ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀՀ Վճռաբեկ դատարանը (ՎԴ) վերջին մեկ տարվա ընթացքում կայացրած որոշումներով, որոնք նախադեպային ուժ են ստացել, երեխայի համար ալիմենտի չափ է սահմանել 1000 դրամը, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ դատական վճիռներով ալիմենտի գումարի չափը հավասարեցված էր հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձին` սկզբում ամսական 15 հազար, հետագայում` 20 հազար դրամ յուրաքանչյուր երեխայի համար: Վճռաբեկ դատարանն իր որոշման համար հիմք է ընդունել ՀՀ-ում ընդունված բազային տուրքի չափը` 1000 դրամ: «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի համաձայն oրենuգրքերի, oրենքների, հանրապետության նախագահի հրամանագրերի, կառավարության եւ վարչապետի որոշումների իմաuտով որպեu հաշվարկային հիմք չի կարող ընդունվել նույն oրենքով uահմանված նվազագույն ամuական աշխատավարձի չափը (15000 դրամ): Նշված ակտերում որպեu հաշվարկային հիմք ընդունվում է 1000 դրամը: Հետեւաբար, ալիմենտի ամենամսյա վճարումների չափը որոշելիս դատարանը որպես հաշվարկային հիմք պետք է ընդուներ 1000 դրամը»,- ամրագրված է ՎԴ-ի որոշման մեջ:
ՀՀ ընտանեկան օրենգրքի 69-րդ հոդվածի համաձայն ալիմենտի ամենամսյա վճարումների չափը յուրաքանչյուր երեխայի համար չպետք է պակաս լինի սահմանված նվազագույն աշխատավարձի չափից: Այդ բաժինների չափերը կարող են դատարանով նվազեցվել կամ ավելացվելՙ հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը եւ ուշադրության արժանի շահերը: Եվ ահա, երբ բողոքարկողը հայտարարում է, որ ինքը գործազուրկ է, ՎԴ-ն այդ հիմքով բեկանում է առաջին եւ երկրորդ ատյանի դատարանների վճռները, որոնցով երեխայի ալիմենտի չափը սահմանվել էր նվազագույն աշխատավարձը:
Արդարացվա՞ծ է արդյոք դատարանի այդ մոտեցումը եւ չի՞ հակասում մեր երկրի որդեգրած սոցիալական քաղաքականությանը, որը միակողմանի ծնողազուրկ երեխային ամսական 7000 դրամ, իսկ երկկողմանի ծնողազուրկ երեխային` 21.000 դրամ թոշակ է վճարում: Ավելին, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հաշվարկներով (ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի եւ էնեգետիկայի), 2008 թ. 1-ին եռամսյակի միջին ընթացիկ գներով հաշվարկած ամսական նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմում է 37.634 դրամ: Այս իրավիճակում երեխայի խնամքն ստանձնած ծնողը (մեր իրականության մեջ այդ պատասխանատվությունը հիմնականում մայրերն են ստանձնում) ինչպե՞ս է ապահովելու երեխային անհրաժեշտ սնունդը: Մինչդեռ օրենսդրությունը սնունդն ապահովելուց բացի, ծնողի համար այլ պարտավորություններ էլ է սահմանել:
Այսպես. «Երեխայի իրավունքների մասին» միջազգային կոնվենցիայի 27-ի հոդվածի համաձայն
Մասնակից պետությունները ճանաչում են յուրաքանչյուր երեխայի` իր ֆիզիկական, մտավոր, հոգեւոր, բարոյական եւ սոցիալական զարգացման համար անհրաժեշտ կենսամակարդակի իրավունքը:
Ծնողները կամ երեխայի համար պատասխանատու այլ անձինք, իրենց կարողությունների եւ ֆինանսական հնարավորությունների շրջանակներում, հիմնական պատասխանատվություն են կրում երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ապահովելու հարցում:
«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք: Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները: Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցաբերում է համապատասխան օգնություն»:
Դատարանի այս մոտեցումն արդյոք շրջադարձային չի՞ լինի կառավարության որդեգրած քաղաքականության համար, որը միտված է մանկատներն ու գիշերօթիկ հաստատությունները բեռնաթափելուն: Նշենք, որ վերջին տարիներին հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր վիճակի հետեւանքով այդ հաստատությունները գերծանրաբեռնվեցին երեխաներով, որոնք նոր անվանում ստացան` սոցիալական որբեր: Հիշյալ հաստատություններում երկու տարի առաջ իրականացրած մեր լրագրողական ուսումնասիրությունից պարզվեց, որ դրանք ապաստան են դարձել ոչ թե ծնողազուրկ, այլ` սոցիալական ծանր պայմաններում գտնվող երեխաների համար, որոնց ծնողներն ի վիճակի չեն նրանց համար կենսապայմաններ ապահովել: Այսպես. Նորքի «Մանկան տանը» բնակվող երեխաների 98 %-ը միակողմանի ծնողազուրկ էին, իսկ երեխաներից երկուսը լիարժեք ծնողներ ունեին: Միայն մեկ երկկողմանի ծնողազուրկ երեխայի մասին խոսվեց: Նորքի «Մանկան տան» տնօրենի վիճակագրության համաձայն, 1988-1994 թթ. երեխաների թիվը կտրուկ պակասեցՙ մինչեւ 50 երեխա, 94թ.-ից կրկին աճ նկատվեց: Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հետ մանկատներում հայտնվեցին ծնողներ ունեցող, բայց տարբեր պատճառներով իրենց երեխաների խնամքից եւ դաստիարակությունից, նրանց օրինական շահերի պաշտպանությունից հրաժարված ծնողների երեխաներ:
Գավառի մանկատանը բնակվող 118 երեխաներից միայն մեկն էր երկկողմանի ծնողազուրկ, հիմնականում միայնակ մայրերի զավակներ են եւ սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ: Մանկատան երեխաների մոտ 70 %-ը սոցիալական վատ վիճակի պատճառով էին հայտնվել այնտեղ: Մանկատան տնօրենի ասելովՙ ծնողներ կան, որոնք կուզենային տուն տանել իրենց երեխաներին, եթե պետությունը ֆինանսապես օգներ նրանց: Գավառի մանկատնից վերջին երկու տարիներին ընդամենը 7 երեխա էր ընտանիք վերադարձել, որոնցից 4-ը նույն ընտանիքից էին:
Ստեղծված իրավիճակը ՀՀ կառավարությանը հարկադրեց փոխել իր քաղաքականությունը` մանկատներն ու գիշերօթիկ հաստատությունները ֆինանսավորելու փոխարենՙ գումարներն ուղղել ընտանքիներին: Վերջին տարիներին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության համակարգում երեխաների հիմնահարցերի հետ կապված մի շարք փոփոխություններ կատարվեցին: 2006 թ. ընդունվեց «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական բարեփոխումների քաղաքականության ռազմավարությունը»: Կառավարությունն ընդունեց ընտանիքում երեխայի ապրելու գաղափարախոսությունը, եւ այդ հիմնական գաղափարախոսությունից ելնելով առաջադրվեցին մի շարք խնդիրներ: Առաջին քայլերից մեկն էր ստեղծել երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մեկ ընդհանուր համակարգ եւ սահմանել գործողության մեխանիզմները:
«Նոր քաղաքականության գաղափարախոսությամբ պետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի երեխան մնա ընտանիքում, որովհետեւ երեխայի բնականոն զարգացման լավագույն ձեւը մնում է ընտանիքը: Այսինքն, պետք է ֆինանսական բոլոր միջոցներն ուղղել ոչ թե հաստատությունների զարգացմանն ու ընդլայնմանը, այլ` երեխաներին հաստություններից ընտանիք տեղափոխելուն»,- հայտնեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Լուիզա Ղարիբյանը:
Սոցիալապես անապահով երեխաների համար Գյումրիում եւ Երեւանում ստեղծվեցին երեխաների ցերեկային կենտրոններ: «Ֆինանսական հնարավորություններն ուղղեցինք ընտանիք, եւ ծնողները երեխաներին ուզում են տուն տանել անգամ մի փոքր նյութական աջակցության դեպքում, այդ փորձնական ծրագիրն իրականացրինք Լոռու մարզի մանկատանը, որտեղից երկու տարվա ընթացքում մոտ 80 երեխա վերադարձավ ընտանիք եւ կանխարգելվեց 20 երեխայի մուտքը հաստատություն»,- ավելացրեց երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Լուիզա Ղարիբյանը:
2007 թ. սեպտեմբերին ՀՀ կառավարության ընդունած որոշումով այդ երեխաների համար ստեղծված 7 հաստատություն կրթության նախարարությունից անցավ սոցիալական ապահովության համակարգՙ դառնալով երեխաների խնամքի ու հաստատության գիշերօթիկ հաստատություններ: Ինչպես նշեց Լ. Ղարիբյանը, ելնելով երեխաների իրավունքների տեսանկյունիցՙ որոշվեց, որ նրանք կրթություն կստանան սովորական հանրակրթական դպրոցներում, որովհետեւ փորձը ցույց տվեց, որ այդ հաստատություններում ո՛չ խնամքն էր կատարյալ, ո՛չ կրթությունը:
Անցյալ տարվանից մոտ 5000 երեխաներից այսօր 600-700 են մնացել երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատություններում: «Մենք երեխաների խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ ընդունելությունից առաջ կարգ գրեցինք, որով հստակ սահմանվեցին այն չափանիշները, թե ովքեր կարող են ընդունվել այդպիսի հաստատություն, եւ այնտեղ նույնիսկ մի խիստ կետ գրեցինք, ըստ որի ծնողն ամեն շաբաթ պետք է երեխային տուն տանի: Եթե չանի` նրան կարող են զրկել ծնողական իրավունքից եւ երեխային փոխադրել մանկատուն: Այլ երկրներում զրկում են ծնողական իրավունքից, երբ նրանք հրաժարվում են իրենց երեխային խնամելուց»: Երեխայի բաժնի գլխավոր մասնագետի ասելովՙ նախարարությունը դեռեւս չի դիմել այդ քայլին, սակայն «ծնողները, եթե մտածում են, թե էլ ինչ միջոցների դիմել, որ այդ 1000 դրամը խնայեն իրենց երեխայի հաշվին` ուրեմն պետք է զրկել ծնողական իրավունքից»:
Այդ դեպքում պետությունը մի շարք արտոնություններ է սահմանում նրանց համար. որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխայիՙ բնակարան է հատկացնում, կարող է հանձնել որդեգրման, անվճար կրթություն ստանալու հնարավորություն է ընձեռում, ամսական 17-18000 դրամ կենսաթոշակ է վճարում եւ այլն:
Փաստաբանների պալատին կից գործող ակումբում հավաքված մի խումբ փաստաբաներ քննարկեցին վճռաբեկ դատարանի մոտեցումը` ալիմենտի գումարի չափի համար հիմք ընդունել բազային տուրքի չափը` 1000 դրամ, թե՞ պետք է հիմք ընդունել նվազագույն աշխատավարձը, ինչպես նախկինում էր արվում: Քննարկման մասնակիցների եզրահանգումն այն էր, որ այս հարցում պետք է գերակա լինի երեխայի շահը, իսկ դատարանի մոտեցումը, որ երեխան կարող է ապրել օրական 33 դրամով, մեղմ ասած, իրատեսկան չէ: Բացի այդ, ո՞րն է 1000 դրամ սահմանելու տրամաբանությունը, եթե ծնողը չի աշխատումՙ ինչպե՞ս պետք է վճարի նաեւ սահմանված 1000 դրամը: Դրանով խախտվում են երեխայի այն բոլոր իրավունքները, որոնք ամրագրված են ՀՀ օրենսդրությամբ եւ «Երեխայի իրավունքների մասին» միջազգային կոնվենցիայով, որը վավերացրել է մեր երկիրը:
Փաստաբանները ներկայացրին նաեւ մեր իրականության մեջ առկա իրավիճակը, երբ ծնողներն իրարից վրեժ լուծելու մղումով զանազան միջոցների են դիմում ալիմենտ վճարելուց խուսափելու համար, հատկապես, երբ խոսքը մեծ գումարների մասին է: Նման իրավիճակներին նպաստում է մեր երկրում առկա ստվերային տնտեսությունը, որը ծնողներին հնարավորություն է տալիս դատարանում հայտարարել, որ չեն աշխատում, իսկ դատարանն էլ չի ստուգում ոչ արված հայտարարությունը, ոչ էլ հաշվի են առնվում այն կենցաղային պայմանները եւ սոցիալական կենսաապահովման մակարդակը, որում երեխան բնակվել է մինչեւ ծնողների ամուսնալուծվելը («Ընտանեկան օրենսգիրք» 71 հոդված, 2-րդ մաս):
UNISEF-ի երեխայի իրավունքի պաշտպանության բաժնի ղեկավարի տեղակալ Արտակ Ներսիսյանի կարծիքովՙ դատարանի այս մոտեցումով, իրոք, ոտնահարվում են երեխայի իրավունքները: Նման դեպքերում երեխայամետ վճիռներ պետք է կայացվեն: «Հայաստանը, եթե միացել է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային, ուրեմն պարտավոր է իրականացնել այն»,- հայտնեց Ա. Ներսիսյանը:
ABA/ROLI հայաստանյան գրասենյակի իրավաբան-փորձագետ Բարբարա Էդինից ցանկացանք ճշտել, թե ինչ քաղաքականություն կորդեգրեր ԱՄՆ դատարանը նման դեպքերում` հիմք կընդունե՞ր ծնողի գործազուրկ լինելու վերաբերյալ արված հայտարարությունը եւ չէ՞ր ստուգի նրա իրական եկամուտները:
«Այդ դեպքում պարտադիր կստուգի, թե ծնողն ինչո՞ւ է գործազուրկ, կամավո՞ր գործազուրկ է, թե՞ հրաժարվում է աշխատանքից, որպեսզի գումար չվճարի իր երեխային կամ ավելի ցածր աշխատանքի կանցնի, որպեսզի ավելի քիչ վճարի: Դատարանը կուսումնասիրի ալիմենտ վճարողի կրթությունը, աշխատանքային փորձը եւ եթե տեսնի, որ իր փորձով ու կրթությամբ ավելի բարձր վարձատրվող աշխատանքի հնարավորություն ունի` այդ դեպքում երեխայի ալիմենտն ավելի բարձր կնշանակի», ասաց նա:
Այս մոտեցումը ԱՄՆ բոլոր նահանգների համար գրեթե նույնն է` որոշակի կայուն գումար է սահմանված եւ այդ նվազագույն գումարն ընդունելի է բոլոր նահանգների համար: ԱՄՆ-ում խիստ են կանոնները ալիմենտի վճարման հարցում, որովհետեւ գումարը գնում է երեխային, նա պետք է կարողանա նորմալ ապրել, կրթություն ստանալ եւ այլն: Վճարվող գումարը նրա աշխատավարձից միանգամից փոխանցվում է երեխայի հաշվին: Հարկերի վճարումից, եթե ավել գումարը վերադարձվում է` դա նույնպես փոխանցվում է երեխայի հաշվին: Բացի այդ, ալիմենտի գումար սահմանելիս դատարանը հաշվի է առնում նաեւ այլ հանգամանքներ: Դրանցից մեկը` մայրն աշխատո՞ւմ է, թե ոչ, երեխային խնամող վարձելու կարիք լինո՞ւմ է օրվա մեջ, երեխան հատուկ կարիքներ, օրինակ, բժշկական հատուկ ծառայության կարիք ունի՞, թե ոչ: Մեր այն հարցին, թե դատարանը երեխայի համար բավարար պայմաններ չապահովելու դեպքում ծնողին կզրկի՞ ծնողական իրավունքից, Բարբարա Էդինը պատասխանեց. «Դատարանն այդ հարցում շատ խիստ է, ամեն ինչ անում է, որ երեխան տեսնի ծնողին: Հաճախ, երբ ծնողներից մեկը բավարար գումար չի ունենում` դիմում է սոցիալական ծառայություններին, որ նրանք աջակցեն: Սակայն կալանքի կարող է ենթարկվել ալիմենտը չվճարելու համար:
Համեմատության համար նշենք, որ վճռաբեկ դատարանի վիճակագրության համաձայնՙ 2006 թ. ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ 132 հայց է ստացվել, 2007թ. 56 դեպք է գրանցվել: Պատճառները մեզ հայտնի չեն, սակայն չի բացառվում, որ առանցքում հենց ալիմենտի նվազագույն չափը լինի:
«Փաստաբան» ամսագիր, թիվ 7