«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2008-09-19 | #172, 2008-09-20 | #173, 2008-09-23


«ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆՎԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ», ԱՍԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «պետք է ընդունվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»:

Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հանրապետության ղեկավարն այս մասին ասել է սեպտեմբերի 20-ին մի խումբ միջազգային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով հետեւյալ հարցին.

«Ասում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված կողմերը պետք է գան որոշակի ընդհանուր հայտարարի: Այս առումով ո՞րն է փոխզիջումների սահմանը, ո՞րն է այն կարմիր գիծը, որից այն կողմ Հայաստանը երբեք չի անցնի: Եվ ընդհանրապես, Հայաստանը տեսականորեն պատկերացնո՞ւմ է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում` ֆեդերատիվ պետության կամ որեւէ այլ ձեւով»:

Հանրապետության նախագահն ասել է.

«Մենք այդ գծի մասին հայտարարել ենք շատ վաղուց, առնվազն 14 տարի առաջ, երբ զինադադար էինք կնքում, եւ եւս մի քանի անգամ դրանից հետո: Այդ գիծն այն է, որ պետք է ընդունվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Այսինքն, խնդիրը հետեւյալն է. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հազարավոր տարիներ ապրել է այս տարածքում եւ հիմա պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հնարավորություն ունենա շարունակելու իր անվտանգ գոյությունը այդ տարածքի վրա: Այն ժամանակաշրջանը, իսկ դա խորհրդային ժամանակաշրջանն էր, երբ Ղարաբաղը գտնվել է Ադրբեջանի կազմում, ցույց է տվել, որ անհնար է Լեռնային Ղարաբաղի անվտանգ գոյակցությունը Ադրբեջանի կազմում: Ինչ վերաբերում է տեսական տարբերակին` կարո՞ղ է ինչ-որ կերպ Ղարաբաղը լինել Ադրբեջանի կազմում կամ ոչ, ես կարող եմ պատասխանել, որ դա կարելի է որոշել հանրաքվեի միջոցով` հարցնելով ղարաբաղցիների կարծիքը: Բայց ես համոզված եմ, որ գոնե մոտ ժամանակներս, ինչ էլ լինի, ցանկացած հանրաքվե միայն մի արդյունք կունենա` ղարաբաղցիները չեն ցանկանա լինել Ադրբեջանի կազմում: Ես ասել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որ եթե ադրբեջանցիները ցանկանում են ցույց տալ, որ լրջորեն հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղի անվտանգ կյանքի ու ապագայի հարցերում, թող ներդրումներ կատարեն, լուրջ ներդրումներ կատարեն Լեռնային Ղարաբաղում, ապացուցեն, որ Ադրբեջանը պատրաստ է ներդրումներ անելու եւ համոզելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որ Ադրբեջանը կարող է երաշխավոր լինել իրենց անվտանգության: Գուցե դրանից հետո հանրաքվեի ժամանակ ղարաբաղցիները ցանկություն հայտնեն լինելու Ադրբեջանի կազմում: Եթե մի օր հրաշք պատահի եւ Լեռնային Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, շատ կարճ ժամանակ անց այնտեղ ոչ մի հայ չի մնա»:

«Այսօր մեր օրակարգում Հարավային Օսիան եւ Աբխազիան ճանաչելու խնդիր չունենք», ասել է ՀՀ նախագահը

Հանրապետության ղեկավարն այս մասին ասել է սեպտեմբերի 20-ին մի խումբ միջազգային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաեւ «Մեդիամաքսի» թղթակիցը:

ՀՀ նախագահը, մասնավորապես, պատասխանել է հարցերին, թե Հայաստանն ինչո՞ւ չճանաչեց Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը եւ պատրա՞ստ է արդյոք ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

«Ոչինչ չի կարող բացառվել: Այսօր մեր օրակարգում Հարավային Օսիան եւ Աբխազիան ճանաչելու խնդիր չունենք: Միգուցե Ձեզ համար տարօրինակ թվա, որ մենք մշտապես եղել ենք ինքնորոշման իրավունքի կողմնակից, բայց չենք ճանաչել Կոսովոն, Հարավային Օսիան եւ Աբխազիան: Մեր մոտեցումը պարզ է. մենք ինքներս ունենք նման խնդիր` Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Մենք չենք կարող ճանաչել Կոսովոն, Հարավային Օսիան եւ Աբխազիան նախքան Լեռնային Ղարաբաղի ճանաչումը: Իսկ ինչո՞ւ չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Որովհետեւ այսօր մենք Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ենք եւ ցանկանում ենք խնդրի լուծմանը հասնել խաղաղ բանակցությունների ճանապարհով: Հիշո՞ւմ եք, որ Կոսովոյի եւ մյուս դեպքերում էլ ասվում էր, որ ճանաչումը վերջին միջոցն է: Եթե որեւէ այլ միջոց չմնա, ապա Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը», նշել է ՀՀ նախագահը:

ՄԵԴԻԱՄԱՔՍ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4