Ըստ «Արմենպրեսի», ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն պատերազմն ինքնասպանություն է համարում, որը չի կարող օգնել լուծելու ղարաբաղյան հակամարտությունը: «Վերջերս Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները պարզորոշ ցույց տվեցին, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները իրավացի էին, պնդելով, որ պատերազմն ինքնասպանություն է, որեւէ արդյունք չի տա եւ չի կարող ծառայել ղարաբաղյան հակամարտության լուծմանը», ասել է Ֆասիեն Բաքվում կայացած ասուլիսում, որը նվիրված էր տարածաշրջան նրա այցին: Ֆրանսիացի դիվանագետը հաջորդաբար այցելել էր Հայաստան, ԼՂՀ, Վրաստան եւ Ադրբեջան: Նա նշել է, որ մարտական գործողությունները սկսվելու դեպքում, անկախ այն բանիցՙ ով հաղթող դուրս կգա եւ ով կպարտվի, ինքնասպանություն է բոլորի համար: Ֆրանսիացի համանախագահն ընդգծել է հակամարտության կարգավորման նոր մոտեցումներ կիրառելու կարեւորությունը եւ որպես դրական պահ է նշել Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերություններում դիտվող տեղաշարժերը: