մասին ամեն օր բարբառելով հանդերձ:

Մեծ կարոտները շարունակաբար մեծ հիասթափություններ են ծնում, զրկում իմունիտետից` թողնելով մարդուն արագ վարակվել ու ներծծվել մեծ խաբեությունների եւ մեծ բլեֆների վիրուսով, ստիպում այսօրը չտարբերակել-չսահմանազատել անցյալից. մեծ ինքնախաբեություն` չկարողացանք փոխվել ազգովին ու անընդհատ ելման կետում ենք` մեն-միակ ձեւակերպումով. այս մարդիկ գող-ավազակ-հանցագործ են` մենք հայրենասեր ու մաքուր, սրանց մեզնով փոխարինենք`ամեն ինչ լավ կլինի: Չենք ուզում ներս նայել` մեր դժբախտությունների պատճառը մեր մեջ եղած աններդաշնակության, կրթության պակասի, համակարգային մտածողության չգոյության, դաստիարակության բացակայության մեջ հայտնաբերելու ու դրանց դեմ պայքար սկսելու համար` ազգի մեծից մինչեւ պուճուր, ընդդիմադիր կուռքից մինչեւ ինքնամեծար իշխանավոր, չենք ուզում իրապես մեզ պատրաստել մեծ փոփոխությունների համար ու հետո խոսել փոփոխություններից, նախնադարյան պրիմիտիվ «բունտարների» նման անընդհատ սոցիալական հեղափոխության ենք մղվում` արդարության պլեբեյական պատկերացումներով ու ստանում նույն անարդար կարգը` որպես այդպիսի մտածողության բնական արդյունք: Մտածող մարդու փորձառությունը սրտխառնուք պետք է պատճառեր ամենայն ամբոխայինից (ամբոխային ասելս ամբոխավարական ձեւերով պետք չէ հասարակ ժողովրդին վերագրել, որ պարզապես կրկնում է «ընտրյալներիդ» գործելակերպը): Բայց մենք մտածելու նեղություն մեզ չենք պատճառում, վախենամ` մտածելու սովորույթից ընդմիշտ հրաժարվում ենք, քանի որ ոչ մեր սխալներն ենք հիշում, ոչ հիասթափությունները, ոչ այսօրվա էժանագին փառաբանումների դրդապատճառները: Քանզի մարդկային հոգին հենց դրա համար է մարդկային (մահկանացուի՛), անկարող է ցավով ու սխալով մաքրագործվել ու ընտրում է հեշտ ճանապարհը` մոռացության տալով այն զգացողությունները, որոնք մի անգամ ցավեցրել են հոգին, բնազդով այդպե՛ս պաշտպանվելով նորից փորձության գնալուց: Ու այս է պարադոքսը` ոչինչ չենք սովորում մեր անցյալից, առավելեւս` մեր երեխաները մեր անցյալից չեն կարող եւ չեն ուզում սովորել: Ու նայելով պատուհանից դուրս` մտածողի ու հիշողություն ունեցողի պակասն ենք արձանագրում անվերջ, այլապես խնքնակոչները նորից չէին հայտնվի հարթակներին:

Այսօրը

Այսօրն ինձ հիշեցնում է անվերջ «դեժավյու»: Ամեն ինչ ճիշտ այնտեղ է տանում, որ տանում էր տաս տարի առաջ. մեր իշխանավորը չի ուզում քաղաքակրթվել, երկերեսանի եւ հակաժողովրդական է ու անվերջ պտտվում է սեփական պոչի շուրջ, մեր ընդդիմությունը այնպես է սեւացնում իշխանությանը, ինչպես տարիներ առաջ իրեն էր սեւացնում օրվա ընդդիմությունը: Նրանց տարբերության մասին խոսակցությունը թողնեմ երկրիս կուսակցական հատվածին: Իսկ հասարակ մարդը մոլորված է ճիշտ այնպես, ինչպես տարիներ առաջ, ու մեկից խելացի թվացող մի խոսք որ լսում է` վազ է տալիս այդ ուղղությամբ: Այստեղ հանգիստ կարող էի մեջբերել Խորենացուն` կաշառակեր դատավորների, թերուս ուսուցիչների եւ սովորել չցանկացող աշակերտների մասին, սակայն դա այլեւս չի օգնի, եւ անգամ մեր մոդեռն թերուսներն այդպիսի մոտեցումը կարող են հնացած համարել, այնպես որ ուղղակի գծեմ օրվա իրականության պատկերը`ժողովրդական երկընտրանքի շղարշը չշրջանցելով. հրեշտա՞կ էր Տիգրան Թորոսյանը, թե՞ սովորական կուսակցական ջանադիր, այս հանցավոր իշխանությունն ուզո՞ւմ է լեվոնականներին իր իշխանությունից մաս հանել, թե՞ ոչ, սահմանը բացելը լավ է, էժան ապրանք կմտներ երկիր, բայց թուրքը` թուրք է մնում, չպետք է մոռանալ ու «երկու էրնեկ մի տեղ չի լինում», երկրի նախագահը ո՞նց կարող է ուզենալ, որ Ազգային ժողովը մկների ժողով անվանեն, «Հայկական ժամանակում» տպված Սերժի կոլաժը, որ իբր Ակիմովն է, տեսնես հայերից ո՞վ է պատվիրել, լավ էդ կարեւոր չի, էս նախագահը չի՞ ուզում ժողովրդի վիճակը բարելավել, չի ուզում` թող գնա, Լեւոնը որ գա, մեր թոշակը կավելանա. ու էսպես անվերջ-անհատնում հարցականներ, որ լցված են երեւանյան օդում` նարդու շրխկոցի, Հյուսիսայինի նստացույցի, հանրահավաքի «սեմուչկաչրթոցիի», Ազգային ժողովի ճաշարանային խոսակցությունների եւ սովորական հայ մարդկանց ընտանեկան զրույցների արանքում: Բայց եւ` բոլորը, իշխանավոր եւ ընդդիմադիր, հասարակ մարդ ու տնտեսուհի` անխտիր բոլորը բարձր կարգի քաղաքագետի եզրակացության են հանգում` առանց վիճարկման դույզն իսկ հնարավորություն թողնելու. այսպես չի կարող շարունակվել, փոփոխությունները հասունացել են վերջնականապես եւ ամբողջովին, աշխարհում էլ Վրաստանի դեպքերից հետո ամեն ինչ փոխվեց, Հայաստանն ավելի խոցելի դարձավ եւ հարեւանների, եւ աշխարհի հզորների առումով, ու հաստատ վաղն ուրիշ Հայաստանում ենք արթնանալու:

Ու սպասում են բոլորով` ընդդիմադիր ու իշխանավոր, հասարակ ու պաշտոնյա. փոփոխությունները Պուշկինն է անելու (Պուշկին Սերոբյանին նկատի չունեմ):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4