Հայերի ներկայությունը Երուսաղեմում գալիս է դեռեւս մինչեւ 301թ` քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելը: Պատմական փաստերը հաստատում են, որ 254թ. Հայ եկեղեցու եպիսկոպոսները համագործակցել են Երուսաղեմի Հույն (Օրթոդոքս), եւ Ալեքսանդրիայի (Եգիպտոսի) եկեղեցիների հետ` գտնելու, հաստատելու եւ բացահայտելու Հիսուս Քրիստոսի կյանքի հետ կապված սրբատեղիները: Արդեն 7-րդ դարում հայերը ունեին 70 վանք եւ եկեղեցի: Այս ամենը պահպանելու համար, Հայ եկեղեցին Երուսաղեմում պետք է ստանար ապահովագրություն եւ սեփական իրավունքներրը պաշտպանելու օրենք: Առաջին պաշտոնական հրովարտակը ստացավ Երուսաղեմի առաջին պատրիարք Աբրահամը, արաբ խալիֆա Օմար Իբն Էլ-Խաթթաբի կողմից: Հրովարտակը թվում էր Հայ եկեղեցու իրավունքները` ապահովագրելով նրա ամբողջականությունը եւ պահպանումը Ս. Երկրում: Իսկ Սրբոց Հակոբյանց մայրավանքի մուտքի արեւմտյան պատի վրա արաբերեն լեզվով մի արձանագրություն կա, որ զգուշացում է բոլոր հարձակվողներին. «Այս հրամանագիրը տրված է մեր տիրոջՙ Սուլթան եւ թագավոր Ալզահեր Աբու Սայիդ Մուհամմեդ Չաքմաքի կողմից. անիծյալ լինեն բոլոր նրանք եւ նրանց ապագա սերունդները, եւ բարձրեալ Աստված թող անիծի նրան, ով կվնասի կամ որեւէ անարդարություն կգործի այս Ս. Տեղին: Այս կհաստատի եւ կապահովի Աբու Խայեար Րազանը Երուսաղեմի Ս. Հակոբ վանքին Հիճրեթի 854-ին»:
Վերջնական ամենակարեւոր երաշխավորությունը տրվեց թուրք Սուլթան Աբդուլ Մեջիդի կողմից`1852-ին, որը պաշտոնապես հաստատեց Սրբատեղի գոյավիճակի (status-quo) իրավակարգը: Այն սահմանում եւ կանոնավորում է երեք քրիստոնեական եկեղեցիների սեփական իրավունքներն առանց փոփոխության. Հույն Ուղղափառ (Օրթոդոքս), Հայ ուղղափառ (Առաքելական), եւ Լատին (Հռոմեական կաթոլիկ):
Տվյալ հրովարտակները որոշակիորեն օգնել եւ ամրապնդել են Պատրիարքարանի ամբողջականութունը եւ հիմք հանդիսացել հաջորդող նվաճողների համար: Ավելի ուշ Հորդանանի թագավորական հրամանագրով վերահաստատվել է նույն կարգավիճակը: Սակայն այն փաստը, որ հայերին է պատկանել սրբատեղիների զգալի մասը, նախանձ եւ ատելություն է առաջացրել ոչ միայն հրեաների, այլեւ քրիստոնյաների մոտ: Նրանք, հատկապես` հույները, միշտ հարմար պատրվակ են փնտրել` տիրելու այդ տեղերին:
Երեք գլխավոր քրիստոնեական եկեղեցիների միջեւ դարեր շարունակ պայքար է գնացել սրբատեղիներում իրավունքների եւ արտոնությունների համար: Ամեն մի մանրուք այնտեղ եկեղեցու կարգավիճակի հարց է: Ոչ մի եկեղեցի չի կամենում զիջել իրեն պատկանող պատմական իրավունքները: Ինչ-որ ժամանակ թվում էր, թե իրավիճակը վերահսկելի է, սակայն մեր աչքերի առջեւ նոր փորձեր են ձեռնարկվում այն խախտելու:
Այս թեմայի շուրջ զրուցեցինք Երուսաղեմի Պատրիարքարանի միջեկեղեցական հարաբերությունների տնօրեն Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի հետ:
- Դարեր շարունակ Ս. Հարության տաճարում հույները վիճարկում են Ս. Լույսի արարողությանը հայերի մասնակից լինելու իրավունքը: Իսկ վերջերս վիճակն ավելի է սրվել:
- Զատիկի ճրագալույցի լույսի արարողությունը հին ավանդություն է, որը եկել է Ս. Գրիգոր Լուսավորչի օրերից, իսկ ավելի փաստարկված` 10-րդ դարից, եւ խորհրդանշում է մեր Տիրոջՙ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը: Հույների այն միտումը, որ իրենք առաջնահերթ տեղ ունեն լույսի արարողության մեջ, գալիս է իրենց փառասիրական ձգտումներից: Պատրիարք Մաղաքիա Օրմանյանի «Ազգապատումի» մեջ նշվում է, որ 10-րդ, 11-րդ, 12-րդ դարերում, երբ Զատիկի տոնի թվականների մեջ մեկ շաբաթվա տարբերություն է առաջացել, միշտ խռովություններ է եղել մեր եւ հույների միջեւ: Պատմական հիշատակությունները վկայում են, որ Ս. Լույսի արարողությունը կատարվել է հույն եւ հայ եկեղեցիների մասնակցությամբ, եւ միայն հույն եկեղեցու արարողություն չէ` ինչպես մինչեւ հիմա իրենք պնդում են, իսկ մենք` հերքում: Այս արարողությունը միասնաբար է կատարվում: Մեր լուսահանը` վարդապետը կամ եպիսկոպոսը, հույն պատրիարքի հետ միասին Ս. Գերեզման են մտնում եւ երկուսը միասին պետք է ծնրադիր աղոթեն: Այնուհետեւ, այնտեղ զետեղված կանթեղից վառելով իրենց մոմերը, դուրս են գալիս Քրիստոսի գերեզմանից: Մեր լուսահանը Ս. Գերեզման է մտնում անմիջապես հունաց պատրիարքից հետո, եւ քանի որ Գերեզմանի դուռը նեղ է, նախ հայն է դուրս գալիս, ապա` հույնը: Ողջունելով միմյանց «Քրիստոս հարեաւ ի մեռելոց»ՙ վառած մոմերի տրցակները զույգ պատուհաններից դուրս են տալիս հայ եւ հույն երիտասարդներին: Նրանք վազելով տանում են իրենց պատկանած տեղերը: Հայերը տանում են մեր վերնատանը նստած պատրիարքին կամ նրա տեղակալին, եւ միշտ էլ մենք ենք առաջինը հասցնում լույսը: Իհարկե, առաջնայնության կամ երկրորդության այս հարցը պարզապես ժողովրդական մրցակցության երեւույթ է: Մեր վեճի մեջ կարեւորը այդ չէ, այլ իրենց փորձը` նսեմացնել մեզ եւ դուրս թողնել լույսի արարողությունից:
- Թերեւս հակամարտությունը կոնկրետ պատմություններ ունի: Որպես օրինակ վերցնենք 2002-ին կատարվածը: Ի՞նչ միջադեպ տեղի ունեցավ Ս. Հարության տաճարում Իլինիոս պատրիարքի հետ:
- 2002-ի մայիսին Ս.Հարության տաճարում տոնում էինք ճրագալույցի արարողությունը: Այդ օրվա լուսահանը` Տ. Սամվել Ծ. վարդապետ Աղոյանն էր: Վարդապետը, հարգելով ավանդական կարգը, Իլինիոս պատրիարքից հետո Ս. Գերեզման մտավ: Սակայն հունաց պատրիարքը ցանկացավ խախտել ավանդական կարգը եւ որոշեց առաջինը դուրս գալ Ս. Գերեզմանից: Երբ Հ. Սամվելը մերժեց կատարել նրա պահանջը, հունաց պատրիարքը փչելով մարեց մեր լուսահանի մոմը, եւ դժբախտաբար երկուսի միջեւ բախում տեղի ունեցավ: Այնուհանդերձ Հ. Սամվելը կրկին մոմի տրցակը վառելով, լույսը դուրս տվեց, եւ այն հասցրեցին հայոց պատրիարքին: Այս իրադարձությունից հետո հունաց պատրիարքը որպես նորություն հայտարարեց, որ պետք չէ հայոց լուսահանը իր հետ Ս. Գերեզման մտնի, այլ պետք է սպասի Ս. Գերեզմանի նախասենյակը հանդիսացող հրեշտակի քարի մոտ, մինչեւ ինքն իր աղոթքը անի, մոմը վառի եւ դուրս գա, ապա` մեր լուսահանը մտնի: Այս պահանջը մենք բացարձակապես մերժեցինք եւ կշարունակենք մերժել:
- Խնդիրներ կան հույների հետ Ս. Հարության տաճարում նաեւ Ծաղկազարդի տոնին:
- Հույների կողմից սա մեկ այլ կարգադրության խախտում է: Տոների առիթով, երբ հանդիսավոր թափոր ենք ունենում Քրիստոսի Գերեզմանի շուրջ, մատուռի մուտքի առջեւ հույն եւ հայ միաբաններ են կանգնում: Սակայն, Սուրբ Գերեզմանի մեջ հույնը իրավունք չունի կանգնելու: Վերջերս հույներն սկսել են խախտել այդ կարգը, եւ Սուրբ Գերեզմանի մեջ միաբան են կանգնեցնում: Մեր միաբանությունը պահաջեց, որպեսզի գերեզմանի մեջ իրենք միաբան չկանգնեցնեն, այլ միայն մուտքի առջեւ: Այս միջադեպը նոր տարաձայնությունների պատճառ դարձավ մեր եւ հույների միջեւ:
- Բեթղեհեմի` Սուրբ Ծննդյան տաճարում հույների հետ եւս բախումներ են տեղի ունենում մաքրության ծամանակ, նույնիսկ մարդասպանության դեպքեր են եղել:
- Անցյալ դեկտեմբերին տարեկան մեծ մաքրության ժամանակ միջադեպ տեղի ունեցավ մեր եւ հույների միջեւ: Մեր եկեղեցու բաժնի մեջ կենտրոնում բարձր աստիճան է կանգնեցվում, որի վրա հույն միաբանը բարձրանալով փորձում է երկարավիզ ավելով հասնել առաստաղի այն մասերին, որը իրենցն է: Վերջին անգամ հույները պահանջեցին, որ աստիճանը տեղաշարժվի մեր եկեղեցու պատերի շուրջ: Հույների այդ պահանջը մենք մերժեցինք, որի հետեւանքով «ավելամարտ» տեղի ունեցավ: Բարեբախտաբար, պաղեստինյան ոստիկանությունը վրա հասավ եւ լսելով երկու կողմերին, հաստատեց մեր ճշմարտացիությունը: Սա` առաջինը, իսկ երկրորդ նոր խնդիրը, որ ունենք, այրում գտնվող Սուրբ Ծննդյան Աստղի մաքրության հարցն է: Հույները եւ մենք շաբաթը երկու օր իրավունք ունենք մաքրել աստղը: Վերջերս հույները սկսել են նաեւ երրորդ օրը մաքրել եւ մեր բազմաթիվ բողոքներին ընդդիմանում են:
- Բեթղեհեմում նաեւ կողպեքի խնդիր ունենք հույների հետ: Կներկայացնե՞ք այն:
- Ըստ status quo-ի, մենք եւ լատինները բանալի ունենք, սակայն իրավունք ունենք օգտագործելու այն միայն ստիպողական պարագաներում, եթե հույները դուռը չբացեն: Դուռը բացել եւ փակելը հույների ամենօրյա իրավունքն է: Հունաց նախկին պատրիարքը տեղյակ չէր, որ մենք բանալի ունենք եւ որպեսզի արգելք հանդիսանա բանալի ունենալու եւ օգտագործելու, կողպեքը գաղտնաբար փոխել տվեց: Մենք բողոքեցինք պաղեստինյան իշխանությանը, որն այն ժամանակ Յասեր Արաֆաթի նախագահությամբ վերահաստատեց մեր իրավունքը եւ ի վերջո, երկու տարի առաջ հունաց ներկա պատրիարքը հարգեց այդ որոշումը: Բանալիի իրավունքը մեկ անգամ եւս շահեցինք:
- Ասորի, Ղպտի եւ Եթովպացի քույր եկեղեցիներին դարեր շարունակ հայերը անհատույց աղոթատեղեր են հատկացրել: Ասորիները սկսել են պնդել, որ այդ տեղերը իրենց են պատկանում, եւ խնդիրներ են առաջացել Ս. Հարության տաճարում:
- Ս. Հովսեփ Արեւմտացու մատուռի մեջ մոմավաճառության հարցը կար, որը այժմ լուծված է: Ասորիները առարկում էին այդ վաճառքի դեմ, այն մտածումով, որ իրենք են մատուռի տերը: Պետք է ասեմ, որ 16-րդ դարից ի վեր այդ մատուռը մեզ է պատկանել, իհարկե, ասորիները վերջնականապես համոզված չեն դրանում եւ այդ պատճառով երբեմն խնդիրներ են առաջացնում: Նրանք միայն շաբաթը մեկ անգամ մեր խորանի վրա պատարագ մատուցելու իրավունք ունեն:
- Խնդիրներ առաջացան նաեւ Իսրայելի կառավարության հետ , Հայոց պատրիարքարանին պատկանող` Պարոնտեր հողերի վերաբերյալ: Ինչի՞ց սկսվեց եւ ի՞նչ եղավ:
- Իսրայելական բանակը 2001-ին սկսեց Պարոնտեր կալվածքի տարածքում անվտանգության պատի կառուցումը: Հատվեցին բազմաթիվ ձիթենու ծառեր, որից ստացած ձեթը օգտագործվում է եկեղեցու կանթեղների համար: Մենք դիմեցինք Իսրայելի գերագույն դատարան: 2003-ին Հայաստանի կառավարության եւ սփյուռքի միջամտությամբ հնավորություն տրվեց կարգավորել խնդիրը: Պատը տեղափոխվեց հայկական կալվածքներից այն կողմ եւ մեզ դրամական փոխհատուցում տրվեց:
- Ի՞նչ կասեք Նուրհան սրբազանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին, երբ հրեաներից մեկը թքել էր նրա վրա:
- Թքելը հրեա ծայրահեղականների վերաբերմունքն է թե՛ հայերի, թե՛ ուրիշ քրիստոնյաների նկատմամբ` հատկապես երբ տեսնում են Ս. Խաչը: Այդպիսի միջադեպ տեղի ունեցավ երեք-չորս տարի առաջ: Նուրհան սրբազանը թափորապետն էր եւ մեր միաբանությունը Սրբոց Հակոբյանց վանքից Ս. Հարության տաճար էր գնում, երբ քսանամյա օրթոդոքս երիտասարդը թքեց սրբազանի վրա: Սրբազանը ապտակեց նրան, այդ երեւույթը օրվա թերթերի մեջ հրատարակվեց եւ մեր կողմից հանրային ուշադրության հանձնվեց: Հրեա ռաբինապետը անձամբ եկավ պատրիարքարան եւ պաշտոնապես ներողություն խնդրեց սրբազանից: Անշուշտ, այս երեւույթը պարբերաբար շարունակվում է, թեեւ մեր բողոքից հետո տարբերությունը զգալի է, բայց տակավին արմատախիլ չի եղել: Նույն դեպքերը երբեմն կրկնվում են` մեր երիտասարդ հոգեւորականներն էլ երբեմն չեն հանդուրժում եւ հակադրվում են հրեա նախատողներին: Մենք շեշտեցինք, որպեսզի այդ երեւույթը իրենց ռաբբիները նկատի առնեն եւ դպրոցներում ու տներում սովորեցնեն հարգել քրիստոնյա եւ նույնիսկ իսլամ կրոնի հետեւորդների սովորությունները:
- Հակամարտությունը եկեղեցիների ներկայացուցիչների եւ հետեւորդների միջեւ մարտաֆիլմ է հիշեցնում: Առավել վիրավորական եւ մտահոգիչ է, որ այդ ամենը տեղի է ունենում Տիրոջ գերեզմանի եւ Սուրբ տեղերի շուրջ: Ձեր կարծիքով ո՞վ եւ որքանո՞վ է ի վիճակի լուծելու այս հարցերը: Ի՞նչ է պետք, որ վտանգի խնդիրը արմատախիլ արվի եւ մշտական խաղաղություն եւ կարգուկանուն տիրի:
- Ճիշտ է, որ տարբեր քրիստոնյա համայնքների միջեւ ոչ քրիստոնեվայել եւ վիրավորիչ են սուրբ վայրերի մեջ տեղի ունեցող պարբերական տարաձայնությունները եւ հազվադեպորեն տեղի ունեցող կռիվները, բայց դրանք ելնում են մեր Տիրոջ նկատմամբ յուրաքանչյուրի նախանձախնդրությունից` Նրա սրբատեղիները ունենալու եւ պաշտպանելու: Սակայն նույն այդ համայնքները, որպես մի ճակատ, կմիավորվեն պաշտպանելու համար քրիստոնեական վայրերը եւ իրավունքները, երբ վտանգ կսպառնա ոչ քրիստոնյա տարրերից:
Երուսաղեմի քրիստոնեական սրբավայրերի պատմությունը երկար դարերի հոլովույթով հասել է մեզ: Մենք չենք կարող անտեսել պատմությունը: Մեր նախահայրեը մեծագույն զոհողություններով շինել, զարգացրել եւ պահպանել են միջազգային եւ ազգային մեր սրբավայրերը եւ այլ սեփականություններ: Մենք պարտավոր ենք նույնն անել:
Քաղկեդոնյան վեճերը պառակտեցին եկեղեցու միությունը Երուսաղեմում 6-րդ դարից: Քաղկեդոնական Բյուզանդական կայսրերը եւ բյուզանդական օրթոդոքս եկեղեցին հալածեցին հակաքաղկեդոնյան դավանություն ունեցող Հայ, Ղպտի, Ասորի եւ Հաբեշ եկեղեցիներին, որոնք դարձան ազգային եկեղեցիներ` կառչած մնալով իրենց ուղղափառ միաբնակ դավանանքին: Հայ եկեղեցին առաջնորդողի եւ հովանավորի դեր ունեցավ սրբավայրերի մեջ` Ղպտի, Ասորի եւ Հաբեշ եկեղեցիների համար հաստատված արաբական եւ օսմանական խալիֆների հրովարտակներով: Ահա, թե ինչու մենք այսօր տեսնում ենք միջազգային սրբավայրերի մեջՙ Եուսաղեմի Ս. Հարության տաճարի, Գեթսեմանի Ս. Աստվածածնի տաճարի եւ Բեթղեհեմի Ս. Ծննդյան տաճարի մեջ ու Հայ եկեղեցին հավասար իրավունքներով սեփականատեր է դարձել Հույն օրթոդոքս եւ Լատին եկեղեցիների հետ միասին: 1852-ին սուլթան Աբդուլ Մեջիթիՙ սրբավայրերի գոյավիճակի անխախտ պահպանության հրովարտակով, յուրաքանչյուր հարանվանության գոյությունը ապահովեց եւ այդ հիման վրա հայոց պատրիարքությունը մինչեւ այսօր պաշտպանված է: Սրբավայրերի մեջ առաջացած հարցերի քննարկման եւ լուծման համար ունենք հատուկ հանձնաժողով, բաղկացած Հայ, Հույն եւ Լատին եկեղեցիների ներկայացուցիչներից, որոնք հաճախ հանդիպում են միմյանց հետ: Սովորաբար սրբավայրերը շեն պահելու համաձայնություն է լինում: Տարաձայնության դեպքում չհամաձայնող կողմը կդիմի Իսրայելի կառավարությանը` Երուսաղեմի պարագային եւ Պաղեստինի ինքնավարության կառավարությանը` Բեթղեհեմի պարագային անդրադառնալու, որպեսզի օգնի հարցի լուծմանը: Այս է մեխանիզմը:
- Հայաստանում խոսակցություններ եղան, որ Երուսաղեմը բաժանելու խնդիրներ կան: Ի՞նչ խնդիրներ կան արաբական եւ հրեական բաժինների վերաբերյալ եւ ի՞նչ է լինելու Հայկական մասի հետ:
- Հավաստի տեղեկություն այս հարցի վերաբերյալ ես չեմ կարող տալ, կարող եմ ասել միան, որ իսրայելապաղեստինյան բանակցություններում Երուսաղեմի գոյավիճակի հարցը վերջինն է, որ պետք է քննարկվի:
Զրուցեց` ՕՖԵԼՅԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ