Անգործության 100-րդ օրվա առթիվ
Pressօmania-ին ուղեկցող ախտածին երեւույթներ
Լրացել է աշխատանքիցս ազատվելու 100-րդ օրը: Այդ առթիվ մամուլի ասուլիս տալու համար լրագրողներին հավաքեցի գլխիս:
Բացման խոսքից հետո ինձ ձայն տվեցին:
«Իմ շատ սիրելի լրագրողներ, պիտի ասեմ, որ անգործությանս առաջին իսկ օրերից լծվեցի նոր աշխատանք գտնելու դժվարին, սակայն պատվավոր գործին: Հենց սկզբից ասեմ, որ բոլոր այն կազմակերպություններին, որոնց դիմում էի, հարցերի տարափ էին գլխիս թափում.
- Ինչո՞ւ են քեզ աշխատանքից ազատել,- ասում էին նրանք:
- Չեն ազատել, ես եմ ազատվել,- պատասխանում էի ես:
- Ի՞նչ երաշխիք, որ մեր մոտից էլ չես ազատվի:
- Ազնիվ խոսք, չեմ ազատվի:
- Ազնիվ խոսքը հիմա ամերիկյան դոլարի նման օր օրի արժեզրկվում է, ավելի լավ է մեզ ներկայացնես եվրոչափանիշներին համապատասխանող ընդունակություններ:
- Գիտեմ մի քանի լեզուներ, թվարկեմ` հայերեն...
- Դա հեչ:
- Ռուսերեն:
- Դա էլ հեչ:
- Ադրբեջաներեն:
- Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները խզված են:
- Վրացերեն:
- Վրացիները վերջերս իրենց լավ չեն պահում մեր ռազմավարական գործընկերոջ հետ:
- Թուրքերեն:
- Այլեւս պետք չէ: Գյուլը եկավ, երկու գյոլ խփեց, գնաց:
- Անգլերեն:
- Վտանգավոր է, մի փոքր նեղացնենք, Եվրոդատարան կդիմես:
- Տիրապետում եմ համակարգչի, գիտեմ Word, Excel:
- Մանկապարտեզի ամեն սան գիտի դրանք:
- Մարկետինգ գիտեմ, մենեջմենթ գիտեմ:
- Քիչ է:
- Երգել, պարել, նկարել գիտեմ:
- Ուրիշ:
- Մարդկանց հետ աշխատելու, մարդկանց գլուխը ֆռռցնելու արվեստին եմ տիրապետում:
- Դու մեզ հետաքրքրեցիր, Էլ ի՞նչ գիտես:
- Ինչ մտքերովդ անցնի,- ոգեւորվեցի ես:
- Քեզ համար ո՞վ կարող է երաշխավորել:
- Մեր թաղի տղերքը:
- Քիչ է:
- Զոքանչս:
- Քեզ պահիր:
- Ընտանիքիս բոլոր անդամները:
- Չի անցնի:
- Մի ընկեր ունեմ, հայտնի լրագրող է, նա հաստատ կերաշխավորի:
- Հարցեր չունենք, մեզ մոտ թափուր տեղ չկա:
Սկզբում ես գլխի չէի ընկնում, թե ինչու իմ բախտի անիվը այդպես կտրուկ շրջվում էր: Ես դա հասկացա իմ անգործության 100-րդ օրը: Անցած 100 օրերի ընթացքում ես բազում տեղեր դիմեցի, ամենուր ինձ համար երաշխավորողներ էին պահանջում, ես էլ, որպես ինձ լավ ճանաչողների, ձեր անունն էի տալիս: Պարզվեց, որ դա իմ միակ սխալն էր, որ գործեցի իմ անգործության 100 օրվա ընթացքում: Հենց դրա համար էլ ինձ տեղնուտեղը մերժում էին:
Եկել եմ ձեզ ասեմ, որ դուք մարդկանց հետ ընկերություն չանեք, ծանոթություն չունենաք, դուք դժբախտացնում եք մարդկանց: Եկել եմ նաեւ ձեզ ասեմ, որ ձեռ քաշեք էդ փեշակից: Ճիշտ կանեք` դուք էլ մեր նման անգործների շարքը մտնեք, հետո ինչքան ուզում եք գրեք, միեւնույն է, դուք անգործ չեք մնա, ձեզ համար գրելու թեմա միշտ էլ կճարվի:
Ա՛յ մարդ, դուք տունուտեղ, ճիժուբիժ չունե՞ք, ինչո՞ւ եք մարդկանց հացին վայիս դառնում: Էսքան ծեծուջարդ կերաք, էլի խելքի չեկա՞ք: Տո, ձեր ի՞նչ գործն է, թե մեր ղեկավարները խաբում են մեզ, թե շատը իրենք են ուտում, քիչը մեզ տալիս, ղեկավար մարդ են, ո՞նց կլինի, եթե քիչը իրենք պիտի ուտեն, էլ ինչո՞ւ են ղեկավար դառնում: Իրենց հասնում է ուրեմն: Գլխավորըՙ էդ մարդիկ մեզ չեն նեղացնում, ասում ենՙ գնացեք ձեզ համար հանգիստ ապրեք: Դե, մենք էլ լավից-վատից ապրում ենք, սոված հո չենք մեռնում: Փոխանակ շնորհակալ լինենք էս մարդկանցից, դեռ մի բան էլ դժգոհում ենք:
Մի խոսքով, ինչքան ձեզ լսեցի, ձեր գրածները կարդացի, էնքան գործերս թարսվեցին, հիմա էլ մնացել եմ անգործ, ու ոչ մեկը գործի չի ընդունում: Իմ անգործության 100 օրվա գլխավոր ձեռքբերումն այն է, որ ես այլեւս թերթ չեմ կարդալու եւ հեռուստացույց չեմ միացնելու, հանգիստ եւ անխռով պիտի անցկացնեմ կյանքիս մնացած օրերը: Հիմա գնացեք, ինչ կուզեք, գրեք, մեկ էՙ ես չեմ կարդալու: Այսքանը»:
Թերթերի ու հեռուստատեսությունների մի մասը այս ասուլիսից հետո մեկնաբանեցին, որ Հայաստանում գործազրկությունը շեշտակիորեն նվազելու է, մյուս մասըՙ ընդհակառակը, աննախադեպ աճելու է:
Երկուսն էլ համոզված էին իրենց ճշմարտացիության մեջ, երկուսն էլ գոյության իրավունք ունեն:
ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հրազդան