(Ոչ միայն գրախոսություն)
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ
Գրախոսվող աշխատությունը լույս է ընծայել «Գիտություն» հրատարակչությունը 2007 թվականին` : Ա-5 չափսի 326 էջ ծավալով գիրքը լրամշակված եւ ամբողջացված տարբերակն է 31-ամյա երիտասարդ պատմաբանի թեկնածուական ատենախոսության, որը նա փայլուն կերպով պաշտպանեց 2007 թվականին: Աշխատությունը հրատարակության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհուրդը, խմբագիրն է պատմագիտության դոկտոր, Արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Պավել Չոբանյանը: Գիրքը տպագրվել է Կուսապատի Աթաբեկյանների մելիքական տոհմի շառավիղ Հրաչիկ Աթաբեկյանի դրամական մասնակի աջակցությամբ: Աշխատության նյութերի հավաքման ու գրքի հեղինակման վրա Արտակ Մաղալյանն աշխատել է ութ տարի` 2000-2007 թվականներին:
Արտակ Մաղալյանի գիտական հետաքրքրությունների կենտրոնում Արցախի մելիքությունների պատմությունն էՙ ուշ միջնադարում եւ 19-րդ դարի առաջին կեսին: Վերջին տարիներին նա այս թեմային առնչվող գիտական հոդվածներով ու փաստաթղթերի հրապարակումներով հանդես է եկել հայրենական եւ սփյուռքյան գիտական մամուլում ու գիտական հոդվածների ժողովածուներում («Բանբեր Հայաստանի արխիվների», «Բազմավէպ», «Հանդէս ամսօրեայ» եւ այլն):
Աշխատությունը բաղկացած է «Ներածությունից», երկու գլուխներից` համապատասխանաբար չորս եւ վեց ենթագլուխներով, «Վերջաբանից», ռուսերեն եւ անգլերեն ամփոփումներից, երկու հավելվածներից եւ օգտագործված աղբյուրների եւ գրականության ցանկից:
Ներածության մեջ Արտակ Մաղալյանը իրավացիորեն գրում է, թե բավարար չափով լուսաբանված չեն Արցախի մելիքների իրականացրած գործառույթները, «հավուր պատշաճի ուսումնասիրված չէ նաեւ Արցախի մելիքական տների տոհմաբանությունը»: Ուսումնասիրության արդիականությունը նա հիմնավորում է նաեւ «ադրբեջանցի պատմաբանների» (կնախընտրեինք, որ հեղինակն այս բառն առներ չակերտների մեջ կամ գործածեր «կեղծ-պատմաբաններ», «պատմաշինարարներ» կամ նույնիմաստ եզրույթներ - Գ. Յ.) կողմից Արցախի պատմության խեղաթյուրված ներկայացմամբ»:
Աշխատության կարեւորագույն արժանիքներից մեկը արխիվային նորահայտ բազմաթիվ նյութերի առատ օգտագործումն է, որի բարդությունը կարելի է հասկանալ, եթե նշենք, թե այդ փաստաթղթերի զգալի տոկոսը գրաբար է, մյուս մասը` տվյալ ժամանակաշրջանի խոսվածքով, համեմված պարսկերեն, թուրքերեն, արաբերեն եւ ռուսերեն բառերով, բառակապակցություններով ու արտահայտչաձեւերով, իսկ ձեռագրերը երբեմն դժվարընթեռնելի են, նույնիսկ անընթեռնելի: Այդ արխիվային նյութերի հիման վրա հեղինակը Խամսայի (արաբերեն` հինգ - Գ. Յ.) մելիքական տների տոհմաբանությունը ներկայացրել է տվյալ ժամանակաշրջանի պատմական անցքերի համաշարադրանքում, ինչից աշխատությունը միայն շահել է: Գրքի նորույթներից է եւ այն, որ հեղինակը տոհմաբանությանը նվիրված ենթագլուխներին կցել է մելիքական տների տոհմածառերը` շատ բարդ մի աշխատանք, որի ծանրությունը միայն մասնագետները կարող են պատկերացնել: Տոհմածառերի կազմման Ա. Մաղալյանի բծախնդիր ու տքնաջան աշխատանքը հատուկ դրվատանքի ու շնորհակալության է արժանի: Հեղինակի օգտագործած աղբյուրներից են 17-18-րդ դարերի հայ պատմագիրների եւ նախախորհրդային ու խորհրդային շրջանի պատմաբանների աշխատությունները: Բավարար է ասել, թե գրքի վերջում բերված ցանկում միայն թվարկված աղբյուրներն զբաղեցնում են 15 էջ` պատկառելի մի թիվ: Ու եթե ավելացնենք, որ սա միայն քանակ չէ, այլ` հեղինակի գիտական լուրջ վերաբերմունքի շնորհիվ ստեղծված որակ, աշխատության գիտական արժեքն ու բերած նորույթն ավելի հստակ կդառնան:
Օգտագործված աղբյուրների տեսության մեջ հեղինակը ներկայացնում է յուրաքանչյուր աղբյուրը, նշում նրա` իր կարծիքով դրական ու բացասական կողմերը եւ այլ հատկանիշները, կատարում պատմաբանասիրական ճշգրտումներ ու լրացումներ: Ամբողջ աշխատության մեջ նա հետեւողականորեն քայլում է այս սկզբունքով` նույնիսկ պատմագիտական մտքի մեծությունների համար (Րաֆֆի, Լեո, Մակար եպս. Բարխուդարյանց, Աշոտ Հովհաննիսյան, Բագրատ Ուլուբաբյան, եւ այլոք)` առանց երբեք թերագնահատելու յուրաքանչյուրի հիրավի մեծ ներդրումն արցախագիտության, մասնավորաբար Արցախի ուշ միջնադարի պատմության ուսումնասիրության գործում: Ա. Մաղալյանը գրում է նաեւ վերջին տարիներին լայն տարածում գտած մի արատավոր երեւույթի մասին, ինչպիսին է սիրողական գրականության «ծաղկումը», որը հաճախ ավելի վնաս է պատճառում, քան ինչ-որ օգուտ բերում: Նմանատիպ աշխատանքներից նա վկայակոչում է քաղաքագետ Դավիթ Բաբայանի «Ղարաբաղի խանության քաղաքական պատմությունը 18-րդ դարի արցախյան դիվանագիտության համաշարադրանքում» ռուսերեն գիրքը (Երեւան, 2007), ինչպես նաեւ Արսեն Մելիք-Շահնազարովի «Վարանդան Արցախի սիրտն է» հրապարակումը հայկական ռուսալեզու «Անիվ» հանդեսում (Մոսկվա-Մինսկ, թիվ 6, 2006, էջ 27-37): Դ. Բաբայանը (որն, ի դեպ, ԼՂՀ նախագահի խորհրդական էր) «հանրահայտ փաստերի միակողմանի եւ կամայական մեկնաբանությունների հիման վրա առաջ է քաշել մի անհեթեթ վարկած, ըստ որի, ի՜բր... Փանահ խանին հատուկ խորհրդակցությունից հետո Արցախ են «հրավիրել» տեղի մելիքները»: Ցավալի ու ամոթալի իրողությունն այն է, որ թյուրքական ջիվանշիր ցեղախմբի սարջալլու ճյուղի հիշյալ ցեղապետին Արցախ է հրավիրել Վարանդայի տիրակալ Մելիք Շահնազար Բ-ն` Արցախի մյուս մելիքների հետ սեփական հաշիվները մաքրելու համար: Իսկ Արսեն Մելիք-Շահնազարովին Արտակ Մաղալյանը մեղադրում է իր «տխրահռչակ նախնուն արդարացնելու փորձի» համար: Հիրավի, ինչպե՞ս կարելի է արդարացնել թուրքածնունդ, թուրքի խնամի, եղբայրասպան, բազմակին, ազգային միաբանության թշնամի, հայոց թշնամու բարեկամ ու դաշնակից արարածին. Մելիք Շահնազար Բ-ն, ծնված լինելով Նախիջեւանի խանի դուստր մորից, սպանել է տվել հայ կնոջից ծնված իր խորթ եղբայր Մելիք Հովսեփին, առնվազն երեք կնոջ հետ է կենակցել (երեքից էլ զավակներ ունենալով), Փանահ-Ալի կոչված հանցագործ փախստականին տրամադրել Շուշիի անառիկ ամրությունը, եւ նրա հետ դաշնակցած` ամենաստոր վատություններ արել իր ազգակից մելիքների ու նրանց հպատակների նկատմամբ, սխալներ, որոնցից մի քանիսը հայ ազատամարտիկները կարողացան ուղղել միայն 240 տարի հետո` Արցախյան փառապանծ ազատամարտում, հազարավոր զոհերի արյան ու հայ ժողովրդի մեծ տառապանքի գնով: Համանման կարծիք է հայտնում նաեւ Արտակ Մաղալյանը` գնահատելով Մելիք Շահնազար Բ-ի ու նրա մերօրյա դատապաշտպանների «գրչամարզանքները», իսկ նման աշխատությունների հրապարակումը, հատկապես մեր օրերում, «անթույլատրելի» համարում: Անվերապահորեն համաձայն ենք երիտասարդ պատմաբանի տեսակետին, որը նույնիսկ մեղմ ենք համարում: Գանձասարի վանքում 1714 թվականին կայացած մելիքական գաղտնի ժողովին վերագրվող բազմաթիվ որոշումներ կոպտորեն խախտած Մելիք Շահնազարը նույն ժողովի որոշման 23-րդ կետի համաձայն («Մեզանից ով կհանդգնի սույն կանոններին հակառակ գործել, Հայրենիքի եւ կրոնի թշնամու կողմն անցնել, նրա հետ միաբանելովՙ Հայրենիքի հանգստությունը վրդովել, հայը հայի դեմ թշնամացնել եւ արյունահեղություն պատճառել») մահապատժով պետք է պատժվեր, մինչդեռ 21-րդ դարի սկզբում հայկական միջավայրում հայտնվել են նրա դավաճանական արարքներն արդարացնել փորձողներ, այդ թվում` ԼՂՀ նախագահի երբեմնի օգնականի հույժ պատասխանատու պաշտոն զբաղեցրած, այսօր էլ ԼՂՀ արտգործնախարարությունում շատ պատասխանատու պաշտոն զբաղեցնող մի անձ: Դե՛հ, նման դեպքերի համար է ասված. «Աստվա՛ծ, փրկի՛ր ինձ բարեկամների դավերից, թշնամիներիս հախից ինքս կարող եմ գալ»... (Դ. Բաբայանը դավաճաններին մերօրյա աշխարհի ամենահմուտ դիվանագետների եւ գաղտնի գործակալների նախանձը շարժող հեռատեսություն, դիվանագիտություն եւ գերգաղտնի ծրագրավորում է վերագրում: Բաբայանի ծայր աստիճան վտանգավոր, թուրք-ադրբեջանական շահերին բացահայտորեն ծառայող գրքույկին կանդրադառնանք առանձին):
Այս առթիվ բացենք մեկ ուրիշ փակագիծ` հայտնելու համար, թե Դ. Բաբայանի հիշյալ աշխատության գիտական պատասխանատու խմբագիրը ... նույն Պավել Չոբանյանն է: Որքանո՞վ է բարոյական, որ միեւնույն անձը խմբագրում է տրամագծորեն հակառակ տեսակետներ արտահայտող հրատարակություններ (մի կողմ թողնենք Բաբայանի հիմնովին անընդունելի հայեցակարգի խնդիրը): Փակենք փակագիծը:
Առաջին գլուխն ունի «Արցախի մելիքությունները որպես հայոց պետականության դրսեւորում» վերնագիրը: Ըստ մեզ` չափազանց կարեւոր է հենց վերնագրում պարփակված գաղափարը, որի ապացույցները հեղինակը շարադրել է գլխի բոլոր էջերում: Հիրավի, հիմնազուրկ է հայ պատմագիտական ու հասարակագիտական-քաղաքական մտքում լայն տարածում գտած եւ ստորակայության բարդույթից բխող այն տեսակետը, թե հայերս երկար դարեր զուրկ ենք եղել պետականությունից, որից էլ ոմանք հանգում են մի անհեթեթ եզրակացության, թե` «հայերս արժանի չենք պետականության, մենք պետություն պահել չենք կարող» ու նման «գոհարներ»: Այլ հարց, թե ուշ միջնադարի հայկական պետականության տարբեր դրսեւորումների ինքնիշխանության մակարդակները տարբեր են եղել (հիմնականում` զուրկ ամբողջական անկախության կարգավիճակից): Այս իմաստով միանգամայն ճիշտ է Ա. Մաղալյանի տեսակետը, թե Արցախի մելիքությունները «մնացել էին այն միակ ուժը, որոնց հենքի վրա հնարավորության դեպքում կարող էր վերստին հառնել հայոց պետականությունը»: Եվ երբեք պատահական չէ, որ Մադրասի հայրենասերների խմբակն առաջարկում էր հայկական սահմանադրական թագավորության հաստատման դեպքում թագը Արցախի մելիքներից արժանավորագույնին հանձնել:
Գլխի չորս ենթագլուխներում հեղինակը մեկ առ մեկ ներկայացնում եւ քննարկում է Արցախի մելիքների հիմնական գործառույթները` զինուժը, նրանց դատավարական համակարգը, պարսից շահերի նկատմամբ հարկային պարտավորությունները եւ մասնակցությունը իրենց գավառի, ինչպես նաեւ Գանձասարի կաթողիկոսության հոգեւոր գործերին:
Առաջին ենթագլխում Ա. Մաղալյանը երկար կանգ է առնում 1720-ական թվականների արցախյան գոյամարտի վրա, երբ բոլոր մելիքների զորամիավորումները գործում էին միասնաբար, եւ այդ զինուժն իր պատմության ամենաբարձր նշաձողին էր հասել քանակապես եւ որակապես: Արցախյան զինուժը 1725-ի առաջին ամիսներին ջախջախում է Օսմանյան բանակին, սպանում երկու եւ գերում մեկ փաշայի: Չափազանց ուշագրավ է գերի Սալահ փաշայի խոստովանությունը, թե «դուք չէիք այս միջումս, մեք հիմա Դարպանտու եւ Պաքու վերա էինք գնացել, որ ղատիմի (արաբերեն եւ թուրքերեն` հնուց ի վեր - Գ. Յ.) մերն է»: Սա վկայում է, թե թուրքերը շատ վաղուց են փայփայել իրենց եւ իրենց հավատակիցների ու ազգակիցների միջեւ գտնվող հայկական «սեպը» վերացնելու երազը, որով շարունակում են առաջնորդվել նաեւ այսօր, խելացնոր պատրանք, որը հետագայում ստացավ համիսլամականություն եւ համաթուրքականություն (թուրանականություն) անվանումները: Պատմական այս դրվագը նաեւ դաս է հայության այսօրվա եւ հետագա սերունդների համար, որպեսզի միամտաբար չհավատան թուրքերիՙ իբր փոխված լինելուն... Նման ինքնախաբեությունը թուրքը հերթական անգամ կպատժի նորանոր սումգայիթներով ու Հրանտ Դինքերով...
«Արցախի յուրաքանչյուր մելիքությունում դատական իշխանությունը կենտրոնացած էր տվյալ գավառի մելիքի ձեռքում: Ծանր հանցանքները քննում էր մելիքը, իսկ թեթեւները եւ գյուղական վեճերը` նրա հաստատած տանուտերերը», գրում է հեղինակը: Դատավարությունների ելքը «հիմնականում կախված էր սովորութային իրավունքի նորմերից եւ մելիքի կամքից, որը հպատակների համար օրենքի ուժ ուներ», իսկ «մելիքական դատարանը հանդես էր գալիս որպես վճռաբեկ ատյանՙ տանուտիրական դատարանի նկատմամբ»: Հեղինակն այս առնչությամբ արձանագրում է մի ցավալի երեւույթ, որի վերապրուկներն այսօր եւս առկա են մեր հասարակության մեջ. «Մելիքի վճռից դժգոհողները երբեմն անցնում էին թշնամի մելիքի կողմը կամ համալրում խանի լրտեսների բանակը»: Վճիռների կատարողական-պատժական իշխանությունը եւս մելիքների մենաշնորհն էր: Ամենատարածված պատիժներն են եղել ծեծն ու տուգանքները: Արձանագրվել են նաեւ կուրացման եւ աջ դաստակի հատման դեպքեր: Կիրառվել է նույնիսկ մահապատիժը` կախելու կամ գլխատելու ձեւով: Ընթերցողը կնկատի, որ մերօրյա օլիգարխների մի մասը նույն մեթոդներով է գործում, մանավանդ եթե նկատի ունենանք նաեւ այն փաստը, թե «մելիքների մեջ հազվադեպ երեւույթ» կարդալ իմանալու հարցում եւս մերօրյա օլիգարխներն ու երբեմնի մելիքները համանման են: «Իսկ անբարոյական կանանց սպառնում էր անվանարկությունը, երբ նրանց նստեցնում էին էշի վրա, պոչը ձեռքը տալիս, երեսին մուր քսում եւ պտտեցնում գյուղով, կամ անուղղելիներին կապում էին ձիու պոչից եւ քարշ տալիս»: Մելիքները մենաշնորհ են ունեցել նաեւ իրենց հպատակների քաղաքացիական գործերում, ինչպես ամուսնությունը, ամուսնալուծությունը, ժառանգությունը, որդեգրումը եւ այլն: Պսակվելու արտոնության դիմաց մելիքները որոշակի գումար էին գանձում:
Մելիքների պարտավորությունների կարեւորագույններից էին հարկահավաքումն ու հարկերի ժամանակին մուծումը շահական գանձարան:
Հարկերի մուծումից հրաժարումը համարվում էր ապստամբություն եւ շահի կողմից պատժվում մահվամբ: Նադիր շահը 1744 թվականին նման պատժի է արժանացրել Վարանդայի Մելիք Միրզաբեկ Բ-ին:
Չորրորդ ենթագլխում Ա. Մաղալյանը գրում է եկեղեցիների շինության եւ նորոգության գործում մելիքների մասնակցության, քահանայագործության եւ կրոնական այլ աստիճանների կոչման ու հոգեւորական պաշտոններում նշանակումների համար մելիքների միջնորդությունների մասին: Մելիքների դիրքորոշումը վճռական էր հոգեւորական նվիրակների ու նվերների հավաքման գործի հաջողության մեջ: Նրանց քմահաճույքից էր կախված նույնինքն նվիրակության առաքելության անցկացումը մելիքությունների տարածքում: Հետաքրքրական է այն փաստը, որ տարածաշրջանում ռուսական իշխանության հաստատումից, այսինքն` Ռուսաստանի կայսրության օրենքների պարտադրումից հետո էլ «մելիքների ժառանգները (որոնց ժողովուրդը «բեկ» էր կոչում (Գ. Յ.), տեղի հասարակության շրջանում ունեցած բարձր դիրքի շնորհիվ շարունակում էին իրականացնել իրենց նախնիների որոշ գործառույթները»: Մեկ այլ ուշագրավ փաստ է Գյուլիստանի Մելիք Հովսեփի հյուրասիրությունը. ըստ սկզբնաղբյուրի, նա իր ապարանքի առաջից անցնողների համար օրական մորթել էր տալիս երկու եզ եւ հինգ ոչխար` չհաշված ձուկն ու տարբեր որսակենդանիները:
Երկրորդ գլուխը նվիրված է Արցախի մելիքական տների տոհմածառերին: Այստեղ առատորեն օգտագործվել են հեղինակի հայտնաբերած վավերագրերը, ձեռագրերի հիշատակարանները, Արցախի վիմական արձանագրությունները (եկեղեցիների նվիրատվական բնույթի արձանագրություններ, տապանաքարեր եւ այլն) եւ այլ սկզբնաղբյուրներ, որոնց համակողմանի եւ համադրական աշխատանքով էլ հեղինակվել են այս տոհմագրությունները: Վեց ենթագլուխներում ներկայացվել են Խամսայի մելիքական տները` Գլուլիստանի տիրակալ Մելիք-Բեգլարյանների, Ջրաբերդի տիրակալ Մելիք-Իսրայելյանների եւ վերջին տիրակալ Աթաբեկյանների, Խաչենի տիրակալ Հասան-Ջալալյանների, Վարանդայի տիրակալ Մելիք-Շահնազարյանների եւ Դիզակի տիրակալ Մելիք-Եգանյանների տոհմածառերը` յուրաքանչյուրի գավառի, ինչպես նաեւ Արցախի ու տարածաշրջանի պատմության համաշարադրանքում: Այս գլխում Արտակ Մաղալյանը կատարում է բազմաթիվ ճշգրտումներ: Օրինակ, ըստ Րաֆֆու` Մելիք Հովսեփ Մելիք-Բեգլարյանը մահացել է 1775 թվականին, մինչդեռ Ա. Մաղալյանի հայտնաբերած մի փաստաթղթում վերջինս 1778-ի փետրվարին դեռեւս ողջ է հիշատակվում: Մինչ Մակար եպս. Բարխուդարյանցը Կուսապատի (Ջրաբերդ) Աթաբեկյաններին համարում է Մելիք-Իսրայելյաններից սերած, Ա. Մաղալյանն անհերքելիորեն ապացուցում է, որ նրանք ծագել են հարեւան Խաչեն գավառի տիրակալ Հասան-Ջալալյաններից, որոնք էլ սերում են Հայկյան Սիսակյան-Առանշահիկ տոհմից` վկայված Խորենացու հայոց ազգաբանության մեջ: Այսպիսով, Հասան-Ջալալյաններն ու Աթաբեկյանները, որոնք իշխել են մինչեւ 19-րդ դարի առաջին տասնամյակները, ապահովել են հայոց իշխանական համակարգի շարունակականությունը հայոց անվանադիր առաջին նահապետ Հայկի օրերից: Կարծում ենք, որ այս միտքն արժանի էր, որ հեղինակն արձանագրեր իր այս աշխատության մեջ: Մաղալյանը նաեւ պարզել է Գանձասարի վերջին կաթողիկոս, ապա մետրոպոլիտ, Ռուսաստանին դավաճանելու անհիմն մեղադրանքով Թիֆլիս տարված Սարգիս Հասան-Ջալալյանիՙ Արցախ վերադառնալու կոնկրետ օրը` 1827-ի հուլիսի 2-ը: Հեղինակը շուրջ 6 էջ գրում է Արցախի, եւ առհասարակ Հայ Առաքելական եկեղեցու վերջին մետրոպոլիտ Բաղդասար արք. Հասան-Ջալալյանի հայրենասիրական-եկեղեցաշինական գործունեության մասին: Հեղինակն արժանին է մատուցել «իր հավատավոր հոտին անմնացորդ նվիրվածության մի հիանալի օրինակ» ծառայած այս բազմավաստակ եկեղեցական գործչին, որի հիշատակը, կարծում ենք, մեր եկեղեցին պարտավոր է հավերժացնել պարտ ու պատշաճ ձեւով, նրա պայծառ անունը դուրս բերելով մոռացության փոշու տակից` որպես օրինակ մեր հոգեւորականների (եւ ոչ միայն նրանց) նոր սերունդների: Բավարար է ասել, որ նրա հետեւողական ջանքերի շնորհիվ Ծար (Քարվաճառ) գավառում հաստատված Քոլանի քրդական քոչվորական ցեղախմբի խաշնարածները դուրս են դրվել Գանձասարի վանքապատկան Կուզլակ տափից: Տեղին է հնչում այս առթիվ հեղինակի մեկնաբանությունը. «Կարծում ենք, պարզ է, թե ինչ կարող էր լինել, եթե ժամանակին անկոչ վրանաբնակները չհեռացվեին այդ հողատարածություններից: 20-րդ դարը մեզ օրինակների պակաս չի թողնում»:
Մելիք-Շահնազարյանների տոհմագրության ենթագլխում հեղինակը մի անգամ եւս անդրադառնում է Մելիք Շահնազար Բ-ի դավաճանական կերպարին եւ այս առթիվ տեղին չի գտնում «Մելիք Շահնազարի բացասական կերպարի ստեղծման համար Ա. Մելիք-Շահնազարյանի` Րաֆֆու հասցեին հնչեցրած մեղադրանքը»: Մի անգամ եւս մեջբերելով արխիվային վավերագրեր, Մաղալյանը եզրակացնում է. «Եվ եթե Րաֆֆուն կարելի է մի բանում «մեղադրել», ապա միայն Մելիք Շահնազարի բացասական կերպարը մասսայականացնելու մեջ»: Մեր համոզմամբ, որեւէ դավաճանի համար շատ մեղմ է «բացասական կերպար» բառակապակցության գործածումը... Մի՞թե կարելի է Արցախյան ազատամարտից հետո էլ փորձել արդարացնել մի զազրելի արարածի, ում ակտիվ գործակցությամբ թյուրքազգի ոմն Փանահ-Ալի հաստատվեց հայոց հայրենիքի արեւելյան կողմերում, որով եւ «սկսվեց այլացեղ եւ այլակրոն էթնիկ տարրի ներթափանցումն այդ երկրամաս», իսկ «քոչվորների ձիերի սմբակների տակ կոխկրտվողը հայրենի հողն էր»: Արտակ Մաղալյանը ճիշտ պնդում է կատարում, գրելով, որ «Մելիք Շահնազարի բացասական կերպարի հեղինակը ոչ թե Րաֆֆին է կամ մեկ այլ ուսումնասիրող, այլ հենց ինքը` Մելիք Շահնազարը, իր ազգադավ գործերով»: Դավաճաններն անարգանքի սյունին պետք է գամված լինեն այժմ եւ միշտ եւ հավիտյան, իսկ Արսեն Մելիք-Շահնազարովն ու իր տոհմակիցները ճիշտ կանեն, եթե պանծացնեն իրենց արժանավոր մեկ ուրիշ նախնուն, օրինակ, նույն դավաճանի որդի Մելիք Ջումշուդին, ով «իշխանության է եկելՙ իր հոր աջակցությամբ կայացած Ղարաբաղի խանության դեմ անհաշտ պայքար մղելու վճռականությամբ», եւ ով իր ողջ կյանքում փորձեց հոր ճակատագրական սխալը սրբագրել, թեեւ քիչ համեստ արդյունքների հասավ, քանի որ գործված սխալն ահռելի էր: Փանահի, նրա որդի Իբրահիմի եւ թոռան` Մեհդի-ղուլի խաների հակահայկական հարվածների տակ ընկան նաեւ Դիզակի տիրակալ Մելիք-Եգանյանները, որոնցից մի քանիսը հերիք չէր սպանվեցին հիշյալ խաների դավադրություններով, այլեւ Բաղդադ-բեկն ու նրա որդիներ Ասլանն ու Վահանը բռնի իսլամացվեցին, թեեւ առաջին երկուքին դա եւս չփրկեց արյունախում Իբրահիմ խանի սրից: «Մելիքական տների ներկայացուցիչներին դավանափոխելը խաների կողմից դիտվում էր որպես նրանցից ձերբազատվելու ամենակարճ եւ արդյունավետ ճանապարհը», գրում է Ա. Մաղալյանը: Բռնի իսլամացված Ասլանից սերվեցին Մելիք-Ասլանովները, որոնք էլ ժառանգեցին Մելիք-Եգանյանների ողջ հարստությունը: Մի վավերագիր արձանագրում է, որ Մելիք-Ասլանովներն իրենց կրոնական մոլեռանդության մեջ գերազանցել են իրենց նոր հավատքի մարդկանց եւ իրենց նախկին ազգակից-հավատակիցների հետ վերաբերել անասելի դաժանությամբ: Այսպես, Զանգեզուրի գավառում պրիստավ ոմն Մելիք-Ասլանով 1904-1906 թվականների հայ-թաթարական ընդհարումների ժամանակ «անորակելի գազանություններ կատարեց հայերի դեմ», իսկ մեկ այլ ուրիշ Մելիք-Ասլանով անդամ էր մուսավաթական Ադրբեջանի այն կառավարության, որի հանցակցությամբ 1918-ի սեպտեմբերին 30 հազար հայեր կոտորվեցին Բաքվում: Այս օրինակները թող խելքի բերեն հայկական միջավայրում վերջերս ոչ առանց օտարերկրյա լրտեսական գործակալությունների հրահրման հայտնված այն մունետիկներին, որոնք հորթային հրճվանք են զգում իսլամացած հայերի «հայտնագործած» լինելով (նույնինքն այս եզրույթը կոպիտ սխալ է. լավագույն դեպքում կարելի է այդ հավաքականությունները բնորոշել իբրեւ «բռնի իսլամացված նախկին հայազգիներ»):
Գրքի ավարտին առանձին էջերում տպագրված վեց տոհմածառերում իգական սեռի ներկայացուցիչները անբավարար են ներկայացվել, ինչը հեղինակը բացատրում է «սկզբնաղբյուրներում նրանց մասին եղած տեղեկությունների սակավությամբ»:
«Վերջաբանում» Արտակ Մաղալյանը ընթերցողին է փոխանցում երկու կարեւոր դիտարկում, որոնք անհրաժեշտ են մեր այսօրվա ու վաղվա համար. «... Արցախի մելիքությունների պատմությունը նաեւ միաբան լինելու մի յուրօրինակ դաս է գալիք սերունդներին: Այդ դասը հաշվի չառնելու դեպքում մեր Հայրենիքի այլեւայլ անկյուններում եւս կարող են հայտնվել նորօրյա փանահներ եւ իբրահիմներ»: Ա. Մաղալյանը շարունակում է. «Եվ, վերջապես, եթե այսօր ունենք ազատ եւ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ապա այդ պետության կայացման ենթախորքում, անտարակույս, իրենց անուրանալի դերն ունեն նաեւ Արցախի հերոսական մելիքությունները...»:
Այս եզրակացություն-պատգամները կրկնվում են նաեւ գրքի ռուսերեն ու անգլերեն ամփոփումներում, որոնց լեզուն համարյա անթերի է:
Արտակ Մաղալյանն Երեւանի Մաշտոցի անվան Մատենադարանում եւ Հայաստանի ազգային արխիվում իր հայտնաբերած վավերագրերից 50-ը հրապարակել է գրքի երկու հավելվածներում: Դրանք վերաբերում են Մելիք-Շահնազարյանների տոհմին, (32 վավերագիր) ու Արցախի գործիչների եւ Պարսկաստանի գահաժառանգ Աբբաս-Միրզայի 1826 թ. հանդիպման հետեւանքներին (18 վավերագիր): Հավելվածներն ունեն ներածական, անհրաժեշտ ծանոթագրություններ, իսկ վավերագրերը բերված են բնագրի լեզվով (հայերեն, ռուսերեն):
Գրքի բովանդակությունը հարստացնում են առանձնատիպ ներդիրները, որոնք թեմային առնչված դեպքերի, վայրերի, փաստաթղթերի եւ այլ արժեքների լուսանկարներ են: Ներդիրների ամենասկզբում Խամսայի մելիքությունների քարտեզն է` արտատպված Հայկական համառոտ հանրագիտարանից: Հետեւում է Արցախի հոգեւոր կենտրոն Գանձասարի հոյակերտ եկեղեցու գունավոր լուսանկարը:
Արտակ Մաղալյանը, հակառակ իր երիտասարդ տարիքին, սույն աշխատության մեջ դրսեւորել է հասուն պատմաբանին հատուկ հմտություն, խորիմացություն, գիտական բացառիկ բծախնդրություն, փաստերը ներկայացնելու եւ, հատկապես, դրանք վերլուծելու ակնհայտ կարողություն: Նորությունների հայտնաբերումը նրան չի շլացրել երեւալու մոլուցքով, առավել եւս` նույն թեմայի մասին գրած նախորդների վաստակի նսեմացման գայթակղությամբ, ինչին հաճախ ենք ականատես լինում: Նա բոլոր հեղինակություններին վերաբերվել է անաչառությամբ ու հարգանքով, ինչը գիտականության գլխավոր սկզբունքներից է: Նրանց արտահայտած կարծիքների նկատմամբ դրսեւորել է գիտական կասկածանք, ինչը եւս գիտական մեթոդաբանության հիմնասյուներից է: Այս բոլորը նա ոչ միայն կարողացել է հիանալիորեն համատեղել, այլեւ համադրել ու համակարգել, որով ընթերցողի դատաստանին է ներկայացվել գիտական բարձր մակարդակի մի աշխատություն, որն ունի արդիական կարեւորագույն նշանակություն ադրբեջանցի թշնամու դեմ դիվանագիտական ու տեղեկատվական-հոգեբանական կատաղի պայքար մղող մեր հասարակության եւ հայկական երկու հանրապետությունների համար: Ա. Մաղալյանի մոտեցումները ազգային են, վճիտ, ազգային փքուռույց եւ կործանարար սնապարծության սահմանից շատ հեռու: Դատապարտելով դավաճաններին ու նրանց մերօրյա պաշտպաններին, նա, այնուամենայնիվ, զերծ է մնում հակառակ ծայրահեղությունից` ազգայնամոլությունից եւ պատմության գունազարդումից:
Գիտական պարբերական մամուլի հրապարակումներից համոզված լինելով Արտակ Մաղալյանի գիտական բացառիկ բծախնդրության մասին, գրախոսվող հատորի ընթերցման ժամանակ քննադատական խոսք ասելու հիմքեր գտնելու համար գիրքն ընթերցել ենք ծայրագույն ուշադրությամբ: Այդ մոտեցումը տվեց իր պտուղները ... նվազագույն արդյունքներով: Մեր նկատողություններն ամփոփում ենք հետեւյալ կետերում.
Բացթողումներ. կարելի էր մի քանի տողով գրել Գանձասարի կաթողիկոսի, մելիքների եւ Ղարաբաղի խաների դատական գործառույթների համատեղման կամ տարամիտման հարցերի մասին:
Անհամապատասխան գնահատականներ կան Արցախի երեք ղեկավար գործիչների վերաբերյալՙ Շուշիի բանտում երկու տարի արգելափակումը հեղինակը «ոչ երկար» է գնահատում, մինչդեռ ընդամենը ութը ամիս Թիֆլիսում, այն էլ` Ներսես Աշտարակեցու հսկողության տակ Սարգիս մետրոպոլիտ Հասան-Ջալալյանի պատվավոր կալանքը հեղինակը համարում է «անտեղի նվաստացման երկար ու ձիգ ամիսներ»: Իհարկե, նախկին կաթողիկոսի ու մետրոպոլիտի հարցաքննությունը նվաստացուցիչ է, բայց մի՞թե երկու տարի արյունարբու խանի զարհուրելի բանտում անցկացնելը ութը ամիսների համեմատությամբ «ոչ երկար» կարող է համարվել:
Բնագրերից արտագրված սխալներն աննշան թիվ են կազմում: Այսպես, «թահսիլդար» (պարսկ.` հարկահավաք) բառը երկու անգամ տպագրվել է «թահվիլդար» (էջ 137), իսկ «թայֆա» (արաբ.` համայնք, հավաքականություն) բառը` «թայքա» ձեւով (էջ 152): Կան նաեւ նմանաբնույթ մի քանի սխալներ:
Այլ սխալներ. Քյուչուք Արութինի երկի ֆրանսերեն թարգմանության տվյալներում «turc» բառը տպագրվել է «tare» սխալ ձեւով (էջ 11, ծնթ. 14, էջ 314): Կան նաեւ մուտքագրման եւ դասական ուղղագրության հազվադեպ հանդիպող վրիպակներ:
Վերոհիշյալները երբեք չեն նսեմացնում «Արցախի մելիքությունները եւ մելիքական տները XVII-XIX դդ.» պատմագիտական լուրջ աշխատության որակը: Բծախնդրությունն ակնբախ է գրախոսվող գրքի ամեն մի էջի եւ տողի մեջ:
Հանձին Արտակ Մաղալյանի, հայ պատմագիտությունն անտարակույս հարստացել է մի արժեքաւոր պատմաբանով: Նա իր այս առաջին մենագրությամբ իսկ իրեն հաստատել է իբրեւ կայացած պատմաբան: Համոզված ենք, Ա. Մաղալյանը հաջորդ տարիներին է՛լ ավելի ծանրակշիռ ներդրում է ունենալու հայկական պատմագիտության, մասնավորաբարՙ Արցախի ուշ միջնադարի պատմության ոլորտում: