ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ
Այսօր երջանկահիշատակ Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսը կդառնար 100 տարեկան
Վեհափառ Հայրապետն ապրեց ոգեղեն մի կյանք` մոտ քառասուն տարվա գահակալությամբ, աթեիստական ճնշումների դժվարին տարիներին հայ առաքելական եկեղեցին ծառայեցնելով որպես ժողովրդի հոգեւոր ու բարոյական հենարան:
Երջանկություն եմ ունեցել մոտ երեք տարի հաճախակի հանդիպել Վեհափառին` լինելով «Խորան լուսո» հեռուստահաղորդաշարի խմբագիր-ղեկավարը: Խորհրդային համակարգը դեռ չէր հավաքել իր փեշերը, եւ ազգային հեռուստատեսությունում այդ հաղորդաշարի բացումն առանձնակի ջերմությամբ ընդունեց Վեհափառը` իր օրհնանքի եւ բացման խոսքում հատկապես կարեւորելով այդ փաստը. «Սրտի գոհունակությամբ ես բերում եմ ձեզ բոլորիդ Աստծո օրհնությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Մեզ ուրախացնում է, որ այսուհետ հեռատեսիլով հոգեւոր կյանքը ներկայացնող հաղորդումներ են եթեր արձակվելու: Այժմ, կարծում եմ, ժամանակն է արդեն, որ հայ ժողովուրդը ինքզինքը ճանաչի նաեւ հայ եկեղեցու կյանքի եւ նրա կատարած դերի, պատմական դերի մակարդակի վրա: Այս ձեւով մեր ժողովուրդը, մեր հայրենի ժողովուրդը առավել ամբողջական կերպով պիտի ճանաչի ինքն իրան»:
«Խորան լուսո»-ն հիրավի դարձավ հոգեւոր սնունդի ծարավ մարդկանց սիրելի հաղորդաշարը` այդ ծարավը հագեցնող լավագույն միջոցը: Այսօր, երջանկահիշատակ Վազգեն վեհափառի ծննդյան օրը, ուզում եմ ներկայացնել մի դրվագ այն օրերից, որն անջատ գործող հայ երկու Աթոռների գոյության տարիներին աննախադեպ մի իրադարձություն էր, հարաբերությունների ջերմացման հրաշալի առիթ: Վազգեն վեհափառը ողջունեց մեր մտահղացումը, այն է` ամբողջ Հայաստանով մեկ սփռվող հեռուստատեսության եթերով ներկայացնել երկու Աթոռների պետերի երկխոսությունը: Մանավանդ, պատեհ առիթը կար` Մայր Աթոռի հրավերով Էջմիածնում էր մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
1991 թվականի հունիսն էր: Վազգեն Առաջինը եւ Գարեգին Երկրորդը նստեցին Վեհարանի շքամուտքինՙ Տրդատա Դռան եւ Մայր Տաճարին հանդիման ու զրույցի բռնվեցին: Տարին արցախյան ազատամարտերի, Հայաստանի անկախ պետականության կայացման տարի էր, եւ հայ եկեղեցու երկու ղեկավար այրերի համար մտորելու, զրուցելու, ծրագրելու շատ բան կար: Նրանց բազում հանդիպումների մեջ սա այն միակ առիթը եղավ, որ անսացին լրագրողի խնդրանքինՙ մարդկանց եւ պատմությանը թողնելու իրենց մտորումները:
Երկու Առաջնորդների զրույցը տեւեց 54 րոպե: Ժողովրդի խնդրանքով հաղորդումը կրկնվեց եւս երկու անգամ. մեծ էր հետաքրքրությունը, եւ առիթն էր գեղեցիկ, ասես ուրվագծվում էր Աթոռների ոչ միայն համագործակցության ամրությունը, այլեւ ջերմությունը: Եվ շատերի շուրթերին թառել էր հարցականը` արդյոք այս առիթը կարո՞ղ է նշանակել Աթոռների միացման խորհրդանշական սկիզբ...
Ահավասիկ, ներկայացնում ենք այդ զրույցը` որոշ կրճատումներով:
ՎԱԶԳԵՆ Ա. - Սիրեցյալ եղբայր մեր ի Քրիստոս:
Այս պայծառ երկնքի տակ ուզում եմ նախ իմ խոր գոհունակությունը հայտնել, որ ընդառաջեցիք մեր հրավերին եւ վերստին այցելության եկաք Մայր Աթոռ եւ Մայր Հայրենիք: Այս անգամ եկաք ուղղակի Դեր Զորից, ուր օծումը կատարվեց նորակառույց այն հուշարձան-եկեղեցու, այն համալիրի, որ նվիրված է 1915-ի ցեղասպանության զոհերի հիշատակին, մեր եկեղեցու զավակների հիշատակին: Ձեզ հիմա ողջունում ենք Դեր Զորից գալով. այս ձեւով մի տեսակ ես էլ, կարծես թե ինչ-որ չափով մարմնապես ներկա եղա հուշարձան-եկեղեցու օծմանը: Այս իմ գոհունակությունը եւ մխիթարությունն եմ ուզում Ձեզ հայտնել: Մենք մինչեւ հիմա ունեինք մեր նահատակների մեծագույն հուշարձանը Ծիծեռնակաբերդում, որն ուխտատեղի է համայն հայ ժողովրդի համար: Հիմա երկրորդ ուխտատեղին եւս ստեղծվեց հենց Դեր Զորում, որ կենտրոնն է մեր նահատակների զոհաբերության: Եվ հետայսու, կարծում եմ, ամեն հայ մարդ կյանքում գոնե մի անգամ պետք է այցելի եւ աղոթի նաեւ Դեր Զորի հուշարձան-եկեղեցու կամարների ներքո: Թող Աստված մեր բոլոր աղոթքները ուղիղ ընդունի որպես խունկ եւ մեր ազգի բոլոր ցավերին դարման լինի եւ օգնության հասնի մեզ բոլորիս այժմ եւ ապագային: Բարի եկած եք:
ԳԱՐԵԳԻՆ Բ. - Սիրելի Վեհափառ, Դուք լավ գիտեք, թե ինձ համար ամեն անգամ լինել Սուրբ Էջմիածնի մեջ, Ձեր կողքին, Ձեզ հետՙ հոգեկան զորության եւ անձնական երջանկության աղբյուր է: Եվ այս պահը իմ կյանքի մեջ բացառիկ պահ կնկատեմ: Այն պատճառով, որ մենք առաջին անգամն ըլլալով պատմության մեջ, նստած կողք-կողքի Վեհարանի մուտքի, Մայր Տաճարի գմբեթի առաջ, Տրդատա դռան դիմաց, խոսակցում ենք իրար հետ, մեր ժողովրդի ներկայությամբ, ով հետեւում է մեզ հեռատեսիլի վրա: Սա իսկապես իր տեսակի մեջ առաջինն է, եւ փառք եմ տալիս Աստծուն, որ այս առիթը շնորհեց մեզ երկուսիս: Ես շատ մեծ սիրով ընդառաջեցի Ձեր հրավերին, որովհետեւ ուզեցի, որ այդ ՈՍԿԵԿԱՄԱՐ կապը ստեղծվի Դեր Զորի եւ Հայաստանի միջեւ: Եվ այն մտածումը համակեց ինձ, որ Դեր Զորի նահատակների զոհաբերության արարքը Հայաստանով է, որ կարժեւորվի: Հետեւաբար, ինչպե՞ս կարող էինք նահատակների հիշատակը Դեր Զորում մենք հարգեինք, առանց Հայրենիքի հետ շաղկապելու նրանց նահատակության իմաստը: Ահա թե ինչու, Վեհափառ, անհունորեն ուրախ եմ, որ այս առիթը վիճակվեց ինձՙ Ձեզ հետ հանդիպելու եւ զրուցելու:
ՎԱԶԳԵՆ Ա. - Ամեն:
ԳԱՐԵԳԻՆ Բ. - Վեհափա՛ռ, ես այնպես եմ զգում, որ մեր ժողովրդի առաջ մենք պիտի խոսենք մեր ժողովրդի կրոնական վերազարթոնքի մասին:
ՎԱԶԳԵՆ Ա. - Հարկավ, շատ այժմեական նյութ է: Կրոնական ապրումի իրական զարթոնք կա ամբողջ Հայաստանի տարածքի, Ղարաբաղի տարածքի եւ ներքին սփյուռքի տարածքի վրա: Զարմանալի չափերով: Նույնիսկ անձնապես ես կխոստովանեմ, ինձ համար անսպասելի՛ չափերով: Հրաշքի համազոր երեւույթ: Մի անգամ եւս կճշմարտվի այն, որ մարդ արարածը առանց կրոնական հավատքի չի կարող ապրել: Դրանից է, որ այսքան տարի սահմանափակված կամ ճնշված այդ զգացմունքները միանգամից պոռթկացին եւ ուժգին կերպով դրսեւորվեցին:
Սքանչելի երեւույթ է եւ ուսումնասիրելու առարկա: Եվ խորհրդածելու առարկա: Բայց ամեն բանից առաջ, մեր առաջ գործնական հարցեր են դրվում` բավարարելու համար մեր ժողովրդի այս որոնումը, այս պահանջքը, այս առաջադրանքը, որպեսզի մենք հասցնենք մեր հոգեւորականների օգնությամբ, անշուշտ, մխիթարություն բաշխել մեր ժողովրդին: Եվ այդ գործը սկսած ենք: Սկսած ենք, ասում եմ, որովհետեւ իրապես սկիզբն է: Մենք պատրաստ չէինք այս վիճակին ընդառաջ գնալու: Բայց հիմա խոսեցինքՙ Դուք տեղյակ եք, բավականին կազմակերպչական աշխատանք արդեն սկզբնավորված է եւ Մայր Աթոռումՙ Մայր Աթոռի միջոցով, եւ բոլոր մեր ներքին թեմերի առաջնորդ սրբազանների գործակցությամբ, որպեսզի կրոնական գիտելիքները, մեր քրիստոնեական, մեր Սուրբ Ավետարանի ուսմունքը հետզհետե ավելի ուժգին կերպով եւ լայն չափերով տարածվի:
Այդ բանը կզարգացնենք նաեւ հետայսու: Հետո տարածում ենք Սուրբ Գիրք, հատկապես Նոր Կտակարանը: Տասնյակ հազար օրինակներով բաշխվել է: Բավարար չէ, էլի պետք է ապագային հասցնենք կրոնական գրականությունը տարածելՙ իբրեւ հոգեւոր սնունդ մեր ծարավի ժողովրդին: Ապա հեռուստացույցը, որ շատ բարյացակամ է մեզի հանդեպՙ կրոնական հաղորդումներ են եթեր տրվում կանոնավորապես: Նոր ծրագրեր ենք կազմում, որպեսզի առավել հաճախականությամբ նման հաղորդումներ կատարվեն: Հետո մենք ծրագրեր մշակեցինք, որպեսզի մեր հոգեւոր ճեմարանը ավելի մեծ չափով ընդունի ուսանողներ: 1990-ին ունեցանք մոտ 150 ուսանող: Մինչ այդ, նախկին ռեժիմի շրջանին, սահմանափակ էրՙ մենք իրավունք ունեինք միայն 20 ուսանող ունենալ տեղացի, 20 էլՙ արտասահմանից: Առավելագույն` 40: Հիմա այլեւս արգելք չկա: 1991-ին ունեցանք ավելի թվով ուսանող, որպեսզի կարճ ժամանակի ընթացքում, երկու-երեք տարվա ընթացքում, կարողանանք հասցնել նոր հոգեւոր սպասավորներ մեր եկեղեցիների համար:
Ահա այս եւ նման ծրագրեր ունենք, որպեսզի բավարարենք մեր ժողովրդի հոգեւոր, ինչպես ըսի, ծարավը, եւ զգում ենքՙ այնքան ուժգին է այս հոգեւոր զարթոնքը, որ մեր երիտասարդ հոգեւորականները, ժողովրդի մեջ մտնելով, իրենց հավատքն ավելի են զորացնում ժողովրդի հոգեկան պահանջի մթնոլորտի մեջ: Ահավասիկ, սա մեզ համար մխիթարական է, անշուշտ: Ճիշտ է, այս կրոնական զարթոնքի պայմանների մեջ, դժբախտաբար պիտի ասեմ, դրսեւորվում են նաեւ մեր եկեղեցուց դուրս գտնվող այլեւայլ, երբեմն տարօրինակ անուններ կրող, այսպես կոչված կրոնական շարժումներ, աղանդներ, որոնք անշուշտ մեր ազգի հոգեբանությանը բոլորովին խորթ են:
...Հայաստանյայց Առաքելական եկեղեցին մեր ժողովրդի ազգային եկեղեցին է 1700 տարիներե ի վեր: Սա մի համաշխարհային երեւույթ է քրիստոնեական կրոնի զարգացման ճանապարհի վրա եւ նշենք նաեւ, որ տակավին 4-րդ դարում հայ ժողովուրդն առաջիններից եղավ, որ ընդունեց քրիստոնեությունը իբրեւ պետական կրոն: Եվ հավատարիմ մնաց Քրիստոսի այդ հավատքին: Հայ ժողովուրդը միշտ հավատարիմ մնաց, իմ կարծիքով, իր բուն, իր մեծ սկզբունքներինՙ հավատքը դեպի Քրիստոսի Ավետարանը եւ ազատության իդեալները: Եվ այդ սկզբունքներով ապրում է նաեւ այսօր: Հետեւաբար այդ աղանդները եւ այլեւայլ անուններ կրող կրոնական ձգտումները կամ շարժումները ոչ մեկ առնչություն չունեն մեր ազգի պատմության հետ, մեր ազգային մշակույթի հետ, մեր ազատագրական շարժման գաղափարների եւ հաղթանակների հետ: Ես կարծում եմ, որ դրանք ժամանակավոր երեւույթներ են: Հավատում եմ մեր ժողովրդի ողջամտությանըՙ հավատարիմ մնալ մեր ազգային մայր եկեղեցունՙ Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն, որ իրական եկեղեցին է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Սփյուռքում: Արտասահմանի հայության առավել քան 90 տոկոսը զավակներն են Հայաստանյայց Առաքելական եկեղեցու: Մենք լավատես ենք եւ կարծում եմ, որ նաեւ Մեծի Տանն Կիլիկիո Աթոռն իր ողջ միաբանությամբ, իր բոլոր միջոցներով եւ հնարավորություններով նեցուկ պիտի կանգնի Մայր երկրի կրոնական այս զարթոնքինՙ ձեռք-ձեռքի տված, որպեսզի կարողանանք մեր պատմական ազգային եկեղեցին բարձրացնել այն բարձունքներին, որին արժանի է:
ԳԱՐԵԳԻՆ Բ. - Ես նախ մեծ ուրախությամբ կողջունեմ կրոնական այս վերազարթոնքի երեւույթը մեր հայրենի աշխարհի մեջ եւ նաեւՙ որոշ չափով արտասահմանի մեջ: Վեհափառ, երկու կամ երեք հիմնական իրողություններ կան, որոնց մասին խորհրդածելովՙ մենք նաեւ տեղյակ պիտի պահենք, ըստ իս, մեր ժողովրդին: Առաջինն այն է, որ կրոնական վերազարթոնքը, եթե մարդու հոգիի բնական ապրումներուն արտահայտությունն է, այդ վերազարթոնքին համապատասխան գոհացումը պետք է լինի վավերական: Կարելի չէ այդ ժողովրդի սպասումին տալ այնպիսի պատասխան, որ ճշմարտությունից հեռու լինի: Հետեւաբար մեր քրիստոնեական հավատքն ունի բոլոր պատասխաններն այս հոգեւոր զարթոնքին: Եվ մեր եկեղեցին աղբյուրն է այդ սնունդին, որ պիտի բավարարի մեր ժողովրդի հոգեւոր փափագը: Ես կկարծեմ, որ վերազարթոնքի այս երեւույթի մեջ մենք պետք է ավելի ուժ տանք ոչ այնքան միայն գրական-հրատարակչական գործին, որ իր կարգին կարեւոր է, բայց ես կզգամ, որ այս քարոզչությունը պետք է ըլլա նաեւ անձնական վկայություն մեր հոգեւորականներին, մեր եկեղեցին սիրող, եկեղեցուն հավատացող աշխարհականների կողմից: Ես կառնեմ օրինակը առաքյալների: Նրանք ոչ գիրք ունեին, ոչ միջոցներ ունեին, ոչ նյութական առավելություն ունեին: Նրանց անձնական վկայությունը, անձնական ապրումի ուժգնությունը, հավատքի ամրությունը: Ես կխորհիմ, որ այդ առաքելական ոգին է, որ պետք է ծնվի, վերածնվի մեր հոգեւորականներու եւ աշխարհական առաջնորդներու մեջ: Ես ուրախ եմ, որ Դուք ստեղծել եք քրիստոնեական քարոզչության կենտրոնը, եւ կհուսամ, թե այն ավելի կուժեղանաՙ տարածվելով ժողովրդի մեջ կենդանի վկայությամբ:
Իմ երկրորդ միտքը, որ Ձեզ հետ կուզեի բաժանել, այն է, որ մենք պետք է միշտ արթուն ըլլանք եւ ժողովրդին հաղորդենք Սուրբ Գրքի իմաստը, մեկնաբանենք բուն ճշմարտությունը: Վեհափառ, Դուք ալ լավ գիտեք, որ գրքեն չէ, որ ծնավ քրիստոնեությունը, քրիստոնեությունեն է, որ ծնավ Գիրքը: Երեւակայեցեք, Վեհափառ, իմ մեծ մայրիկը, որ կարդալ չէր գիտեր, անգրագետ էր գրի մեջ, իր ժամանակներին ինձ ավելի Սուրբ Գիրքը սովորեցրեց եւ կրոնք ինձ ավելի տվեց, քան շատ ուսուցիչներ, որ Սուրբ Գրքի մասին են խոսում: Պողոս Առաքյալը շատ հետաքրքրական խոսք ունի. հաճախ օտար քարոզիչները, որոնց մասին շատ ճիշտ խոսեցիք, «նմանվում են խոսքի վաճառականների»:
Եվ վերջին բանը, Վեհափառ, այս աղանդներու մասին: Ես մի բան զգում եմ, Դուք ալ անշուշտ ինձնից ավելի լավ գիտեք: Այս աղանդները, որոնք տարածվում են մեր ժողովրդի մեջ, սրանք հակաքրիստոնեական են իմ հասկացողությամբ: Ավետարանեն կուգա իմ համոզումը: Քրիստոս, որին հավատը, որին ուսուցումներն են քարոզում, ասել է. «Գնացե՛ք, քարոզեցե՛ք եւ աշակերտեցե՛ք զհեթանոսս»: Եթե ուզում են Քրիստոսին քարոզել, ինչու՞ չեն գնում նրանց մոտ, որոնց համար Հիսուս ուղարկում է իրենց:
ՎԱԶԳԵՆ Ա. - Ուրեմն նրանք քրիստոնյա չեն:
ԳԱՐԵԳԻՆ Բ. - Քրիստոնյա չենՙ ամենեն տարրական բացատրությունը այս է: Թող գնան այն երկրները, այն ժողովրդի մոտ, որտեղ Քրիստոսի անունը դեռ չի լսվել:
ՎԱԶԳԵՆ Ա. - Անշուշտ:
ԳԱՐԵԳԻՆ Բ. - Հետեւաբար, սրանց բերածը հոգեւոր անիշխանություն է: Բայց Քրիստոս եկել է միացնելու, ոչ թե պառակտելու:
ՎԱԶԳԵՆ Ա. - Շնորհակալ եմ, այսպես էլ կշարունակենք: Այս պահուն կուզեի նաեւ վերհիշել եւ ընդգծել, որ Ձեր այցելությանը զուգադիպեց այցելությունը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի պատվիրակության, որ Հայաստան եկավ իմ հրավերովՙ ղարաբաղյան վերջին աղետալի, արյունալի դեպքերի առնչությամբ (նկատի ունի Գետաշենի անկումը-Հ. Պ.): Ինչպես երեւի մեր ժողովուրդը ծանոթ է, Ժնեւի կենտրոնով դա միջազգային մի կազմակերպություն է, որին անդամակցում են աշխարհի գրեթե բոլոր եկեղեցիներըՙ ավելի քան 200 անուն քրիստոնեական եկեղեցիներ: Կաթոլիկ եկեղեցին ուղղակի անդամ չէ, բայց, ինչպես գիտեք, սերտ համագործակցում է Ժնեւի կենտրոնի հետ: Դա կրոնական մի մեծ կազմակերպություն է, որը նաեւ ընկերային մշակութային եւ նույնիսկ քաղաքական ձեռնարկումներով հեղինակություն է վայելում աշխարհում եւ մի տեսակ խորհրդատու մարմին է Միացյալ Ազգերի Կազմակերպության համար: Ահա այս կազմակերպության անդամ ենք նաեւ մենք` մեր Աթոռը եւ Ձեր Աթոռը: Դուք այնտեղ անձնապես երկար տարիներ գործած եք` իբրեւ ղեկավար մարմնի կարեւոր անդամներից եւ այս ամենի մասին ինձնից ավելի լավ գիտեք: Այս ամենը շեշտում եմ նրա համար, թե ղարաբաղյան այս դժվարին ժամանակներում որքան կարեւոր էր, որ անսացին իմ խնդրանքին, եւ իմ հրավերով եկավ վեց անդամներից բաղկացած մի պատվիրակությունՙ տարբեր ազգերի ներկայացուցիչներովՙ հոլանդացի, գերմանացի, ամերիկացի... Նրանք շրջեցին այն վայրերը, ուր Գետաշենի եւ այլ գյուղերի փախստականներ էին ապրումՙ բռնի կերպով տեղահանված իրենց հայրենական բնակավայրերից: Պատվիրակությունը շատ լավ հասկացավ ղարաբաղյան ժողովրդի դատը, նրա ողբերգությունը: Պատվիրակությունն իր տեղեկագիրը պիտի ներկայացնի կենտրոն, որով նաեւ Արցախի ժողովրդի արդար դատը պիտի ներկայանա ամբողջ Եվրոպային, քրիստոնյա ամբողջ աշխարհին: Ես վստահ եմ, որ սա արցախյան դատի ճանապարհին կարեւոր ներդրում պիտի հանդիսանա եւ արդյունքները երեւի մենք պիտի տեսնենք մոտ ապագային: Այս գոհունակությունն էի ուզում հայտնել, եւ Ձեր ներկայությունն էլ նպաստ հանդիսացավ այս առիթով, որի համար շնորհակալ ենք:
ԳԱՐԵԳԻՆ Բ. - Ես անհունորեն ուրախացա, Վեհափառ, երբ տեսա նրանց ժամանումը Էջմիածին: Մենք ուրախ ենք, որ վերջին խումբն էլ այդպես սրտացավորեն ուսումնասիրեց հարցը: Դուք ալ վկայեցիք, թե որքան կենդանի հետաքրքրությամբ ուսումնասիրեցին հարցը: Անշուշտ մեր հույսը օտարի վրա չենք դնում, բայց նաեւ չենք կարող անտեսել մեզ շրջապատող պետությունները: Մանավանդՙ աշխարհն հիմա այնպիսի դրության մեջ է, որ ազգերը հաճախ իրարից են կախում ունենում: Հատկապես սփյուռքի հայերուս համար մեր պետության այս հռչակումը մեծ նշանակություն ունի եւ պետք է ամեն գնով այնպես անել, որ կարենանք պահպանել, ամրացնել տնտեսական, ընկերային եւ այլ կարգի ապահովական հիմունքները:
ՎԱԶԳԵՆ Ա. - Համազգային միասնությամբ:
ԳԱՐԵԳԻՆ Բ. - Անշուշտ: Օտարները պիտի զգան, որ մենք մի պետություն ենք, մի ազգ ենք, մի եկեղեցի ենք:
ՎԱԶԳԵՆ Ա. - Եվ մենք միասնական ենք եւ ամուր:
...Նրանք միմյանց ձեռք սեղմեցին եւ ոտքի ելան` զբոսնելու Մայր տաճարի այգում: Հունիսյան խաղաղ միջօրե էր: Մենք պատշաճ հեռավորության վրա հետեւում էինք մեր եկեղեցու երկու մեծերին, որոնց միջեւ սկսվել էր մի տարածուն, ամուր եւ գեղեցիկ մտերմություն, որը կարծիքների միասնություն էր, համատեղ ծրագրերի մտորում, եւ ցանկալիորեն կարելի էր մտածել, թե այդ ամենն օրերից մի օր պիտի բերի երկու Աթոռների միացմանը: Այն ժամանակ ինչպե՞ս մտածեիր, թե Վեհափառին քիչ տարիներ են մնացել ապրելու, եւ որքան ծրագրեր անիրական մնացին, որ պիտի բերեին-ապահովեին երկու ԱԹՈՌՆԵՐԻ ՈՍԿԵԿԱՄԱՐ կապը: