«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2008-09-19 | #172, 2008-09-20 | #173, 2008-09-23


ՓՈՔՐԻԿ ԵՐԿՐԻ ՄԵԾ ՄՐՑԱՆԱԿԸ

Անցյալ ուրբաթ օրը, Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակի հոբելյանական հանդիսությանը, վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, թե Հայաստանի Հանրապետության նախագահի հովանու ներքո Վիկտոր Համբարձումյանի անունով 500.000 դոլար միջազգային մրցանակ է սահմանվել աստղաֆիզիկայի բնագավառում նվաճումների համար, տարակուսանքով ընդունվեց ոմանց կողմից: Եվ դա բնական է, բայց միայն առաջին հայացքից: Մի փոքրիկ երկիր, ինչպիսին Հայաստանն է, իր սուղ պայմաններում, դեռեւս չլուծված բազմաթիվՙ սոցիալական, կրթական եւ այլ հարցերի բեռի տակ, իրեն այսպիսի շքեղություն է թույլ տալիս եւ համարձակվում այդքան մեծ գումարի պարգեւ խոստանալ համաշխարհային աստղաֆիզիկայի զարգացման համար, կա՛մ մեծամտությամբ է տառապում եւ կամՙ ցուցամոլությամբ:

Դժգոհողների պակաս չի զգացվում նաեւ մեր գիտական շրջանակներում: Երկիր, որի ներկայիս բյուջեում գիտության զարգացման համար նախատեսված է ընդամենը 10 մլն դոլարի չափ գումար, իսկ հենց Բյուրականի աստղադիտարանն ունի գումարների խիստ կարիք, ասում են նրանք, չի կարող նման մսխում թույլ տալ իրեն: Մանավանդ երբ, շարունակում են նրանք, երկրի գիտական ներուժը գրեթե ամբողջովին փուլ է եկել եւ գիտնականներից շատերը ոչ պատվեր եւ ոչ էլ հնարավորություն ունեն ոչ միայն գիտահետազոտական աշխատանքով զբաղվելու, այլեւ սեփական կենսագործությունն ապահովելու:

Անտեղի չեն այս եւ նման դժգոհությունները: Բայց այդ բոլոր հակաճառությունները նսեմանում են, երբ սկսում ենք մեծ մտածելՙ համաշխարհային չափերով: Այդպես մեծ էր մտածել նորվեգացի մեծահարուստ գիտնական եւ արդյունաբերող Ալֆրեդ Նոբելը, երբ իր երկրում 1901-ին հաստատում էր իր անվան մրցանակՙ անհամեմատ ավելի մեծ պարգեւներով: Եվ 107 տարի արդեն Նորվեգիայի տեղն անգամ չիմացողները գիտեն, որ Նոբելյան մրցանակներն այդ երկրի թագավորական հանձնաժողովն է տրամադրում գրականության, գիտության եւ խաղաղության ասպարեզներում:

Այս մրցանակով, փաստորեն, Հայաստանը վերահաստատում է իրեն թեկուզ ավելի նեղՙ աստղաֆիզիկայի աշխարհում, միաժամանակ շեշտելով, ինչպես վարչապետ Տիգրան Սարգսյանն էր ընդգծում հիշյալ ելույթում, իր նվիրվածությունը գիտությանը եւ հարգանքը իր մեծ զավակներից մեկի հանդեպ:

Փոքր երկրները որոշ ասպարեզներում ստիպված են ավելի մեծ բանալ կարկինըՙ հանուն ճանաչելիության ու հեղինակության: Այս պարագայում Հայաստանը կատարեց ճիշտ քայլՙ ճիշտ ուղղությամբ: Պայման է միայն, որ հետագա քայլերըՙ միջազգային հեղինակավոր ժյուրիի կազմություն եւ այլն, լինեն համապատասխան մակարդակի:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4